Եթե իշխանությունն ընդունել է կրավորական կեցվածք, ապա հայությունը պետք է ստորագրի այս փաստաթղթի տակ

Եթե իշխանությունն ընդունել է կրավորական կեցվածք, ապա հայությունը պետք է ստորագրի այս փաստաթղթի տակ

Ի պաշտպանություն Արցախի հասարակական նախաձեռնությունը «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ հայտարարություն է տարածել, նշելով, որ պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ սուբյեկտ: Հայտարարության մեջ ասվում է` «Մենք առաջարկում ենք միասնաբար ստորագրել մի փաստաթուղթ, որում ամրագրված են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ձևավորման և կայացման իրավական փաստարկները։ Ազգային միասնությունը հաստատող այս քայլով, մենք ՄԱԿ-ի անդամ պետություններին կներկայացնենք հայության միասնական դիրքորոշումը Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի հարատև գոյության և նրա ճանաչման անհետաձգելի կարևորության վերաբերյալ»։ Այս մասին «Հրապարակը» զրուցել է «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, պատերազմ պարտվեցինք, Արցախը ջլատվեց.... նման պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի անկախության ճանաչումը: Գրեթե 30 տարի, հաղթանակած Արցախը մնացել էր «օդում կախված»: Այն ժամանակ, երբ դա հնարավոր էր եւ օգտակար, չարվեց, հիմա որքանո՞վ է Ձեր ցանկությունն իրատեսական:

- Արցախահայությունը կիրակի օրը մասնակցելով հանրահավաքին, պահանջ դրեց հայության առաջ` միասնաբար, պաշտպանել Արցախը: Մենք տարիներ շարունակ ասել ենք, որ Արցախի Հանրապետության ձևավորման օրինականությունը փաստարկված է, բայց անկախությունն առաջին հերթին պետք է Հայաստանի Հանրապետությունը ճանաչի և գործադիր և հատկապես օրենսդիր մարմիններով, ինչն այս տարիների ընթացքում պարզապես չի եղել: Հիմա մենք կարծում ենք, որ եթե օրվա իշխանություններն ընդունել են կրավորական կեցվածք, ապա հայությունն ինքը պետք է ստորագրի մի փաստաթղթի տակ, որում ներկայացված կլինեն իրավական այն փաստարկները, որոնք հաստատում են այն փաստը, որ Արցախը, դուրս գալով Ադրբեջանի կազմից, չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը և առհասարակ իր ձևավորման ողջ գործընթացում համապատասխանել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին: Մենք ունենք մշակված փաստաթուղթ և կարծում ենք, որ բոլոր այն հասարակական-քաղաքական կառույցներն ու անհատները, որոնք համաձայն են մեր դիրքորոշմանը, պետք է այս փաստաթղթի տակ ստորագրեն: Մենք պատրաստ ենք քննարկել նրանց հետ այդ հարցերը: Բոլոր այս գործընթացներից հետո` փաստաթղթերը պետք է ներկայացնենք ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին, որպես հայության հիմնական դիրքորոշում` Արցախի հարցի վերաբերյալ: Սա անհրաժեշտ է գոնե այնքանով, որ մեր բարեկամ պեությունները, որոնք ասում են Արցախն Ադրբեջանի մաս է, քանի որ ոչ մեկը դրա անկախությունը չի ճանաչել՝ մենք ի՞նչ անենք, կարողանանք նրանց հակադրվել:

- 2020 թվականի պատերազմի պարտությունից հետո, Ադրբեջանի տիրապետության տակ անցավ Արցախի ավելի քան 75 տոկոսը: Արցախից մեզ մնացել է մի փոքրիկ կտոր: Ձեր նախաձեռնությունն այս պատկերի ֆոնին որքանո՞վ կարող է արդյունավետ լինել:

- Ճիշտ եք ասում, սակայն ասեմ. ընդհանուր պետք է դիտարկենք: Մենք չենք ասում, թե Արցախի Հանրապետությունից ինչ է մնացել, մենք ասում ենք, որ պետք է ճանաչել Արցախի անկախությունը: Սրանից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները պետք է ազատագրվեն: Սա ևս կաղապար է, քանի որ հասկանալի է, որ կարող են օկուպացված տարածքներն ազատագրել: Խնդիրը հստակ է, չի կարելի ասել, որ եթե օկուպացված տարածքներ կան, դրանով ամեն ինչ ավարտված է:

- Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն անվերջ խաղաղության դարաշրջանից են խոսում, Դուք խոսում եք տարածքներ ազատագրելուց.... ինչպե՞ս եք պատկերացնում այս իշխանությունների հետ տարածք ազատագրելու, կամ անկախություն ճանաչելու գործընթացը....

- Ախր խաղաղությունը ոչ աղերսում են և ոչ էլ մուրում: Խաղաղության համար պետք է իրավիճակ ստեղծել: Թշնամին մեզ ոչնչացնելու գաղափարից չի հրաժարվում: Ասել եմ, որ մենք պարտադրված ենք ռազմականացման գնալ: Խոսքն այն մասին է, որ այնպիսի սպառազինություն ունենանք, որ անհրաժեշտության դեպքում թշնամուն անդառնալի վնաս հասցնենք: