Մեր պատասխանը Հաջիևին. իմա՝ Ալիևին

Մեր պատասխանը Հաջիևին. իմա՝ Ալիևին

«Հայաստանը պետք է հրաժարվի թուրքական եւ ադրբեջանական հողերի հանդեպ ունեցած տարածքային պահանջներից».-հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիեւը:
Հետաքրքիր է իմանալ, թե պարոն Հաջիևը, պատահաբար, տեղյակ չէ՞, թե Հայաստանն ինչու տարածքային պահանջներ չի ներկայացնում Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին, Սիրիային և այսպես շարունակ: Օրինակ, Ղրիմի պարանոցի խոշոր քաղաքը Արմյանսկն է, որը հիմնադրել են հայերը XVIII դարի առաջին կեսին, այսինքն՝ Ղրիմի թերակղզին սկսվում է այդտեղից, հետևաբար, Ղրիմը հայկական է: Առավելևս, որ բացի մյուս մեծանուն հայերից, Ղրիմում է (Թեոդոսիա) ծնվել աշխարհառչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: Հատկանշական է, որ Ղրիմում հայերը սկսել են հաստատվել դեռևս XII դարից սկսած և, կարճ ժամանակ անց հայկական համայնքն այնքան է ստվարացել, որ եվրոպական պատմական տեղեկագրերում թերակղզին սկսել են հիշատակել որպես Ծովային Հայաստան կամ Մեծ Հայաստան:
Դե, իսկ Նոր Նախիջևանի մասին ավելորդ է խոսել, քանի որ Դոնի-Ռոստովի մարզը, բոլորն էլ ընդունում են, որ հայկական տարածք է: Ուղղակի «անհասկանալի» է, թե Նոր Նախիջևան անվանումը որտեղի՞ց է ծագել: Կարծես, Հարավային Կովկասում Նախիջևան քաղաք գոյություն ունի, որը «զտարյուն թուրքական է», ինչ-որ ժամանակից սկսած: Հակասություն է առաջանում. ինչու՞ Նոր Նախիջևանը հայերի հետ է ասոցացվում: Եթե Նախիջևանը թուրքական է, ապա Դոնի-Ռոստովն էլ, տրամաբանորեն, պետք է լիներ թուրքական: Այստեղից՝ Դոնի-Ռոստովի մարզը պետք է պատկանի Ադրբեջանին: Ղրիմը ոչ մի կերպ հնարավոր չէ՝ վերոնշյալ պատճառներով: Այսպիսով, Ռուսաստանը «բռնազավթել է» Դոնի-Ռոստովը՝ Ադրբեջանից, Ղրիմը՝ Հայաստանից: Զարմանալ կարելի է Ուկրաինայի նկրտումների առնչությամբ: Փաստորեն, միայն Հայաստանը կարող է տարածքային պահանջներ ներկայացնել Ռուսաստանին՝ Ղրիմի հարցով: Իսկ Իրանին, Վրաստանին և Սիրիային՝ առավել ևս:

Այս տողերն ընթերցողը կարող է տպավորություն ստանալ, որ դրանց հեղինակը նոր է դուրս եկել հայտնի հաստատությունից, որտեղ կապկպում են մարդկանց, որ իրենք իրենց չվնասեն:
Հիմա անդրադառնանք Հաջիևի հայտարարության առանցքային ուղերձին, քանի որ «տարածքային պահանջներ» արտահայտությունն օգտագործվել է այն քողարկելու նպատակով: «Անկարան ու Բաքուն շարունակելու են Կովկասի նոր աշխարհագրության կերտումը».-ասել է Հաջիևը։

Արևելյան Վրաստան, Արևելյան Հայաստան և մինչև Դաղստան ընկած տարածքը Ռուսաստանին է անցել Իրանից, XIX դարի առաջին կեսին: Ադրբեջանը, Արևմուտքի աջակցությամբ Թուրքիայի նախագիծն է եղել: Պետք է խոստովանել՝ հաջողված նախագիծը: Ինչևէ: Այդ հայտարարությամբ, անտեսվում են Ռուսաստանը և Իրանը: Ադրբեջանն (իմա՝ Թուրքիան) օգտվում է ստեղծված իրավիճակից: Ուկրաինայում Ռուսաստանը, մի փոքր վերաձևակերպելով Չեխովի «Показал бы я вам, где раки зимуют!» արտահայտությունը, Արևմուտքին ցույց է տալիս, թե где раки зимуют. Իրանը, որը մարդկային քաղաքակրթության ձևավորման ակունքներում է, դարձվել է изгой երկիր, Իսրայելի, չէ, հրեաների կամակորությամբ․․․ 

Հաջիևի «Անկարան ու Բաքուն շարունակելու են Կովկասի նոր աշխարհագրության կերտումը» արտահայտությունը «մի փոքր» կոռեկտ չէ: Նրանք պետք է հիշեն, թե որ պետությունն է Թուրքիային փրկել մասնատումից և որ պետությունն է նպաստել Ադրբեջան անվանմամբ երկրորդ թուրքական պետության ստեղծմանը: Ռուսաստանը: Իսկ ո՞ր պետությունը չի առարկել դրան: Իրանը: Հետևաբար, Մոսկվան և Թեհրանը պետք է ձեռնամուխ լինեն Կովկասի նոր աշխարահագրության կերտմանը: Եթե, նույնիսկ, ամերիկացիները ջենթլմեն լինեն և իրագործեն Հուդրո Վիլսոնի նախագիծը, դա ոչ մի կերպ չպետք է հայերիս ապակողմնորոշի և տանի դեպի Ամերիկայի գիրկը: Ամենաշատը, որ կարող է արվել, դա գալանտնի հարգանքի արժանացնելն է ամերիկյան էսթիբլշմենթին՝ առ այն, որ իրենց համար խոսքն արժեքավոր է:

Սիրիա-Իրաք-Քուրդիստան-Իրան-Հայաստան-Ռուսաստան (տե՛ս գծապատկերը) առանցքն է միայն հաշվեկշռող և Մեձավոր Արևելքում արյունահեղությունը կասեցնող ուժը: Ընդ որում, այս առանցքի շահառու պետությունները կլինեն Չինաստանը, Հնդկաստանը, Աֆղանստանը, արաբական երկրները: Անգլոսաքսերի նախագծած Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա առանցքը կործանարար կլինի մարդկային քաղաքակրթության համար:

Ըստ էության, Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ գործողությունը միտված է աշխարհի կործանման կանխարգելմանը: Դա գիտակցում է աշխարհի բնակչության մի մասը և այդ ըմբռնումն ու աջակցությունը, չնայած սահմանված տնտեսկան պատժամիջոցներն, էլ ավելի են ուժեղացնում Ռուսաստանը և նրա կողքին կանգնած պետություններին:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Հ.Գ.1.Հաջիևին տրված հարցի պատասխանը: Հայաստանը չի կարող տարածքային պահանջներ երկայացնել Ռուսաստանին, որովհետև Ղրիմը պատմական հայկական տարածք չէ: Հաջիևը խելացի անձնավորություն կլինի, այդ իսկ պատճառով՝ չենք շարունակի և չենք բացատրի, թե Ադրբեջանին և Թուրքիային ներկայացվում են ոչ թե տարածքային պահանջներ, այլ իր պատմական հայրենիքի մի փոքրիկ անկյունում ապրելու հնարավորության պահանջ: Ցեղասպանությունների, էթնիկ զտումների միջոցով սեփականացված այլոց հայրենիքը չի կարող հարմարավետ լինել, թեկուզև՝ բորենիների համար:

Հ.Գ.2. Չգիտես, զարմանաս, զայրանաս, թե խելագարվես: Այլ ժամանակներում որոշ հաստատություններ հոխորտում են, թե երկրի պահապաններն իրենք են: Ավելին, նրանք, իբր պետության համար, խախտելով բոլոր օրենքները, իրենց իրավունք են վերապահում այցելել մարդկանց ննջարանները…
Այժմ պարզվում է, որ որևէ լիազորություն չունեցող քաղաքացիներն են պայքարում պետության համար: Ապշել կարելի է: Կգան լավ ժամանակներ ու այդ հաստատությունները կրկին կանցնեն իրենց գաղտնապահ գործին… բայց կգա՞ն, արդյոք, այդպիսի ժամանակներ նրանց համար, թե՞ դրանով այլևս կզբաղվեն օտարները:

Օլիգարխներ: Որպես տնտեսագետ, երբեք չեմ չարաշահել այս բառեզրը: Դա եղավ 2018 թվականից հետո: Հասկանալի է, եթե փողը շրջանառվում է, ուրեմն որոշների մոտ դա կարող է ավելի շատ կուտակվել, ինչը բնական է և տնտեսագիտորեն մեկնաբանելի: 

Երկրի իրական տերերը մատների վրա հաշված օլիգարխներն են: Մեծապատիվ օլիգարխները թող հավաքվեն ու ասեն, որ իրենք որոշում են կայացրել՝ հարևան երկրներից մեկին միանալու վերաբերյալ. хозяин-барин! Թե չէ, պաշտոնապես (ԱԳՆ, հա, էլի) ոչ ոք չի հրապարակում ճանապարհային քարտեզը: Մեկ անկլավ, մեկ՝ միջանցք ու այսպես՝ շարունակ: Մեկ էլ՝ ինչ-որ հաջիև ու տարածքային պահանջներ. սելը չի ճռում, սելվորն է ճռում: Մի Սոկորցենի չկա, էդ հաջիևին բերման ենթարկի և խափանման միջոցը կալանավորում նշանակի:

Միթե մարդկային ոչինչ չի մնացել: Ազնիվ քաղաքացիները, որոնցից շատերը, գուցե, հացի խնդիր ունեն, գիշեր-ցերեկ պայքարում են ազգային արժանապատվության, փաստորեն, նաև օլիգարխների սեփականության համար, մինչդեռ որոշները շռայլության մեջ լողում են: Սա անբարոյականություն է, չափազանց կոռեկտ և չափազանց մեղմ ասած: