Թուրքիայի հերթական առեւտուրը կամ «սառը ցնցուղ» ՌԴ-ի համար

Թուրքիայի հերթական առեւտուրը կամ «սառը ցնցուղ» ՌԴ-ի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի համաձայնությունը՝ հանելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ վետոն։ «Ես ողջունում եմ Թուրքիայի, Շվեդիայի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արած հայտարարությունը, ներառյալ նախագահ Էրդողանի պարտավորությունը՝ խորհրդարանին ներկայացնելու Շվեդիայի անդամակցության արձանագրությունը՝ վաղաժամ վավերացման համար: Ես պատրաստ եմ աշխատել նախագահ Էրդողանի եւ Թուրքիայի հետ՝ եվրաատլանտյան տարածաշրջանում պաշտպանությունն ու հակազդումն ուժեղացնելու համար։ Ես անհամբերությամբ սպասում եմ վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնին եւ Շվեդիային՝ որպես ՆԱՏՕ-ի մեր 32-րդ դաշնակցի: Ես շնորհակալություն եմ հայտնում գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին՝ իր ուժեղ առաջնորդության համար»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Դաշինքին Ստոկհոլմի անդամակցության վրա դրված վետոն հանելու՝ Անկարայի համաձայնության դիմաց Շվեդիան խոստացել է «ջանք գործադրել» Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ մաքսային միության արդիականացման եւ առանց վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունների ակտիվացման համար՝ իր հերթին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ ԵՄ-ն նույնպես ողջունել է Թուրքիայի խոստումը՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Այս մասին էլ Twitter-ում գրել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Պատմական քայլ՝ Վիլնյուսում։ Ես ողջունում եմ այն կարեւոր քայլը, որը Թուրքիայի նախագահը խոստացել է կատարել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վավերացնելու համար»,- գրել է ֆոն դեր Լեյենը։ Հավելենք, որ Թուրքիան տեւական ժամանակ է՝ վետո էր դնում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, պարբերաբար առաջ քաշելով նախապայմաններ։

Ի դեպ, Եվրահանձնաժողովը նախօրեին մեկնաբանել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ համեմատությունը։ Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարի տեղակալ Դանա Սփինանտն ընդգծել էր, որ այդ երկու գործընթացներն «առանձին» են եւ տեղի են ունենում «զուգահեռաբար»։ «ԵՄ-ն ունի շատ կառուցվածքային գործընթաց ԵՄ թեկնածու երկրների համար՝ հստակ քայլերով։ Դուք չեք կարող կապել այս երկու գործընթացները: Յուրաքանչյուր թեկնածու երկրի անդամակցության գործընթացը հիմնված է այդ երկրների ձեռքբերումների վրա։ Հաջորդ քայլերի ռիթմը որոշվում է թեկնածու երկրների կողմից նպատակներին հասնելու կամ նախանշված քայլերի առաջընթացով եւ աշխատանքով»,- ասել էր Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

Մինչդեռ, ինչպես ցույց տվեց Թուրքիա-Շվեդիա-ՆԱՏՕ վերջին գործարքը, ԵՄ-ի ներսում, փաստորեն, առկա են լուրջ հակասություններ։ Բացի այդ, ամերիկյան առաջատար լրատվամիջոցները կարծում են, թե Թուրքիան կաթվածահար կանի ՆԱՏՕ-ն եւ սեփական օգուտները կքաղի Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալուց։ Ուշագրավ է նաեւ, որ Անկարայի այս քայլը կարող է ՌԴ-ում ընկալվել հերթական քայլը` իրեն համագործակցության դեմ, քանի որ հավաքական Արեւմուտքի հետ մեծ հակասություններ ունեցող Մոսկվան բազմիցս արտահայտել է իր բացասական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի ընդլայնման, այդ թվում՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության դեմ։ Ի վերջո, 2022 թ․ փետրվարին Ուկրաինայում սկսված պատերազմը, թեեւ փաթեթավորվեց ապառազմականացման եւ ապաազգայնականացման նպատակներով, իր ակունքներում ու բուն պատերազմի մեկնարկից շատ առաջ որակվում էր որպես Արեւմուտքի ու հատկապես ՆԱՏՕ-ի սպառնալիքների դեմ ուղղված պայքար։ Ինչ վերաբերում է Թուրքիայի քաղաքականությանն ու այդ համատեքստում Անկարա-Մոսկվա հարաբերություններին, ապա այդ առնչությամբ Ռուսաստանում որոշակի մտահոգություններ բարձր մակարդակով արդեն իսկ հնչել են։

«Ազովի» հրամանատարների հանձնումը Կիեւին՝ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում է։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Բոնդարեւը։ Այդ փաստը, ինչպես նաեւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին արագացված ռեժիմով անդամակցության մասին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Թուրքիան չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամական երկրի․ ընդգծել է ռուս պաշտոնյան՝ հիշեցնելով նաեւ Անկարայի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու ու Ղրիմի հարցում ուկրաինամետ դիրքորոշման մասին։ Ի դեպ, Սպիտակ տանը հայտարարել են, թե տեղյակ չեն եղել «Ազովի» հրամանատարների հանձնելու՝ Անկարայի ծրագրերի մասին, ձեռնպահ մնալով նաեւ մեկնաբանել, թե դրանով Էրդողանը որոշակի ազդակ է հղում Պուտինին։

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն էլ իր հերթին կոչ է արել ռմբակոծել Ուկրաինայում բայրաքթարի արտադրության նպատակով կառուցվելիք գործարանը։ Հարվածները պետք է կիրառվեն հենց այն ժամանակ, երբ գործարանը ստեղծվի՝ «Մոսկվան է խոսում»-ին տված հարցազրույցում հայտարարել է Զատուլինը։ «Ռմբակոծե՛լ։ Մեր երկիրը կարող է ռմբակոծել այս գործարանը՝ այն հայտնվելուն պես։ Կարծում եմ՝ սա այս գործարանի հետ վարվելու ամենաարդյունավետ միջոցն է։ Ինչ վերաբերում է այն բանին, որ դրանք անօդաչու թռչող սարքեր են, որոնք, ըստ երեւույթին, արտադրվում են թուրքական կողմի լիցենզիայի ներքո, ինձ թվում է, որ նախագահ Էրդողանի վերջին հայտարարություններից հետո դժվար է կասկածել, որ Թուրքիան ամենուր եւ ամեն ինչում սեփական շահն է փնտրում»,- ասել է ռուս պաշտոնյան։ Նրա խոսքով, Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շատ բարդ են, ուստի պետք չէ «ինքնախաբեությամբ զբաղվել»․ «Անկարան կողմնակից է, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ ատլանտյան համերաշխություն ցուցաբերելու համար։ Պետք չէ իզուր շողոքորթել կամ չքմեղանալ․ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները շատ բարդ են... Թուրքիայի դեպքում, ինչպես միշտ, սակարկություն է, առեւտուր: Եվ այս սակարկությանը ոչ միայն մենք ու Թուրքիան ենք մասնակցում, այլ նաեւ այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Ուկրաինան։ Թուրքիան զբաղվում է այս առեւտրով։ Սրա համար կարող եք մեղադրել Անկարային, բայց նա, ինչպես ինքն է կարծում, առաջնորդվում է իր ազգային շահերով»։

Բնական է, որ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Թուրքիան, առաջնորդվում է սեփական շահերով, բայց որ Անկարա-Մոսկվա թվացյալ ջերմ հարաբերությունները մտնում են նոր՝ ճգնաժամային փուլ, խոստովանում են նույն ռուսները։ ԼՂ հարցի շուրջ սակարկելուց եւ ադրբեջանական կողմի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուց հետո ենթադրվում էր, որ Թուրքիան կգնա նոր՝ այս անգամ քաղաքական տարածքներ նվաճելու ճանապարհով, չերկնչելով խախտել Կրեմլի հետ պայմանավորվածությունները կամ հիասթափեցնելով Մոսկվային։ Ինչպես ասում են՝ մավրն արեց իր գործը, մավրը հեռացավ․․․ Հարավային Կովկասից։ Հայաստանին մնում է ճիշտ կողմնորոշվել այս նոր իրողության մեջ եւ աշխարհաքաղաքական առեւտրի պայմաններում ու վերջապես առաջնորդվել ազգային, պետական շահով, այլապես մեր երկրի ու Արցախի գլխին մշտապես կախված է լինելու դամոկլյան սուրը:

Արա Ալոյան