Ցորենի, շաքարի, ալյուրի՝ ՌԴ-ից ՀՀ արտահանման քանակները, կարծում եմ, կպահպանվեն

Ցորենի, շաքարի, ալյուրի՝ ՌԴ-ից ՀՀ արտահանման քանակները, կարծում եմ, կպահպանվեն

Երեկ խանութներում հայտնվեց շաքարավազ, որի մեծածախ գինը մոտ 550-560 դրամ է: Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետների ցանցում մեկ կիլոգրամ շաքարավազի գինը տատանվում էր միջինը 550-760 դրամի սահմաններում: Ամռան ամիսների համեմատ փոփոխությունը կրկնակի է: Ձեթի կես լիտրը երեկ մթերային խանութներում 690 դրամ էր, ռուսական ձեթի 1 լիտրի գինը՝ 1200-1320: Հացը դեռ չի թանկացել, սակայն մատակարարներն արդեն զգուշացրել են մանր խանութների տերերին, որ պահեստներում ալյուրի քանակի սպառման պես իրենք էլ են գին թանկացնելու:

Կկարողանա՞ արդյոք Հայաստանը խուսափել պարենային ճգնաժամից, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ այլ երկրներ, իսկ Հայաստան ներմուծվող ցորենի 90 տոկոսից ավելին բերվում է այդ երկրից: Ռուսաստանից է բերվում նաեւ ձեթի 90 տոկոսը: Ի՞նչ պետք է անել պարենային կոլապսից խուսափելու համար: Հարցերի շուրջ զրուցեցինք գործարար, նախկինում ՀՀ մաքսային համակարգում աշխատած, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի հետ: 

- Որքանո՞վ է դիվերսիֆիկացված մեր ցորենի շուկան:  

- Մի պահ կար՝ 2011-2012 թթ․, մենք հացահատիկի առումով 60 տոկոսով ինքնաբավ էինք, բայց, ընդհանուր առմամբ, միշտ էլ ներմուծել ենք: Բացի Ռուսաստանից, ալյուրը գալիս էր Ուկրաինայից, Բելառուսից, Իտալիայից: Արցախից էինք մեծ քանակով ցորեն ներմուծում: Հիմա Արցախի ցանքատարածքների մեծ մասն այն 5-7 տարածքներում է, որոնք, ցավոք, մեր տրամադրության տակ չեն: Ուկրաինայից անհնար է ոչինչ բերել, որովհետեւ հյուսիսային նավերը չեն աշխատում, Ղրիմը չկա, Օդեսայի նավերը խոցվել են: Կանադայից եւ ԱՄՆ-ից, որոնք ցորենի մեծ արտադրողներ են, մենք երբեք ցորեն չենք բերել՝ հաշվի առնելով, որ գնային առումով ՌԴ-ից ավելի ձեռնտու է եղել: Այսօր ՌԴ-ից ներմուծումը եւ արտահանումը լացակումած վիճակում են: Լարսը դեռ մեկ շաբաթ էլ փակ է լինելու՝ եղանակի պատճառով: Այս տարի եղանակային պայմանները շատ վատ են ազդում ե՛ւ ներմուծման, ե՛ւ արտահանման վրա: Մի շարք ապրանքներ անգամ ռուբլու կուրսի ներկայիս պայմաններում չեն կարողանում գնալ Հայաստանից Ռուսաստան: Լաստանավը կարող էր փրկություն լինել: Ես կառավարության առաջ մի քանի անգամ բարձրացրել եմ լաստանավի հարցը, վերջին անգամ քովիդի հետ կապված խորհրդակցության ժամանակ էր: Տեղաշարժ չկա: 

- Ոմանք վստահ են, որ մեր շուկայում լարվածությունն ավելի շատ Լարսի փակ լինելու հետեւանք է, քան ուկրաինական դեպքերի: Եթե Լարսը բացվի, գները կիջնե՞ն: Այսօր շաքարավազի մեծածախ գինը հասնում էր 560 դրամի: Այս պահին ի՞նչ օպերատիվ իրավիճակ է արտահանման-ներմուծման առումով՝ ռուբլու կուրսի անկման պայմաններում:  

- Շաքարավազի մասով արտադրողին է պետք տալ այդ հարցը, որովհետեւ սովորաբար Հայաստանում գոնե 1-2 ամսվա պաշար՝ ցանկացած ապրանքի, լինում է: Շաքարավազի արտադրական պրոցեսը մեզ մոտ է ավարտվում: Այլ հարց է, որ նավթի ու գազի միջազգային գներն ահավոր բարձրացել են: Բայց այսօր մենք, չգիտես ինչու, դիտարկում ենք միայն ռուսական ռուբլու անկումը: Ի դեպ, չնայած ռուբլին էժանացել է, բայց ապրանք ներմուծողը չի կարողանում ռուբլին շատ էժան առնել, որովհետեւ բանկային համակարգում սպեկուլյատիվ իրավիճակ է, երբ որ 3,5-4 դրամով մեկ ռուբլին առնում են, 4,5-5 դրամով ծախում: Բանկերը փորձում են էլի ամենամեծ եկամուտը գեներացնել՝ օգտվելով այս նեղ վիճակից: Պետք է, իմ կարծիքով, կառավարությունը եւ ԱԺ-ն անհապաղ ԿԲ-ի ուշադրությունը հրավիրեն բանկերի այս աշխատաոճի վրա: Բանկն օրվա ընթացքում ռուբլու վաճառքի մեջ 15-20 տոկոս փող է աշխատում: ԿԲ-ն սահմանում է, դիցուք՝ 4,55 դրամ, բայց տեսեք, թե մեր կոմերցիոն բանկերն ինչ կուրսով են առնում ու վաճառում: Մեր արտադրողները ողբալի վիճակում են հայտնվել, որովհետեւ ապրանքն արտահանում են ՌԴ, իսկ ռուբլու կուրսը 50-60 տոկոսով ընկել է: Այս պարագայում բանկի կուրսը 6-ից իջել է 4,8-5 դրամի, իսկ ռուսական ապրանքը ՌԴ-ում թանկացել է: Օրինակ, ՌԴ շուկայում ձեթի գինը 40 տոկոսով թանկացել է, ցորենը թանկացել է: Ինչքան էլ զսպող մեթոդներ է ՌԴ կառավարությունը կիրառում, ՌԴ տնտեսվարողները թանկացնում են ապրանքի գինը, քանի որ դրանք միջազգային բորսայում վաճառվող ապրանքներ են, եւ, ելնելով բորսայական գներից, ապրանքների գինը բարձրացնում են: Իսկ հայ գործարարը ստիպված է լինում այդ գնով ձեռք բերել կամ փոքր-ինչ պաուզա է տալիս, որ գնագոյացումը հասկանա, թե արդյոք շուկան պատրա՞ստ է այս գնով ձեռք բերել ապրանքը, թե՞ չէ: Ընդ որում՝ պետությունը գործիքակազմ չունի՝ զսպելու գնաճը, որովհետեւ հակամենաշնորհային մարմինը չի կարող գործարարին մեղադրել, որ նա թանկ է վաճառում, որովհետեւ ներմուծված ապրանքի ինքնարժեքն է բարձրանում: Լարսի փակման պատճառով տրանսպորտի գներն են բարձրացել՝ մոտ 10-12 տոկոսով: Եթե նախկինում 2,8-3000 դոլարով մեկ ավտոմեքենան Մոսկվայից Երեւան փոխադրում էր կատարում, հիմա գինը բարձրացել է 3500-3600 դոլարին համարժեք: 

- Լարսի բացումը չի՞ մեղմի վիճակը: 

- Կարծում եմ, որ մեր կառավարության անդամներն անընդհատ օպերատիվ կապի մեջ պետք է լինեն ՌԴ կառավարության հետ, որ Լարսի անցակետում կանաչ ուղիներ սահմանեն, որ, ասենք, կես օր կամ մի օր տրանսպորտային միջոցի փաստաթղթեր չձեւակերպեն, որ դա տեւի 15-30 րոպե, լավ՝ մի ժամ, ոչ թե օրերով սպասեն: 

- Ձեթի մասին՝ խանութներից կրում տանում են, հնարավո՞ր է, որ այդ պատճառով գինը բարձրանա, հիմա սա արհեստական դեֆիցի՞տ է, թե՞ իրոք ձեթ չկա: 

- Սա արհեստական դեֆիցիտ չէ: Քանի որ ձեթի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն Ուկրաինան էր, եւ միջազգային գները բարձրանում են, ձեթի գինը 40 տոկոսով բարձրացել է՝ ռուբլով: Հասկանալ, թե որն է լինելու ստաբիլ գինը, բարդ է: Ես չգիտեմ՝ ձեթ ներմուծողներն ինչ ծավալի մնացորդ ունեն կուտակած: 

- Մարդիկ վախից գնում, պահեստավորում են: Արդարացվա՞ծ է նրանց վախը: 

- Չմոռանանք, որ դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչեւ մոտ 520 դրամ, եւ բորսայական ապրանքների գների հետ կապված՝ մենք ունենք կրկնակի խնդիր՝ եւ այդ ապրանքների միջազգային գինը դոլարով թանկացել է, ռուբլու փոխարժեքն է ընկել, ինչը, նկատի ունենալով մեր խոր կապը ՌԴ տնտեսության հետ, անմիջականորեն անդրադառնում է ՀՀ տնտեսության վրա: 

- ՌԴ-ն արգելել է հացահատիկ արտահանել ԵԱՏՄ երկրներ, որքանո՞վ է դա օրինական, որքանո՞վ է համապատասխանում ԵԱՏՄ օրենքներին: 

- Այդ արգելքը ոչ սակագնային կարգավորման մեխանիզմ է, ամեն երկիր իրավունք ունի այն կիրառել ապրանքների տեղափոխման համար: Եթե մենք նայում ենք ՌԴ ընդունած այդ փաստաթուղթը, նշվում է, որ քվոտաներով եւ հատուկ թույլտվություններով կարող է արտահանում իրականացվել: Ես ավելի քան համոզված եմ, որ Ռուսաստանը՝ որպես դաշնակից, գործընկեր երկիր, Հայաստանի համար կսահմանի արտոնություններ: Ցորենի, շաքարի, ալյուրի արտահանման քանակները, կարծում եմ, կպահպանվեն, եւ Հայաստանը կկարողանա օգտվել բարեկամ երկրի կարգավիճակից: 

- Ի՞նչ պետք է անի կառավարությունն այս պայմաններում: 

- Նախեւառաջ՝ ՀՀ խոշոր ներմուծողների հետ խորհրդակցելով, ՌԴ համապատասխան գերատեսչության հետ, որը տալիս է թույլտվությունները, պետք է փորձի համաձայնեցնել պարենի քվոտաները, որ Հայաստանում սննդի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: Կարծում եմ, ներմուծման հետ կապված՝ պետք է տնտեսական ոլորտային ներկայացուցիչներից օպերատիվ շտաբի պես մարմին լինի, որը պետք է կարողանա օպերատիվ որոշումներ կայացնել: Այսօր տնտեսական համաշխարհային պատերազմ է սկսվել, եւ մենք՝ որպես խելացի ազգ, պարտավոր ենք համախմբված դիմակայել դժվարություններին: 

- Ի վերջո՝ պարենային դեֆիցիտ, ճգնաժամ կլինի՞ մեզ մոտ, թե՞ ոչ: 

- Հաշվի առնելով, որ Հայաստանը սննդամթերք ներմուծող պետություն է, եւ որ Հայաստանին աշխարհի մյուս երկրները հանգիստ մատակարարում են սննդամթերք եւ ապրանք, կարող է գնային տեսակետից խնդիրներ առաջանան շուկայում, սակայն, որպես այդպիսին, դեֆիցիտի խնդիր չեմ սպասում: