Արժե՞ր այդքան վշտանալ այն բանի համար, որ ընդդիմադիրները չմասնակցեցին Վիգեն Խաչատրյանի վերջին հրաժեշտին

Արժե՞ր այդքան վշտանալ այն բանի համար, որ ընդդիմադիրները չմասնակցեցին Վիգեն Խաչատրյանի վերջին հրաժեշտին

Ես այդպես էլ գիտեի, որ ներկայիս «իշխանական վերնախավից» միայն Ալեն Սիմոնյանը կհամարձակվի, ավելի ստույգ՝ քաջություն կունենա հաղթահարելու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Վիգեն Խաչատրյանի մահվան առիթով հրապարակած ցավակցական ուղերձի նսեմացուցիչ ինտոնացիան: Էլ չեմ խոսում սարկազմի մասին, որ Տեր-Պետրոսյանը դրել էր այդ ուղերձի հիմքում:

Եվ ահա, Ալեն Սիմոնյանը` որպես ԱԺ նախագահ, ընդդիմությանը հանդիմանել է Վիգեն Խաչատրյանի մահը ինչպես հարկն է չսգալու համար եւ գրել է. «Բարի երեկո, ուզում եմ շաբաթ օրով ձեզ հետ մի բանով կիսվել: Այսօր մենք վերջին հրաժեշտը տվեցինք ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, թե ով էր և ինչ ներդրում ուներ Խաչատրյանը ՀՀ քաղաքական դաշտում տասնամյակներ շարունակ՝ չեմ էլ ուզում խոսել, մահացել էր ՀՀ ԱԺ ընտրված պատգամավոր, և ՀՀ ԱԺ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չբարեհաճեց ներկա գտնվել ոչ հոգեհանգստին, ոչ հուղարկավորությանը: Նույնիսկ չհամարձակվեցին գրառում անել ԱԺ բացված սգո մատյանում: Սա ոչինչով չի նվազեցնում Խաչատրյանի ով լինելը կամ հարգանքի աստիճանը, սա ի ցույց է դնում մի դահլիճում, հանձնաժողովում իր հետ տարիներով աշխատած մեր ընդդիմադիրների ով լինելը, ատելության խոսք և մեզ տարբեր մեղքեր վերագրողների որակը»:

Բարի երեկո, պարոն Սիմոնյան, թեև հիմա դեռ առավոտ է: Հասկանում եմ, թաղումի մեջ եք եղել, հուզված եք, բայց խնդրում եմ, մի քիչ հավաքեք Ձեզ՝ խոսելիք կա: Դուք արդեն 5 տարուց ավելի է, ինչ համարվում եք «ներկայիս իշխանական քաղաքական վերնախավի» ներկայացուցիչ, բայց, ինձ թվում է, այդպես էլ չեք հասկացել, թե ինչ կարող է տեղի ունենալ այն վերնախավերի հետ, որոնք իրենց վրա կրում են Լևոն Տեր-Պետրոսյանի անմիջական ազդեցությունն ու մետաստազային թելիկները: Ձեզ բավական էր մի փոքր շեղվել ՀՀՇ-ՀԱԿ-ի «զոնտիկի» տակից և պիտի արժանանայիք նորին անքննելի մեծություն Տեր-Պետրոսյանի պարսավանքին: Իսկ որ դուք շեղվել եք, կարծում եմ, երկու կարծիք լինել չի կարող: Դուք այլևս «ազգակործան պատուհաս» եք: Դուք, բայց ոչ երբեք Վիգեն Խաչատրյանը, դուք, բայց ոչ երբեք Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմից ձեր մեջ հայտնված մյուս երևելիները:
Բայց գանք Վիգեն Խաչատրյանի անմահ հիշատակին: Պարոն Սիմոնյան, հղումը դնեմ այստեղ՝ մի հատ լսեք Վիգեն Խաչատրյանի 2021 թվականի հունիսի 11-ի նախընտրական ելույթը Իջևանում: Ձեր բախտն ուղղակի բերել է, որ հարթակում չեք: Այնտեղ են Նիկոլը, Աննան, Պապիկյանը, իջևանցի և ոչ իջևանցի այլ երևելիներ, որոնք այսօր կազմում են «ներկայիս քաղաքական վերնախավի», այսպես կոչված միջուկը… Եվ ելույթ է ունենում «մեր երկրի ներկայիս քաղաքական վերնախավում ողջախոհությամբ և քաղաքական մտածողությամբ միակ գործիչը»՝ Վիգեն Խաչատրյանը: Հարցս հետևյալն է․ Դուք՝ ՔՊ-շնիկներդ, վատ չե՞ք զգում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ՝ քաղաքական դեբիլներ եք Վիգեն Խաչատրյանի համեմատությամբ: Նախապես ասեմ նաև, որ այդ հարցում ես լիովին համամիտ եմ ՀՀ առաջին նախագահի հետ:

Բարոյակա՞ն մարդ էր, արդյոք, Վիգեն Խաչատրյանը: Լևոն Տեր-Պետրոսյանն այս մասին ոչինչ չի ասում իր ցավակցական ուղերձում, թեև նրա խոսքերից զգացվում է, որ Վիգեն Խաչատրյանն այնուամենայնիվ իր մեջ կրում էր 90-ականների սկզբի քաղաքական բարոյականության սերմերը: Իսկ իր մեջ Տեր-Պետրոսյանի քաղաքական բարոյականության հուդերն ամբարած գործիչը, ինչ էլ լիներ, չէր կարող շատ հեռու ընկնել մայր ծառից: Խնդրում եմ՝ ինձ սխալ չհասկանաք: Վիգեն Խաչատրյանի պարագայում իսկական «մայր ծառը» Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն է, ԼԿԵՄ, ՀԼԿԵՄ, Կոմկուս, գործկոմ կառույցները, բայցևայնպես ԼՏՊ-ն ու ՀՀՇ-ն են Վիգեն Խաչատրյանի քաղաքական բարոյականության չափորոշիչները: Ուշադրություն դարձրեք, խնդրեմ, Խաչատրյանի խոստովանությանը, որ ինքն է քանդել ռամկավարների կուսակցությունը: Ինքը դարձել է ռամկավար, բայց, տեսնելով, որ ռամկավարների յուրաքանչյուր հաջորդ ղեկավար գալիս ու հեռացնում է նախորդին, դուրս է եկել ռամկավարների կուսակցությունից: Էականն այստեղ ղեկավար ռամկավարները չեն, այլ Վիգեն Խաչատրյանը, որն իր ապաքաղաքական պահվածքը և քաղաքական լղոզվածությունն է փորձում արդարացնել: Նա նույնն էր անելու Դաշնակցության ներսում, եթե մի հրաշքով կարողանար նաև այնտեղ ներթափանցել: Թե բա՝ իմ գաղափարներով ես ազատ-դեմոկրատ եմ:

Տո ազատ-դեմոկրատ ջան, հողը խաբար չտանի, դու այդ ի՞նչ ազատ դեմոկրատ էիր 1996-ին, երբ խայտառակ ձևով ընտրություններ էին կեղծվում: Դու այդ ի՞նչ ազատ դեմոկրատ ես, որ 1998թ. իշխանափոխությունից հետո չկարողացար համակերպվել ԼՏՊ-ի հրաժարականի մտքի հետ և 10 տարի անց, 2008-ին, գողեգող դուրս եկար փողոց ու մարտի 1 սարքեցիր ժողովրդի գլխին: Տո ազատ-դեմոկրատ ջան, հողը խաբար չտանի, դու այդ ի՞նչ ազատ դեմոկրատ ես, որ կանգնում, Իջևանում հայտարարում ես, թե 1999 հոկտեմբեր 27-ի կազմակերպիչներից 5-ը դաշնակցականներ էին, որովհետև նախկին դաշնակցականներ չեն լինում: Էդ Լևո՞նն էր «վզներիդ դրել», որ այդպիսի բան հայտարարեք Իջևանում՝ Նիկոլի նախընտրական արշավի ժամանակ: Բա հիմա ո՞ւր է հոկտեմբերի 27-ը «վզին դրած» դատախազը, ո՞ւր են հոկտեմբերի 27-ի մյուս զոհերի իրավահաջորդները, որոնց այդպես էլ ոչինչ չկարողացաք ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի և Դաշնակցության մեղսակցության մասին: Այստեղ հասկանանք. Նիկոլն արդեն տևական ժամանակ է՝ խոհեմաբար լռում է հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի մասին, ինչը նյարդայնացնում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, և Վիգեն Խաչատրյանը թերևս միակն էր «ներկայիս իշխանական վերնախավում», որ դեռ խոսում էր նախկինների այդ չգործած մեղքերից:

Ընտրվա՞ծ պատգամավոր էր, արդյոք, Վիգեն Խաչատրյանը: Ոչ, Վիգեն Խաչատրյանն ընտրված պատգամավոր չէր՝ չնայած Ալեն Սիմոնյանի պնդմանը: Վիգեն Խաչատրյանը, թերեւս նրանցից էր, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջով տեղ էին գտել ազգակործան պատուհասների նախընտրական ցուցակում: Եվ, առհասարակ, ԱԺ ՔՊ խմբակցությունում ոչ մեկը ընտրված պատգամավոր չէ, այդ թվում նաև Ալեն Սիմոնյանը: Բայց եթե վերջինս շարունակի պնդել, որ իրենք ընտրված են, ստիպված կլինենք հերթական անգամ նրանց առաջ դնել մորթված Արցախն ու իրենց կողմից երիցս պղծված Եռաբլուրի խայտառակ պատկերները: Ձեզ ոչ ոք սրա համար չի ընտրել: Դուք վերարտադրվել եք, պարոն Սիմոնյան, և հենց դա է այսօրվա ձեր ամենամեծ պրոբլեմը:

Արժե՞ր այդքան վշտանալ այն բանի համար որ ընդդիմադիրներից ոչ ոք չմասնակցեց Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին: Ինձ թվում է՝ սա ավելի շատ Ալեն Սիմոնյան մարդու խառնվածքի հարց է, քան քաղաքական գործչի մոտեցում: Պարոն Սիմոնյան, շուտով յոթն է, քառասունքը, իսկ եթե այդքան ձգեք՝ Վիգեն Խաչատրյանի տարին էլ դուք կտաք: Առաջարկում եմ՝ մի քիչ քաղաքականացնել Վիգեն Խաչատրյանի հիշատակը և ընդդիմադիրների պահվածքը: Հաստատ այնպես չէ, որ դուք Վիգեն Խաչատրյանին ավելի շատ եք ճանաչում ու սիրում, քան ընդդիմադիրները: Հայտնի բան է, որ ոչ մի կոլեկտիվում էլ իրենց միջի միակ խելացի մարդուն չեն սիրում: Հետևաբար, սիրուն չի, երբ ուրիշներին են մեղադրում տվյալ խելացի մարդու հիշատակը չհարգելու, ավելի ճիշտ՝ լռության մատնելու համար: Կարող եք համարել, որ ՔՊ-շնիկներից ոմանք քաջություն ունեցել են մասնակցել Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին, ավելին, այնքան անվախ են եղել, որ գրառումներ են կատարել այս տխուր առիթով բացված սգո մատյանում: Ես, օրինակ, կառաջարկեի՝ ընդդիմադիրներին մեղադրելու փոխարեն հրապարակել այդ մատյանում ՔՊ-շնիկների կատարած գրառումները: Աչքովս ընկավ, որ էն «քացի քցող» ՔՊ-շնիկն էլ է բան գրել Վիգեն Խաչատրյանի «գրքում»: Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ կարող էր գրել կենդանական հայտնի բնազդներով օժտված այդ ՔՊ-շնիկը «ներկայիս իշխող քաղաքական վերնախավի մեջ» միակ խելացի մարդու՝ Վիգեն Խաչատրյանի մասին: Ուշադիր եղեք՝ ուսուցիչ-մուսուցիչ գրած չլինի, այլապես շատ անհարմար բան կարող է ստացվել: Վիգեն Խաչատրյանն ուր, քացի քցելն ուր: