Հնազանդ Անդրիաս

Հնազանդ Անդրիաս

Անկեղծ ասեմ․ Անդրիաս Ղուկասյանի քաղաքագիտական գիտելիքներին, մտավոր կարողություններին կասկածելու առիթ երբևէ չեմ ունեցել. մտավորականի կերպարանք ունի և, ի վերջո, երկու համալսարան է ավարտել։ Սակայն այս մարդու վերջին հարցազրույցներից մեկն ինձ ստիպեց, նախ՝ հիշել, որ այդպիսի մեկը կա ՀՀ քաղաքական դաշտի թավշյա խոտհարքներում, ապա՝ հուշեց, որ նա, չնայած մտավորականի կերպարանքին, կարող է ամենաանհեթեթ մտքերն արտահայտել՝ ի սեր քաղաքական պատրոնի։ Անդրիասը, որ դառը փորձով է փաստել սեփական առնչությունը քաղաքական պայքարի ձևերից քաղաքացիական անհնազանդությանը, պարզվում է՝ համաձայն է այդ ակցիաները կիրառել ոչ թե հայրենի իշխանությունների դեմ, ինչպես ինքը՝ ժամանակին, այլ․․․ թշնամու։ Ի՛նչ անսպասելի էվոլյուցիա։

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած կապիտուլյացիայի մասին որոշումը անընդունելի է յուրաքանչյուր հայ մարդու համար, որովհետև մեր պետությունը պարտություն կրած կողմն է, և մեզ թելադրել են անարդար պայմաններ: Մեր անհնազանդությունը պետք է արվի թշնամու դեմ, ոչ թե մեր երկրի ներսում իշխանության դեմ» (MediaLAB, 09.12.2020): Մեջբերելուց հետո՝ նորի՛ց հիանամ հանճարեղ այս մտահանգմամբ։

Ուրեմն, ըստ Անդրիասի, անհնազանդություն իհա՛րկե պետք է լինի, բայց՝ թշնամու դեմ, մանավանդ դրանից բնականորեն հետևում է, որ մենք արդե՛ն իսկ թշնամու հպատակ-հնազանդն ենք, եթե պիտի նրա դեմ նաև անհնազանդության գործողություններ անենք։ Այսպես դյուրին իրագործելով իր քաղաքական պատրոնի՝ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը (մեզ հպատակ դարձնել թուրք-ազերուն), մեր քաղաքական գործիչ ախպերը ձեռի հետ սուտ էլ է խոսում (գազ չքաշի՝ մազ կքաշի (պատրոնին)․ այս նեղ մաջալին՝ իբր «սոցիոլոգիական հարցումներ» են կատարվել, որոնք «ցույց են տվել», որ «ձախողված կառավարությունը պետք է հեռանա, իսկ արժանապատիվ հեռանալու եղանակը արտահերթ ընտրությունների օր նշանակելն է և մինչև այդ ընկած ժամանակը պայմաններ ստեղծելը ազատ, արդար, ազնիվ ընտրություններ անցկացնելու համար»:

Այսպիսով՝ Նիկոլի իշխանությունը մենք դեռ պետք է երկար վայելենք՝ մինչև նրա կողմից ընտրությունների օր «նշանակելու» և «անցկացնելու» ողորմածությունը։ Կարճ ասած՝ Անդրիասը հիմնավորում է, որ Նիկոլն առայժմ չպիտի գնա։ Իսկ դատելով սեփական աթոռը՝ հանց աստծո երկրպագող Նիկոլի պահվածքից՝ նա չի գնա ընտրությունների անցկացումից հետո էլ, որովհետև հնարավոր և անհնար ամեն ինչ կանի, որ չգնա։ 

Անդրիասի հարցազրույցում հետաքրքրական են նաև նրա հույժ աշխարհիկ մտորումները հայոց հոգևոր առաջնորդների մասին։ Դիտարկմանը, թե «Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու կոչերով են հանդես եկել հոգևոր առաջնորդներ Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն: Նախկինում մենք ունեցել ենք հոկտեմբերի 27, մարտի 1, բայց երբևէ չի եղել, որ կաթողիկոսները նման հայտարարություններով հանդես գան», Անդրիասը արձագանքում է․ «Դա բացահայտում է, որ այդ հոգևոր առաջնորդները քաղաքական կապվածություններ ունեն: Այսինքն՝ մի հոգևոր առաջնորդը կապ ունի ՀՅԴ-ի, մյուսը՝ ՀՀԿ-ի հետ։ Նրանցից ամեն մեկը կատարեց իր քաղաքական թիմից ստացած առաջադրանքը»։ Ահա այսպես՝ կտրուկ և «հասցեական», իսկ մենք անխոհեմաբար ուզում էինք կաթողիկոսների դիրքորոշումներից աննախադեպության զարմանք ապրել։ Այսպես որ գնաց՝ Անդրիասը Պոլսո հայոց պատրիարքին էլ կհռչակի ԲՀԿ-ական, Շիրակի թեմի առաջնորդին՝ «Հայրենիք»-ական, և շղթան կփակվի։ 

Սակայն առավե՛լ հետաքրքրական են Անդրիասի ռազմագիտական վերլուծությունները։ Պարզվում է՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընթացած պատերազմի գլխավոր մեղավորը նախկին իշխանություններն են, որովհետև նրանց օրոք «փողային առաջարկներ» են եղել Ադրբեջանի կողմից, և 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամուն են զիջվել Մատաղիսի և Ջաբրայիլի ուղությամբ մի քանի բարձունքներ։ Իսկ վերջին պատերազմում մեր պարտությունը, ըստ Անդրիասի, սկսվել է հենց ա՛յդ տեղերից։ «Այդ բոլոր նշված տեղերում Ադրբեջանի զինված ուժերը հաջողեցին և իրենք կարողացան մեր պաշտպանական շրջանները կոտրել և՛ Մատաղիսում, և՛ Ջաբրայիլում»։ Ահա թե ինչ։

Ես ինձ թույլ եմ տալիս կարծել, որ այս վտանգավոր և բացառիկ անբարո տեսակետը Անդրիասի միջոցով պատահաբար չի նետվում օրակարգ։ Ինձ թույլ եմ տալիս նույնիսկ կանխատեսել, որ այդ տեսակետը շուտով «կամրագրվի» ԱԺ համապատասխան հանձնաժողովի եզրահանգումներում, և մենք կունենանք 2020-ի աշնան ամոթալի պարտության քավության հրաշալի նոխազը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմը, իսկ ավելի անձնավորված՝ «նախկինները», է՛լ ավելի անձնավորված՝ Սերժ Սարգսյանը։

Ահա իշխանական քարոզչության դեռ գլորվող սայլին հնազանդորեն լծված այսպիսի Անդրիաս։ 

Իսկ դուք նրան հարց եք տալիս անհնազանդության մասին։