«Հրապարակ». Ծառ ու ծաղկի փոխարեն՝ հիմա էլ կորտ

«Հրապարակ». Ծառ ու ծաղկի փոխարեն՝ հիմա էլ կորտ

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քննարկվեց «Մայր Հայաստան» արձանին հարակից ավտոկայանատեղիում թենիսի կորտ կառուցելու հարցը: Իսկ ինչո՞ւ են Օղակաձեւ զբոսայգուց կորտը հանում բերում այստեղ, ո՞րն է տրամաբանությունը: 

Մոնումենտի անտառը քաղաքի կանաչ տարածքներից ամենաշատ տուժածն է։ Երբեմնի սաղարթախիտ այգին դեռ 90-ականներին բոլորիս աչքի առաջ աստիճանաբար նոսրացավ հայ օլիգարխիայի շնորհիվ, իսկ 2000-ականներին տարածքներ զավթեցին, հյուրանոցներ ու առանձնատներ կառուցեցին, մայրուղին լայնացրին անտառի հաշվին: 
Եվ եթե քաղաքային իշխանությունը որոշել է այգիները վերադարձնել երեւանցիներին, ապա որտեղի՞ց է պետք սկսել, եթե ոչ Մոնումենտից։ Բայց արի ու տես՝ մե՛կ ֆուտբոլի դաշտ են որոշում այստեղ կառուցել, մե՛կ` կորտ, բայց ո՛չ ծառ ու ծաղիկ։ 

Երեւանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն ասում է՝ կորտերը պետք է մնան իրենց տեղում, քանզի դրանք գլխավոր հատակագծում ունեն իրենց տեղը, այնտեղ են շատ վաղուց եւ երեւանցու հիշողությունն են։ «Օղակաձեւ զբոսայգում ոչ մի շինություն պետք է չլինի, որովհետեւ այն լուրջ ֆունկցիոնալ նշանակություն ունի որպես կանաչ տարածք եւ պետք է ընդհանուր կոնցեպտ ունենա ամբողջ 32 հեկտարի համար, այլ ոչ թե հատվածային։ Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածում մենք վերականգնեցինք ուղղակի կանաչ տարածքը, այլ տեսլական ես չունեմ»։ Այն ժամանակ՝ 3 տարի առաջ, Քրիստինա Վարդանանը «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրենն էր, իսկ Օղակաձեւ այգու 6-րդ հատվածը Վարդան Մամիկոնյանի արձանից սկսվող տարածքն է, որտեղ կառուցվեց Սքեյթ-պարկը։ 

Մոնումենտում կորտ են ուզում սարքել` կենտրոնից հանում են, իմաստը ո՞րն է։ «Ես ոչ մի իմաստ չեմ տեսնում։ Այսօր Երեւանի կանաչապատման վիճակը եւ ապահովությունը կանաչ տարածքներով այնքան սակավ է, որ մեզ համար ամեն մետրը` կանաչ տարածքի, ունի կենսական նշանակություն կյանքի ապահովման համար։ Դրա համար կորտերը պետք է մնան իրենց տեղում, Օղակաձեւ զբսայգին պետք է վերականգնվի, դառնա կանաչ տարածք` առանց շինությունների, նույնն էլ վերաբերում է Մոնումենտին։ Ցանկացած տարածքում, որտեղ հնարավոր է, պետք է վերականգնել կանաչ գոտիները»,- ասում է Քրիստինա Վարդանյանը։ 

Երեւանը մշտական շինհրապարակի կարգավիճակում պահելը, հինը քանդել, նորը սարքելը ու վատ սարքելը նիկոլական իշխանության կայուն վարքագիծն է։ Ընդ որում, քանդելը տեսնում ենք, բաց սարքածը, որպես կանոն, ենթակա է վերաքանդման։ Այդպես եղավ, օրինակ, երբ երթեւեկությունից անտեղյակ մի «հանճարի» մտահղացմամբ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում շրջանաձեւ երթեւեկություն սահմանեցին, հետո խցանումների պատճառով վերադարձան հին տարբերակին։ Սարքած պատը փլվում է, գցած ասֆալտը՝ քանդվում, խողովակաշարերը չեն գործում, ավտոմեքենաներն ընկնում են փոսերի մեջ, նոր բերված ավտոբուսները սառույցի վրա չեն քշվում, նոր տնկած ծառերը չորանում են։ Ոչ մի բան չի գալիս այս իշխանության ձեռքից, բացի ճառելը։ 

Բայց ամենադաժանը կանաչ տարածքի հետ են վարվում` կանաչ ծառերը հատում են, օտար ու թանկ տնկիներ տնկում: Ասում են՝ «Այգիները վերադարձնում ենք երեւանցիներին», բայց անգամ Բուսաբանական այգու մի հատվածն են շինհրապարակի վերածել։ Ու միշտ նման կործանարար նախագծերն արդարացնում են նոր, «ցնցող» գաղափարներով. Հիշատակի պուրակ՝ բուսաբանականում, թենիսի կորտ` Մոնումենտում։