Վա՛ր իջիր սըկե, էլ երկիր չմնաց․․․

Վա՛ր իջիր սըկե, էլ երկիր չմնաց․․․

Առաջ հայհոյանքի համար էին քրեական պատասխանատվության ենթարկում, հիմա էլ սկսել են իբր թե բռնության կոչեր հնչեցնելու համար պատասխանատվության ենթարկել։ Այս իշխանության մտածողությունը ենթագիտակցական մակարդակից, զգացողականից չի բարձրանում։ Իսկ նրանց ենթագիտակցությունը, որով առաջնորդվում են, մի բան է հուշում։ Եթե առաջ սրտհովության համար իրենց հայհոյում էին,  այսօր քչություն կանի, դրանով չեն բավարարվի։ Իրենք էլ գիտեն իրենց արածի կործանման չափը։ 

Ինչևէ, բռնության կոչերի համար  արդեն գործեր են նախապատրաստում և կարծում եմ դա ավելի լայն թափ կստանա՝ իրենց բերած արհավիրքների չափին համապատասխան։ Մի պարզ բան եմ ուզում բացատրել։ Բռնություն սովորաբար գործածում է իշխանությունը, լծակ ունեցողը, ուժեղ կողմը։   Բռնություն է իշխանությունից առաջացող այնպիսի գործողությունները, որոնցից են սպառնումը և վախեցնումը, անտեսումը և բացասումը, գործից, ապրելու միջոցից զրկելը։  Պաշտոնական դիրքը ի չար օգտագործել է նաև խրախուսաբար «իր հրամանները կատարողներին» պարգևավճար տալն ու խրախուսելը՝ ի տես այլախոհների։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բռնությունը սահմանում է որպես «Ֆիզիկական ուժի կամ իշխանության (լիազորություն, դիրք) դիտավորյալ կիրառումը կամ կիրառման սպառնալը որևէ անձի, անձանց խմբի կամ հանրության նկատմամբ, որը հանգեցնում է կամ մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել մարմնական վնասվածքների, զրկանքի, մահվան, հոգեբանական վնասի կամ զարգացման խանգարումների»։

Այս մեջբերումն անում եմ  եմ  նրա համար, որ իմանաք դիրք, իշխանություն ունեցողն է բռնության գնում։ Թույլ, խոցելի  կողմը (իշխանություն դիրք չունենալու առումով եմ թույլ ասում) ընդամենը պաշտպանվում է կամ ելնելով իր անպաշտպան, անօգնական  վիճակից՝ աղմուկ- աղաղակ է անում։ Նիկոլ Փաշինյանն այդ աղմուկ- աղաղակն է բռնություն համարում, որն ընդամենը սեփական անվտանգությունը պաշտպանել է նշանակում։ Օրինակ բերեմ։ Մարդու աչքի առաջ իշխանությունը  թշնամուն է հանձնում  իր հայրենի հողը, տունը, իր մանկությունը, երիտասարդությունը, հիշողությունը, երբ մարդը նրան կոչում է իր անունով և ասում՝ ժողովուրդ, ինչու՞ եք լռում, չէ՞ որ միայն իմ տունը չի հանձնում, քայլ- քայլ մոտենում է բոլորիդ տներին, դա Փաշինյանը բռնություն է համարում իր աթոռի հանդեպ։ Եղբայր, վար իջիր աթոռից, Էլ երկիր չմնաց։   Հակոբ Պարոնյանն իր ժամանակին ձեզպեսների մասին է ասել, որոնց «սիրտը ազգին համար կը բաբախե»՝ վա՛ր իջիր սըկե։ ( Սըկե կնշանակի տեղափոխվիր, անհետացիր)Մեզ տուր մեր երկիրը։ Մեզ լռեցնելը, մեզ անտեսելը, մեզ խաբելը, մեզնից գաղտնի քայլեր անելը, մեզ թուրքի երախը տալը, մեր երկիրը հանձնելը  ևս բռնություն է։