«Հրապարակ». Ստորագրված թուղթը դառնում է սանհանգույցում օգտագործման ենթակա բան, եթե դրա հետեւում չկա լուրջ ուժ

«Հրապարակ». Ստորագրված թուղթը դառնում է սանհանգույցում օգտագործման ենթակա բան, եթե դրա հետեւում չկա լուրջ ուժ

Ադրբեջանի նախագահ Ալիեւը որքան կոշտացնում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը, տարածքային նկրտումներն իրագործելու սպառնալիքներ հնչեցնում, այնքան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նահանջում է եւ աբսուրդային զիջումների գնալու պատրաստակամության մասին է խոսում։

Դեռեւս այս տարվա հունվարի 10-ին Ալիեւը հստակ հայտարարել էր, որ հետ չի քաշվելու 2021-2022 թվականներին օկուպացրած ՀՀ ինքնիշխան տարածքներից, որ Ադրբեջանին ձեռնտու չէ հետքաշումը (կամ, Փաշինյանի ձեւակերպմամբ՝ զորքերի հայելային հետքաշումը), որովհետեւ այս ընթացքում իրենք կարեւոր ռազմավարական բարձունքներ են զբաղեցրել, որտեղից վերահսկելու են ՀՀ զինված ուժերի շարժն ու գործունեությունը։ «Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը»,- ասել էր Ալիեւը՝ միաժամանակ պահանջելով ութ «անկլավները»: Մեկ շաբաթ անց Փաշինյանը «հուժկու» պատասխան տվեց Ալիեւին` առաջարկելով «սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմներ» կիրառել։ 

Իսկ բանակի օրվա տոնական միջոցառման ժամանակ Փաշինյանը զարգացրեց այս միտքը` նոր առաջարկով հանդես եկավ. սահմանի ապառազմականացման մասին, նաեւ պատրաստակամություն հայտնեց մինչեւ խաղաղության պայմանագիրը ստորագրելը «չհարձակման մասին փաստաթուղթ» կնքել։ «Կրկին արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի որեւէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի, եւ որեւէ մեկը չպետք է հավակնություն ունենա Հայաստանի Հանրապետության որեւէ տարածքի նկատմամբ: Ինչպես ասել եմ` մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատեւ եւ անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից: Մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով եւ, բացի դա, անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին: Օրինակ, զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ: Այդ սահմանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով վեր է ածվել պետական սահմանի, եւ Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները՝ Հայաստանի վերահսկողության ներքո: Մենք նաեւ սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաեւ՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաեւ՝ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով` ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը հետ չի կանգնելու իր ձեռքբերումներից ու նորանոր նկրտումներ է դրսեւորելու, ուստի ոչ թե ապառազմականացման պետք է գնալ, այլ հակառակը՝ մեր սահմանները պետք է ռազմականացնենք, եւ եթե Ադրբեջանը չի ուզում մեր սուվերեն տարածքներից դուրս գալ, ապա ՀՀ զինված ուժերը խնդիր պետք է դնեն՝ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը։ «Ադրբեջանի նկրտումները, այն հռետորաբանությունը, որ կիրառում են Հայաստանի նկատմամբ, մեր երկիրը համարում Արեւմտյան Ադրբեջան, ի սկզբանե պարզ էին դարձրել, որ խաղաղության պայմանագիրը պարզունակ խաբկանք է, խաղաղության հաստատումը՝ միանշանակ անիրագործելի։ Չկան պայմաններ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար, ուստի լինելու է միակողմանի պարտադրանք։ Իսկ ընդհանրապես՝ խաղաղությունը չեն մուրում, այլ արժանապատիվ կերպով են նվաճում։ Այդ հռետորաբանությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները եւ Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը վկայում են մի բանի մասին, որ Ադրբեջանը չի գնալու խաղաղության, նա չի ուզում խաղաղություն, ընդամենը փորձում է իր շահերից ելնելով զիջումներ պարտադրել Հայաստանին»,- ասում է Սեյրան Օհանյանը:

Նա հիշեցնում է սահմանից զորքերի հայելային հետքաշման ՀՀ իշխանությունների առաջարկը, որն արվել է 2 տարի առաջ, մինչդեռ Ադրբեջանը մերժեց այն, իսկ ադրբեջանական զորքը շարունակում է մինչ օրս մնալ ՀՀ սուվերեն տարածքում․ «Հիմա ապառազմականացման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման մասին է խոսվում, որոնք, իմ կարծիքով, ընդամենը բառերի կույտ են՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակ նետված, այնպես, ինչպես երեկ։ Խոսում են, բայց ոչ մեկը չանդրադարձավ բանակի հիմնական խնդրին՝ մարտական հերթապահությանը, այն ծանր ծառայությանը, որն այսօր իրականացնում են բանակի հրամանատարությունն ու զինվորները տարբեր աշխարհագրական դիրքերում եւ դժվարագույն պայմաններում։ Ինչ վերաբերում է զորքերի եւ զինուժի վերահսկողությանը, գոյություն ունի միջազգային փորձ, Եվրոպայում զինված ուժերի վերահսկման համապատասխան ընթացակարգ կա, այդ առումով այն երկկողմանի չի իրականացվում, իրականացվում է ստեղծված եվրոպական անվտանգային համակարգերի վերահսկմամբ։ Իսկ Ադրբեջանն այսօր այդ վերահսկումը մեր բանակի նկատմամբ, ըստ էության, իրականացնում է միակողմանի՝ հոխորտանքների, պարտադրանքների, ուլտիմատումների միջոցով, թե ինչ իրավունք ունենք այսինչ զենքն այս երկրից գնել»։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասում է՝ չի ուզում «ապուշ» մտքեր մեկնաբանել, հիշեցնում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ անդամ դառնալուն պես արդեն իսկ ստորագրել են այն փաստաթղթի տակ, որով հնարավորություն է տրվում սպառազինությունների վերահսկման, բայց դա ոչ թե փոխադարձ վերահսկողության մասին է, այլ՝ ԵԱՀԿ-ի կողմից։ «ԵԱՀԿ-ն ուսումնասիրում է իր անդամ հանդիսացող երկրների սպառազինությունը, հիմա ասում եք՝ ինչի՞ ա նման բան ասել, իրեն հարցրեք, ասեք` այ մարդ, ինչի՞ ես նման բան հայտարարում, երբ ավելի բարձր մակարդակ ունեցող փաստաթուղթ կա։ Բայց դա էլ պիտի ասեմ, որ այդ փաստաթուղթն էլ չի գործում, չի գործել, մենք 5 անգամ գերազանցել ենք թույլատրելի սպառազինության սահմանը, բայց ո՞վ է մեզ ինչ ասել` ոչ ոք, որովհետեւ թղթի ստորագրումը որեւէ բան չի նշանակում, թուղթը դառնում է սովորական մի բան, որի վրա գրում եք, սանհանգույցում օգտագործում, եթե դրա հետեւում չկա լուրջ ուժ, որը կարող է կյանքի կոչել գրածը»,- ասում է Մովսես Հակոբյանը: Ապա շարունակում է, որ Փաշինյանի բոլոր մտքերի վերաբերյալ համապատասխան մասնագետները խոր աշխատանքներ պետք է տանեն եւ դիսերտացիա պաշտպանեն․ «Ասում է՝ ապառազմականացնել, եւ ի՞նչ, օրինակ` ձեր կարծիքով, դա ինչի՞ է բերելու․․․»: Դրանից հետո չի պատերազմելու Ալիեւը` շքերթով շարժվելու են դեպի Երեւան։ «Փաստորեն, Դուք ավելի ճիշտ եք գնահատում, քան Նիկոլ Փաշինյանը»։ 

Իշխանական թիմից մեկնաբանություն լսել մեզ չհաջողվեց, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ասաց, որ խիստ զբաղված է, չի կարող պատասխանել մեր հարցերին, մի քանիսն էլ «ցրել» էին լրագրողներին՝ ասելով, թե իբր չեն լսել Փաշինյանի հայտարարությունները։