Ցավոք, աշխարհի դեմդիմաց միայնակ ենք մնացել

Ցավոք, աշխարհի դեմդիմաց միայնակ ենք մնացել

Ցավալի է, որ մեր ազգը դիվանագիտության մեջ այդպես էլ չաճեց: Արցախյան վերջին պատերազմի խայտառակ պարտությունն ու մեծագույն կորուստները, Հայաստանի որոշ տարածքների գրավումն Ադրբեջանի կողմից, մինչեւ այսօր մեր թույլ տված դիվանագիտական բազմաթիվ սխալները մեզ դաս չեղան, որպեսզի դիվանագիտական հարթակում նորանոր պարտություններ չկրենք, այլ մի քիչ նամուս ու խելք հավաքենք ու փորձենք՝ եթե ոչ ռազմական, ապա գոնե դիվանագիտական ասպարեզում կանգնեցնել պարտությունների շքերթը: Եթե ուրիշ ոչ մի բան չլիներ, այդ պատերազմի ժամանակ գոնե լիովին պետք է համոզվեինք, որ աշխարհի ոչ մի երկրի, միջազգային ոչ մի կազմակերպության կողմից մեզ գնդասեղի գլխիկի չափ օգնություն չցուցաբերվեց, ու մենք մնացել ենք միայնակ՝ ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, այլեւ՝ ողջ աշխարհի։ Աշխարհը լոկ թմբկահարում էր, որ իրենք կողմ են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Այսինքն՝ աշխարհը կողմնակից էր Ադրբեջանի մարդասպան քաղաքականությանը, ուստիեւ անուղղակիորեն պաշտպանում էր Ադրբեջանի հարձակողական քաղաքականությունը, հերն անիծած, թե օրական ինչքան հայ մատղաշ զինվոր է զոհվում: 

Էլ ինչ լինի, որ վերջապես հասկանանք, որ մենք միայնակ ենք աշխարհի դեմդիմաց, եւ մեր փրկության միակ միջոցը, մեր միակ հույսը մեզ վրա պետք է դնենք: Արդյո՞ք մեր ժողովուրդը գիտակցում է սա եւ արդյո՞ք ամեն ինչ անում է, որպեսզի ինքն իրեն արժանապատիվ պաշտպանի: Մինչ ռուս-ուկրաինական վերջին պատերազմը համարյա բոլորս էինք համոզված, որ աշխարհում իրական ժողովրդավարություն կա, եւ դրա հիմնական բաստիոնն ԱՄՆ-ն ու Եվրոպան են, սակայն այդ պատերազմի առաջին իսկ օրից պարզ դարձավ, որ նրանք ընդհանրապես կապ չունեն ժողովրդավարության հետ, քանզի ժողովրդավարությունն առաջին հերթին ենթադրում է մարդու իրավունքների պաշտպանություն, որն այս պատերազմում իսպառ բացակայում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի գործողություններում։ Նրանք ամեն ինչով օգնում եւ արդարացնում են Ուկրաինայի գործողությունները, որոնք ոչ մի աղերս չունեն մարդու իրավունքների պաշտպանության հետ։

Դրա վկայությունն են հակառակորդի բնակավայրերի ռմբակոծությունները, որտեղ թիրախը խաղաղ բնակիչներն են: Եթե մինչ այսօր աշխարհի ժողովուրդների աչքերին ժողովրդավարության թոզ փչած երկրները՝ ԱՄՆ, Եվրոպա, մեր բարեկամ Ֆրանսիան են այսպիսի դիրք գրավում եւ Ուկրաինային զինելով՝ հրահրում պատերազմ, խաղաղ բնակչության ոչնչացում, ապա Հայաստանն ինչպե՞ս կարող է հույս դնել այս երկրների վրա ու մտածել, որ հանուն պատմական ճշմարտության այդ երկրները կմեղադրեն Թուրքիային ու Ադրբեջանին՝ Արցախի ու Հայաստանի դեմ իրականացվող ոտնձգությունների համար, եւ կօգնեն Արցախին ու Հայաստանին: Իրականում այդ երկրների ճշմարիտ վարքի, ժողովրդավարության՝ մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսակցությունները բլեֆ են, նրանք առաջնորդվում են միմիայն իրենց շահերով եւ Հայաստանին ու նրա նման երկրներին հրում են դեպի անդունդը: Մենք պարտավոր ենք հասկանալ, որ միայնակ ենք այս դաժան աշխարհում, եւ մեր հույսը դնենք միմիայն մեզ վրա ու համախմբման ճանապարհով փորձենք պայքարել մեր իրավունքների համար ու փորձենք կանխել վտանգները:

Ցավոք սրտի, երբ թերթում ես պատմության էջերը, պարզորոշ տեսնում ես, որ մենք միշտ էլ միամտաբար հավատացել ու հույս ենք դրել օտար երկրների վրա, որոնք ճակատագրական պահերին դավաճանել ու մենակ են թողել մեզ, եւ մենք լուրջ պարտություններ ենք կրել: Պատմությունը կրկնվում է, այսօր եւս հայտնվել ենք նմանատիպ իրավիճակում եւ եթե խելքներս գլուխներս չհավաքենք, անցյալից դասեր չքաղենք ու հույսներս չդնենք մեզ վրա, ապա մեզ ուղեկցելու են զուտ պարտությունները՝ դրանցից բխող բոլոր կորուստներով:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ