Էրդողանը ցավակցում է, Թուրքիայի ԱԳՆ-ն ժխտում Հայոց ցեղասպանության փաստը

Էրդողանը ցավակցում է, Թուրքիայի ԱԳՆ-ն ժխտում Հայոց ցեղասպանության փաստը

Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդես է եկել 1915 թ․ հայերի ջարդերի մասին ցավակցական ուղերձով (թեև որոշակի վերապահումներով և այն էլ՝ հասցեագրված Թուրքիայում ապրող հայերին), այդ երկրի ԱԳՆ-ն հակադիր դիրքորոշում է հայտնել։

«Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների մասին միակողմանի հայտարարությունները, որոնք արվում են որոշ արմատական ​​շրջանակների հաճոյանալու համար»։ 

Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ ակնարկելով 20-րդ դարասկզբին Հայոց Ցեղասպանության մասին։

Ըստ թուրքական ԱԳՆ-ի անհեթեթ ձևակերպման, «այդ հայտարարությունները խեղաթյուրում են պատմական փաստերը, հակասում են նաև միջազգային իրավունքին»։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ նշել է, որ 1915 թվականի իրադարձությունները օրինական քննարկման առարկա են: Պատմությանն առնչվող այս կողմնակալ և աչառու հայտարարությունները ոչ միայն վնասում են երկու համայնքների միջև հաշտեցման ջանքերին, այլ նաև խրախուսում են արմատական ​​խմբերին, որոնք հակված են ատելության հանցագործություններին», - հավելել են ԱԳՆ-ում և կոչ է արել «բոլոր կողմերին աջակցել Թուրքիայի առաջարկին` ստեղծելու Պատմական համատեղ հանձնաժողով», ինչպես նաև Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացին։