Հիվանդ գաղափար

Հիվանդ գաղափար

Մարդ բանուգործը թողնի` ողջ օրը զբաղվի Նիկոլ Փաշինյանի ելույթներում տեղ գտած սխալ, վտանգավոր, իրարամերժ, վնասակար մտքերը բացահայտելով: Ցավոք, դա անհնարին է, բայց երեկվա հարցուպատասխանից մի դրվագ, այնուամենայնիվ, արժանացավ իմ ուշադրությանը: Նախ, բոլոր ելույթներն արտաքուստ բխում են հայ ժողովրդի, Հայաստանի շահերից, եւ շարքային մարդիկ, հավանաբար, էյֆորիայի մեջ են ընկնում` լսելով նրա հռետորական հնարքներն ու դեմագոգիկ հայտարարությունները: Ահա` խոսում է «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու հիվանդ, վտանգավոր, լավագույն դեպքում` անիմաստ նախաձեռնության մասին: Ասում է` ուզում ենք «մեր պատմության մեջ` պետականություն չունենալու դրվագների դոմինանտությունը փոխարինել պետականություն ունենալու դրվագների դոմինանտությամբ»:

Ի՜նչ հրաշալի խրթին միտք, որ էլեկտորատը լսի ու ասի` էս խեղճ մարդուց էլ ի՞նչ եք ուզում` պետականության ջատագով է ու նվիրյալ: Ոչինչ, որ մեր պետությունը դարձրել է ցլի առաջ նետված կարմիր լաթի մի կտոր, եւ ով հասնում, ոտքերն է վրան սրբում: Ենթադրենք` իրոք, ընդամենը պետականության դոմինանտության խնդիրն է լուծում: Բայց մի՞թե այդ խնդիրը կարող է լուծվել առարկայի անունը փոխելով: «Պատմություն» առարկայի հերն անիծել են` գոնե 7-րդ դասարանի դասագրքի դեպքում, ինչ հակագիտական թեզ ասես գրել են այդ գրքում: Պարզվում է` դա կապ չունի, առարկայի անունն է պետք փոխել: Եթե մտադրությունը չար չէ, ի՞նչ իմաստ ունի այս ծանր ժամանակներում մեր խոցված ու վիրավոր ժողովրդին նման սթրեսի ենթարկելը` կազմաքանդված, բարոյալքված, վտանգված սահմաններով երկրում «Պատմություն» առարկայի անունը փոխելով: Եթե դա ալիեւյան ծրագրի բաղկացուցիչը չէ, ինչո՞ւ եք հենց այս պահին այդ խնդիրն ասպարեզ բերել: