Հարուստների ու աղքատների կռիվ

Հարուստների ու աղքատների կռիվ

Մարդիկ դեռ մարսում են ընտրությունների արդյունքները։ Ես փորձում եմ «հավաքել» արձագանքները, որոնք շատ տարբեր են՝ այնպես, ինչպես տարբեր են մեր բնակչությունն ու նրա վերաբերմունքը մեզանում կատարվող իրադարձություններին։ Երեւանում ավելի հաճախ հանդիպող արձագանքը «ո՞նց կարող էր այսպես լինել»-ն է։ Մարդկանց ինքնասիրությունը վիրավորված է այն մտքից, որ մեր ժողովրդի մի հսկա հատված հավանություն է տվել պարտությանն ու կորուստներին, երկրի տնտեսական անկմանն ու ձախողված կառավարմանը։ Նրանք, ովքեր համաձայն չեն, բայց բնական են համարում ընտրությունների արդյունքները, փորձում են մեղքը սրա-նրա վրա գցել՝ ամենից շատ նախկին նախագահների եւ հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի, որը, մասնակցելով արտահերթ ընտրություններին եւ հաղթանակի մասին խոսելով որպես կայացած փաստի, հրահրեց, որ իրենից անհասկանալի վախ ունեցողների զանգվածը միավորվի եւ հակառակ բեւեռին ձայն տա։ Անգամ մտածող, գիտակից մարդիկ հետին թվով վրդովվում են․ «Դե, Քոչարյանը չպետք է մասնակցեր, որ չմասնակցեր, Նիկոլը 30 տոկոսից ավելի չէր ստանա»։

Մի բոլորովին այլ խավ է այն զանգվածը, որը երկրում տեղի ունեցած ոչ մի բացասական երեւույթ չի կապում Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարման հետ։ Սրանք ամեն ինչին բացատրություն ունեն եւ մեղավորների մի հսկա ցուցակ, որտեղ, բացի Փաշինյանից, բոլորը կան։ Նրանցից մեկը «հանճարեղ» ձեւակերպում տվեց՝ բացատրելով, թե ինչու է ձայն տվել «Քաղպայմանագրին»։ Ասաց․ «Սա աղքատների ու հարուստների կռիվ էր՝ Նիկոլն աղքատների կողմից ա, դրա համար եմ իրեն ձայնս տվել»։ Հեղափոխականների ամենամեծ ներդրումն այս 3 տարում այն էր, որ, սեւ-սպիտակի բաժանելուց զատ, 21-րդ դարում դասակարգային պայքար հրահրեցին եւ հասարակությունը՝ ըստ ունեցվածքի, պառակտեցին։