«Հրապարակ». Ես այս պրոցեսի մեջ լուրջ ստախոսություն եմ տեսնում

«Հրապարակ». Ես այս պրոցեսի մեջ լուրջ ստախոսություն եմ տեսնում

ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր վարկածն ունի «Սիներջի» ընկերության շուրջ ծագած քրեական սկանդալի վերաբերյալ:

- ՔՊ խմբակցությունը գրեթե միաձայն երաշխավորություն ներկայացրեց «Սիներջիի» աշխատակիցների խափանման միջոցը փոխելու համար։ Գուցե փորձում եք ինքներդ ձե՞զ ապահովագրել նմանատիպ քաղաքական հետապնդումից, թե՞ իրավապահների գործողություններն անհամաչափ եք համարում։

- Ես այդ միջնորդության մասին կխոսեմ կամ գուցե չեմ խոսի, երբ դա քննության կենթարկվի, հիմա ասելիք չկա։

- Իսկ տեղի ունեցածի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք։

- Իմ՝ որպես ՄԱԿ-ի ղեկավարի տեսակետն այն է, որ տնտեսական վեճերը (որովհետեւ «հանցագործություն» բնութագիրը տրվում է դատարանի վճռով, քանի վճիռ չկա, պիտի հարգել անմեղության կանխավարկածը) կամ տնտեսական գործունեության վերաբերյալ իրավապահ մարմինների պատկերացումները չպետք է դրսեւորվեն կալանավորումներով, դա էական վնաս է հասցնում տնտեսական գործունեության փիլիսոփայությանը եւ ընդհանրապես մեր երկրում մարդկանց ապրելու փիլիսոփայությանը։ Ցանկացած փոխհարաբերություն, վեճ ունի հանգիստ գործընթաց՝ կա՛մ հարկային մարմինների կողմից պրոցեսների հարուցում, կա՛մ իրավասու մարմինների կողմից հարցի արծարծում եւ հարկային մարմինների ուշադրության հրավիրում, մնացած բոլոր դեպքերը ես համարում եմ․․․․

- Քաղաքական հետապնդո՞ւմ։

- Քաղաքական չի, իրավապահների եւ տնտեսական գործունեություն իրականացնողների պատկերացումների տարբերություն է։

- Բայց միշտ չէ, որ նույն ձեռագիրն է տնտեսական հանցագործությունների դեպքում, շատ հանցագործությունների մասին հրապարակումներին իրավապահներն ուշադրություն չեն դարձնում:

- Խնդիրը միայն նախնական կալանքի հարցը չէ, ես այլ բանի վրա եմ ձեր ուշագրությունն ուզում գրավել։ Երբ որ կա ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնելու պրոցես, այդ պրոցեսի նկատմամբ միշտ կարելի է տարբեր ենթադրություններով եւ հավակնություններով հանդես գալ։ Իրավապահները կարող են իրենց հարմար տեսանկյունից նայել գործընթացներին, ինչն արվել է տվյալ պարագայում։

- Իրավապահների հաղորդմամբ՝ պետական կառույցը մրցույթի հաղթող է ճանաչել մեկին, չնայած մրցակից ընկերությունն ավելի էժան գին է առաջարկել։

- Մեղադրանք է ներկայացված այն ընկերության մասնակիցներին, ովքեր չեն շահել տենդերը, տենդերը շահել է մեկ այլ ընկերություն, այստեղ արդեն տրամաբանական մեծ հակասություն կա, որն իրավապահ մարմինները պարտավոր են մեզ բացատրել, թե ինչ է նշանակում «չար դիտավորություն», եւ ոնց է ստացվում, որ այդ «դիտավորության» արդյունքում մրցակիցն է ստանում մրցույթը։ Տենդերը, իմ ունեցած տվյալներով, «Սիներջին» չի հաղթել, պետական ռեսուրս չի վատնվել, պայմանագիր չի կնքվել այդ ընկերության հետ, հիմա ես այլ ենթադրություն, վարկած կարող եմ հնչեցնել, որ մյուս ընկերության ներկայացուցիչները, կապ ունենալով իրավապահների հետ, փորձում են դաշտը մաքրել իրենց մրցակիցներից` հետագա գործունեության համար։
...Ու ոչ մեկին չթվա, որ սա Ալեն Սիմոնյանի ու նրա ընտանիքի դեմ է, առաջին հայացքից սա շարքային իրադարձություն է թվում, բայց հայկական տնտեսվարողների համար սա խոշոր եւ անհանգստացնող ահազանգ է: Այն մարդիկ, ովքեր ձեռնամուխ են եղել այս ճանապարհով գործողությունների, չեն հասկանում կամ լավ էլ հասկանալով են այդ վնասը հասցնում ՀՀ տնտեսվարողներին, ՀՀ-ին։

- Ո՞ւմ եք մեղադրում՝ Քննչական կոմիտեի՞ն՝ ի դեմս Արգիշտի Քյարամյանի, որ կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, թե՞ այլ մեղավորներ կան։

- Ես որեւէ մեկին չեմ մեղադրում, ուղղակի մարդկանց, որոնք իրավասություն ունեն, եւ իրենց գործողությունները ռեպրեսիվ բնույթի են, ասում եմ, որ իրենց իրականացրած գործողությունների արդյունքում հետեւեն, թե ինչ են ստանում մեր պետության, մեր հասարակության համար։ Հանրային գիտակցության փոփոխության կարիք ունենք մենք, այդ մասին նաեւ երկրի վարչապետն է տարբեր ամբիոններից խոսում, այդ խնդիրների քննարկման կարեւորությունը մեզ համար օդ ու ջրի պես է, եթե ՀՀ վարչապետը որեւէ ամբիոնից հրապարակային չի խոսել այն մասին, որ տնտեսական ազատությունները, տնտեսությամբ զբաղվող մարդկանց հանգստությունը կարեւոր է մեր զարգացման համար, դեռ չի նշանակում, որ դրա մասին չպիտի մտածեն մարդիկ, որոնք իրավապահ մարմիններում են։

- Վարչապետը տարբեր ամբիոններից հավաստիացրել է, որ այլեւս գործեր չեն «կարվում», իրենք չեն միջամտում, բայց երկակի մոտեցումներն այլ բանի մասին են ասում, Դուք ուզում եք ասել, որ «վերեւներում» տեղյակ չե՞ն իրավական այս ֆարսի մասին։

- Վերեւներում չեն կարող ամեն ինչից տեղյակ լինել, որովհետեւ ինքն էլ իր խնդիրների ու դրանց լուծումների մեջ է թաղված։ Կա նաեւ վիճակագրություն, թե ոնց են աղմկահարույց հայտարարություններ անում, ոնց են թմբկահարում, բայց 6 ամիս անց պարզվում է` ո՛չ հանցակազմ կար, ո՛չ բան, այլ ընդամենը աղմուկ էր պետք՝ ուսին  հերթական աստղը կամ հերթական մեդալը ստանալու համար։ Բայց խնդիրը, կրկնում եմ, առավել քան խորքային է. Հայաստանը տնտեսվարողների համար պետք է հուսալի դաշտ լինի, այս մարդկանց գործունեության արդյունքով ապրում է պետությունը, ձեւավորվում է մեր բյուջեն, իրավապահների մտքի ծայրով չպետք է անցնի, որ կարող են պետական գործիքակազմ կիրառելով՝ խաթարել տնտեսական դաշտը։ Դուք չեք պատկերացնի՝ սա ինչ կարեւոր խնդիր է, առավել կարեւոր, քան փաստը, որ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց են կալանավորել, հենց այս կարեւորությունը հաշվի առնելով է, որ ես խոսում եմ այս մասին: Իհարկե, ճիշտ կլիներ չխոսել, քանի քննություն է գնում, հիմա կասեն՝ տեսա՞ք, էն պատգամավորն էլ մեջ ընկավ, բայց խնդիրն այնքան եմ կարեւորում, թե ոնց է վերաբերվում իշխանությունը տնտեսությանը, որովհետեւ մեր ապագան, մեր բարվոքությունը տնտեսական զարգացման մեջ է։ Պետության պատասխանատուները պետք է սրա համար բարենպաստ պայմաններ ստեղծեն։

- Իսկ ինչո՞ւ եք բացառում իրավապահների վարկածը, որ ինչ-որ մարդիկ «դրդել» են: Ասենք, Ալեն Սիմոնյանը չէ՞ր կարող նման քայլի գնալ։

- Ես էլ ասում եմ՝ դուք ոչ մի բան չեք բացահայտել, որովհետեւ եթե ինչ-որ բան եք բացահայտել, տենդերն այլ ընկերություն է շահել` հերիք չի, մի հատ էլ բողոքել է։ Ի վերջո, պետական կառավարման գործընթացում մենք չպետք է ստենք, իսկ այս պրոցեսի մեջ ես լուրջ ստախոսություն եմ տեսնում կամ էլ իրականությունը խեղաթյուրելու փորձ։

- Ո՞ւմ կողմից։

- Մասնակիցներից մեկի, այն փաստը, որ ես միջնորդագիր եմ ստորագրել, արդեն հասկանալի է դարձնում, թե կասկածներս որ կողմի վրա են։