Եթե Սիամանթոն ողջ լիներ…

Եթե Սիամանթոն ողջ լիներ…

2018 թվականի մի հրապարակման մեջ կարդացի Սիամանթոյի բնութագիրը:
«Քուչակի և միջնադարյան տաղերգուների սիրո և ուրախության երգերով ոգևորված` Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) ստեղծեց իր բացառիկ բանաստեղծական աշխարհը: Նրա անսպառ հայրենասիրությունը, ազգի ճակատագրով մտահոգված լինելը թույլ չեն տալիս գրել սիրո ու անձնական զգացմունքների մասին: 

Սիամանթոն մի առիթով Ավետիք Իսահակյանին ցույց է տալիս սիրային բանաստեղծությունների տետրակը, որոնք ընթերցելով Վարպետը բարձր գնահատական է տալիս նրան: Իսահակյանի գնահատմամբ նա մեծ քնարերգու կդառնար, սակայն Սիամանթոն իրեն իրավունք չի վերապահում գրել անձնական զգացմունքների մասին այն ժամանակ, երբ հայրենիքը ու ժողովուրդը տրորվում էին թշնամու ոտքի տակ: 

Երբ 1894-96թթ-ի եղեռնը ներխուժում է Պոլիս, պատանի բանաստեղծի հոգին լցվում է վրեժի աղաղակով: Նրա բանաստեղծությունների մեջ ռոմանտիզմն ու սիմվոլիզմը կտրված չեն իրականությունից, այլ սկիզբ են առնում արյունոտ հողից ու մահվան ճիրաններում տառապող մարդկանց աղերսից: 

Հանճարի ուժը մարգարեանալու մեջ է. ժամանակին Սիամանթոն կանխագուշակում էր, որ հայ ժողովուրդն իր ազատությունը չի կարող նվաճել, եթե պայքարի հեթանոս ուղու փոխարեն եվրոպական մեծ տերությունների հանդեպ քրիստոնեական աղերսանքի ուղին բռնի: Հայերի զանգվածային կոտորածը նրա մեջ սպանել էր արդարության նկատմամբ հույսը, որի վառ դրսևորումը «Պարը» բանաստեղծության հայտնի տողերն են. «Ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքեմ քու ճակատիդ…» 

Ավետիք Իսահակյանի բնութագրմամբ նա «ունիկում էր համաշխարհային պոեզիայում», իսկ Դանիել Վարուժանը ասել է. «Քերթողը խորհրդապաշտ ու միստիկ: Իբրև խորհրդապաշտ կընթանա Անրի տը Ռենիեի, Մորիս Մեթեռլինգի և Վերհարնի ճամփով: Այս վերջինիս հետ այն սերտ աղերսն ունի, որ երկուքին ալ խորհրդապաշտությունը (symbolisme) ծագում ունի վիպական դպրոցեն` romantisme-ն»»:

Լավ կլիներ, որ Սիամանթոն քնարերգու դառնար ու չմոլորվեր ազգի ինքնաստեղծ լաբիրինթոսում, որից ելք չկա: Անելք այդ լաբիրինթոսը հայերիս համար ստեղծել են ոչ թե օտարազգիները, այլ մենք՝ մազոխիստներս: 

Եթե Սիամանթոն ողջ լիներ, ապա նա մեծապես կզղջար իր «Ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքեմ քու ճակատիդ…» արտահայտության համար: Նա կասեր՝ «Ո՜վ անարժանապատիվ հայեր, դուք արժան չեք մարդկային արդարության, թող ես թքեմ ձեր ճակատին…»

Գագիկ Վարդանյան