Հանրաքվեն անհրաժեշտ է Փաշինյանին՝ Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը հանձնելու համար

Հանրաքվեն անհրաժեշտ է Փաշինյանին՝ Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը հանձնելու համար

Հերթական քննարկման առարկան Նիկոլ Փաշինյանի եւ որոշ հանրային իշխանամետ գործիչների այն հայտարարություններն են, թե Ադրբեջանի հետ սահամանազատման գործընթացը պետք է ամրագրվի հանրաքվեով:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի այդ հայտարարությունը նշանակում է, որ սահմանազատման պրոցեսում շուտով անդրադարձ է կատարվելու անկլավների և էքսկլավների խնդրին, իսկ քանի որ Տիգրանաշենը և Տավուշի մարզի երեք համայնքները, ըստ ՀՀ օրենսդրության, ՀՀ տարածքային ամբողջականության մաս են, ըստ այդմ, դրանց օտարման համար անհրաժեշտ է ՀՀ ողջ տարածքում անցկացնել հանրաքվե:

«Միայն սրա հետ եմ ես կապում այդ հայտարարությունը՝ տրամագծորեն այլ բանի հետ կապված չի կարող լինել, որովհետև նա նշում է, որ կարող է 140 քառակուսի մետր այս կողմ այն կողմի հարց լինի, ես չեմ կարծում, որ այդ 140 մետրի համար կարող էր, այսպես կոչված, տեխնիկական փոխանակությունների համար հանրաքվեի անհրաժեշտություն առաջանալ»,-ասաց Սուրենյանցը:
Քաղաքագետը ևս մեկ անգամ  հաստատեց՝ գրեթե վստահ է, որ այս չորս գյուղերի համար է հանրաքվեն անհրաժեշտ, որպեսզի կարողանա դրանք հանձնել: Հատկապես որ բազմաթիվ անգամներ Ալիևն այդ մասին բարձրաձայնել է:

Հարցին, թե որքանո՞վ են իրատեսական ընդդիմության որոշ շրջանակների պնդումներն այն մասին, որ հանրաքվեի դեպքում Փաշինյանը խնդիրներ կունենա, Սուրենյանցն ասաց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե հանրաքվեի ընթացքում Փաշինյանը ինչպիսի արգումենտներով կներկայանա հասարակությանը: 

«Այս պահին խաղաղության մասին նրա հեքիաթներին շատ քիչ մարդ է հավատում և իսկապես տեսանելի է, որ նա այդ հանրաքվեով խնդիրներ կարող է ունենալ: Մյուս կողմից ընդդիմությունը պետք է շատ հստակ արգումենտներ, փաստարկներ ներկայացնի. հանրաքվեն քաղաքական պրոցես է ենթադրում, նայած կողմերից ով խաղաղության ավելի արժանապատիվ տեսլական կներկայացնի հասարակությանը: Ընդդիմությունը պիտի ապացուցի հասարակությանը, որ ինքն ավելի լավ խաղաղության բանաձև ունի, որովհետև չմոռանանք, որ հասարակությունը մի կողմից դեմ է նվաստացուցիչ միակողմանի զիջումներին, մյուս կողմից՝ նույն հասարակությունը ֆոբիաներ ունի հնարավոր պատերազմի վերաբերյալ: Հետևաբար շատ կարևոր է ոչ միայն իշխանության մտադրությունների մերկացումը, այլ այնպիսի փաստարկների ներկայացումը ընդդիմության կողմից, որը համոզիչ կդարձնի դրանց ճշմարտացիությունը: Ես չեմ կարծում, որ հանրաքվեն Փաշինյանի համար ամեն դեպքում հեշտ է լինելու ՝ հասարակական վստահության մակարդակը նրա հանդեպ այս պահին շատ ցածր է»,- նշեց Սուրենյանցը:

Արդյո՞ք այս քայլով Փաշինյանը փորձում է նաև իր վրայից հանել իրավական պատասխանատվության հարցը ու մի՞թե սա անդառնալի պրոցես է, քաղաքագետն ասաց, որ այս դեպքում չի կարելի ասել, որ նա փորձում է ազատվել պատասխանատվությունից, որովհետև եթե նա բան պիտի զիջի Ադրբեջանին, որը Հայաստանի Հանարպետության տարածքային ամբողջականության մաս է, նաև ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն, ապա հանրաքվեն անխուսափելի է:

«Իսկ ինչ վերաբերում է այս պրոցեսի անդառնալի լինել կամ չլինելուն, այն տեղերում, որտեղ սահմանազատում- սահմանագծում տեղի է ունեցել՝ դա անդառնալի  գործընթաց է: Առհասարակ մենք պետք է հասկանանք, որ դելիմիտացիային ու դեմարկացիային այլընտրանք չկա, այլ խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանի պարագայում կամ իշխանության ընթացքում դա արվում է միակողմանի զիջումների տեսքով, եթե լիներ ավելի նորմալ իշխանություն, ապա ռիսկերը միանշանակ հնարավոր էր կառավարել: Օրինակ, հնարավոր էր գոնե այս փուլում չանդրադառնալ անկլավ-էքսկլավների խնդրին, հնարավոր էր դելիմիտացիան-դեմարկացիան իրականացնել միայն այն պարագայում, եթե կար համաձայնեցված քարտեզ, սկզբունքներ և ամբողջ սահմանագիծը հստակեցված էր: Բայց այս բաները չեն արվել ու որքան Հայաստանում ուշանում է իշխանափոխության գործընթացը, այնքան ցավոք այս գործընթացը, այո, դառնում է անդառնալի»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը: