«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանին գովերգող հաղորդումները լսելիս ՀՀԽ-ի մոտ հարցեր չե՞ն առաջանում 

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանին գովերգող հաղորդումները լսելիս ՀՀԽ-ի մոտ հարցեր չե՞ն առաջանում 

Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված հարցազրույցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, թեեւ նա որեւէ նորություն չասաց` ընդամենը կրկնեց, որ Հայաստանն իր օրոք այնքան խեղճ պետություն է դարձել, որ պետք է ծնկի գա թշնամի պետությունների առաջ: Հարցազրույցից հետո Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը ներողություն-պարզաբանումով հանդես եկավ` քննադատելով վարչապետի ասածները եւ նշելով, որ հարցազրույցը չի ստացվել: Ապա Փաշինյանի աջակիցներից կազմված Հանրային հեռարձակողների խորհուրդը հայտարարությամբ հանդես եկավ, թե Խումարյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` երկրի ղեկավարի հայտարարությունները վիճարկելի չեն եւ այլն: Խորհրդի կազմում են Արա Շիրինյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Վահագն Թեւոսյանը, Արփի Ոսկանյանը, Արամ Սուքիասյանը, Վարուժան Օլքինյանը, Վասակ Դարբինյանը:

«Հրապարակը» մեկնաբանություն խնդրեց խորհրդի անդամներ Արփի Ոսկանյանից եւ Վահրամ Մարտիրոսյանից, երկուսն էլ վախվորած ձայնով ու կեղծ սիրալիրությամբ նշեցին, որ ոչինչ չունեն ավելացնելու:

Արփի Ոսկանյան. «Ներեցեք, մենք հանդես ենք եկել հայտարարությամբ եւ դրան ավելացնելու որեւէ ուրիշ բան չունենք: Ես չեմ կարող ոչինչ ասել: Խորհուրդը կոլեգիալ մարմին է, եւ մենք այդ կարծիքն իրար հետ ենք մշակել ու ներկայացրել»: Վահրամ Մարտիրոսյանից էլ հետաքրքրվեցինք` եթե նույն Գարեգին Խումարյանը Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին դրական հրապարակում աներ` Ռադիոյի կայքէջում, խորհուրդը կրկի՞ն կհայտարարեր, որ Խումարյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը։ «Իմ պաշտոնն ընտրովի պաշտոն է…. լավ, լավ: Ես չեմ ուզում խոսել ձեզ հետ, չեմ կարող խոսել»,- նշեց Մարտիրոսյանը:

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների նախկին ղեկավար Աստղիկ Ավետիսյանը, անդրադառնալով թեմային, նշեց. «Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն տարածելուց առաջ պետք է իրավական եւ էթիկական բոլոր հարցերը քննարկեր, հասկանար, թե որտեղ է խախտում գրանցվել, ինչ էթիկա է խախտվել: Եթե Հանրային ռադիոյի, որպես ամբողջական խմբագրության կոնցեպտը քննարկենք, ապա Ռադիոյի տնօրենը հանգիստ կարող էր ունենալ սյունակ, որտեղ պարբերաբար վերլուծականներով հանդես կգար: Եթե տնօրենն իր տեսակետը հանրայնացնելու խնդիր ունի, բնականաբար, պետք է անի այն լրատվամիջոցում, որտեղ ինքն է աշխատում: Հանրային հեռուստաընկերությունն ու Հանրային ռադիոն հանրությանն են, բայց վերջին տարիներին եթերում հնչում են միայն այնպիսի տեսակետներ, դիրքորոշումներ, որոնք ձեռնտու են օրվա իշխանություններին, եթերներին մասնակցում են հատուկ ցուցակներում ներառված մարդիկ, որոնք վտանգավոր չեն իշխանության համար: Հանրային ռադիոյի «Ռադիոլուրը» տարբերվում է շատ լրատվամիջոցներից իր սկզբունքային ու լրագրողական արտադրանքով: Գուցե նաեւ սա է պատճառը, առիթ էր պետք, որ լուծեն այս հարցը եւս: Մեկ այլ երկրում Հանրային ռադիոյի տնօրենի գրառումն ազդակ կարող էր լինել, որ ինչ-որ բան այն չէ, եւ փոխվելու, բարեփոխվելու կարիք ունենք, բայց մեր երկրում 37 թվին բնորոշ վարքագիծ է դրսեւորվում, ինչը ցավալի է: Իսկ մասնագիտական բոլոր խորհուրդներն ու հանձնաժողովները գործում են ոչ թե ի շահ մասնագիտության եւ ոլորտի, այլ՝ հաճոյանալու օրվա իշխանություններին: Նույն Հանրային ռադիոյում կան քաղաքական հաղորդումներ, որտեղ ամեն օր գովաբանում են Նիկոլ Փաշինյանին, իշխանության գործողություններն արդարացվում են: Այդ հաղորդումներն ունկնդրելուց հարցեր չե՞ն առաջանում ՀՀԽ-ի անդամների մոտ»:

Զրուցեցինք նաեւ ՀՀԽ նախկին անդամ, լեզվաբան Լեւոն Գալստյանի հետ: «ՀՀԽ-ի հայտարարության մեջ ասվում է, որ մեզանում ժողովրդավարություն է, եւ կարող է Հանրային ռադիոյի տնօրենն արտահայտի իր կարծիքը, ապա ասվում է, որ չարաշահել է պաշտոնեական դիրքը: Այս երկու պնդումների միջեւ կա հակասություն: Ես հնարավորություն եմ ունեցել աշխատելու Գարեգին Խումարյանի հետ: Իմ կարծիքը նրա մասին դրական է: Նա աշխատող, բանիմաց, գործից հասկացող, պատասխանատու եւ զուսպ մարդ է: Ինչ վերաբերում է իր տեսակետներին, դա իր իրավունքն է: Ես Խումարյանի տեքստում որեւէ չափազանցում, առավել եւս պաշտոնեական դիրքի գերազանցում չեմ նկատել»,- նշեց Գալստյանը: Հարցրինք` հիշո՞ւմ է, որ առաջներում, երբ ինքը ՀՀԽ անդամ էր, խորհուրդը նման հայտարարություններով հանդես գար, դատավորի դեր ստանձներ, դատապարտեր լրատվամիջոցի ղեկավարին` կարծիք հայտնելու համար: Գալստյանը նման բան չհիշեց: