Ջինս, չեխական գարեջուր և, իհարկե, սուտ

Ջինս, չեխական գարեջուր և, իհարկե, սուտ

Գնաց, հիմա էլ Չեխիայում սուտ խոսեց: Թե բա խորհրդարանում ընդդիմության հետ կարևոր բան ենք քննարկել, լսել միմյանց: Էդ կարևոր բանն էլ, վախ, վախ վախ, կառավարության մեկ տարվա գործունեության կատարողականն է: Շատ խոր քննարկումներ էին… Որ Երևանում արդեն 5 տարի մանիպուլյացիաների հրավառություն է, գիտեի, բայց որ կարելի էր Չեխիայի մայրաքաղաքում այսպիսի հրավառություն սարքել, խոստովանեմ, չէի սպասում: Թե բա՝ խորհրդարանական ընդդիմության հետ լավացել եմ: Էդ լուրջ ես ասո՞ւմ: Հլա մեկ-երկուսի անունն ասա, տեսնեմ ո՞ւմ հետ ես լավացել: Վայ սուտլիկ որսկան, վայ…

Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական ընդդիմության հարաբերություններում կարմիր գծերը վերջնականապես ոչնչացել են 44-օրյա պատերազմից հետո, երբ մեր «Նապոլեոնը» թաքնվել էր ինչ-որ տեղ, որի անունը դրել էին «բունկեր» և այնտեղից էր հաթաթաներ տալիս ընդդիմությանը: Էլի ընդդիմությունն ասաց՝ լավ, ինչքա՞ն ես մնալու բունկերում, դուրս արի, տեսնենք ի՞նչ ենք անում, վիճակը վատ է: Եվ, պատկերացրեք, դա ընդդիմության առաջին «սխալն» էր: Չէր կարելի նրան դուրս թողնել բունկերից, մանավանդ որ բոլորը, կրկնում եմ՝ բոլորը, պահանջում էին, որ հրաժարական տա և, շատ ներողություն, սիկտիրը քաշի: Այո, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր պահանջում, կաթողիկոսներն էլ, ՀՀ նախագահն էլ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան էլ, այն ժամանակվա արտախորհրդարանական ընդդիմությունն էլ… Չեք հավատա, բայց «խորհրդարանական» Էդմոն Մարուքյանն էլ էր պահանջում Փաշինյանի հրաժարականը:

Մեկ էլ Փաշինյանը բունկերից դուրս է գալիս ու հայտնվում խորհրդարանում, թե ինչ կլինի, ինձ 6 ամիս ժամանակ տվեք, ես վերականգնեմ մեր բանակն ու տնտեսությունը… Եվ ո՜վ զարմանք, նրա հրաժարականը պահանջող Լևոն-Տեր Պետրոսյանը կտրուկ հայտարարում է, որ ընդդիմությունը պետք է խոսի Նիկոլ Փաշինյանի հետ, քանզի Նիկոլ Փաշինյանը, որպես առաջին դեմք, ավելի մեծ ինֆորմացիայի է տիրապետում և աշխարհի առաջին դեմքերը հարաբերվում են հենց նրա հետ: Չեմ կարծում, թե ՀՀ առաջին նախագահի այս հայտարարությունը կփրկեր Նիկոլին, եթե դրան շատ բուռն չարձագանքեին ՀՀ դեռևս չփախած նախագահ Արմեն Սարգսյանն ու ամենահաս խորհրդարանական «ընդդիմադիր» Էդմոն Մարուքյանը, որոնք հաջողացրին արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ձևավորել: 2021թ. փետրվարի 25-ին, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը Նիկոլ Փաշինյանին հայտարարեց երկրի անվտանգության համար թիվ մեկ վտանգ, Արմեն Սարգսյանը տիտանական ջանքերով միայն կասեցրեց կառավարության շենքը Նիկոլի հետ միասին հողին հավասարեցնելու «ծրագիրը»: Եվ գնացինք արտահերթ ընտրությունների: Սա էլ համարեք ընդդիմության երկրորդ «սխալը»: Այդ ո՞ւմ հետ էին ուզում իրենց ուժերը չափել 44-օրյա պատերազմի արդյունքում մահվան դուռը հասած Հայաստանի ընդդիմադիրները՝ Նիկոլի՞, որին պաշտպանում էր ողջ թուրքական աշխարհն իր հզոր հովանավորներով՝ ԱՄՆ, Իսրայել, Մեծ Բրիտանիա, Գերմանիա… Նիկոլին այնքան ստեր փչել տվին պատերազմից նոր դուրս եկած երկրի քաղաքացիների ականջին, այնպիսի տեխնոլոգիաներ գործադրեցին, որ ոչ մի ազգային ուժ հանկարծ հաղթելու հնարավորություն չունենա: Եվ Նիկոլը, հավաքելով 680 հազար «ոչխարաքվե» վերընտրվեց վարչապետի պաշտոնում:

Վերընտրվեց ու միացրեց «Ժողովուրդն ա մեզ քվե տվել» ձայնասկավառակը: Ում հարցնում էիր՝ քրֆում էր Նիկոլին «իր փայ» ձայն տվողին, ու մարդ չէր հասկանում՝ ստո՞ւմ էր, թե՞ ճիշտ էր ասում: Խորհրդարան անցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներն ուղղակի պատրաստ էին ծվեն-ծվեն անել կապիտուլյանտ հողատուին, «դեմոքր(ը)սին» մտցնել նրա համապատասխան տեղը, բայց ի՞նչ օգուտ, գնացքն արդեն գնացել էր, «ջինն» էլ բաց թողնվել շշից: Նիկոլն այլևս «լեգիտիմության» շորերով էր հայտնվել ասպարեզում, ավտոն քշում էր աջուձախ, ջան ասում, ջան լսում Ալիևի հետ: Էլ ի՞նչ «բոզի տղա», ինչ բան, բոլորին հավաքում, լցնում էր բանտերը, ասես ինքը չէր 5 հազար տան ճրագ մարած թիվ մեկ մեղավորը: Եվ Նիկոլի հետ շարունակվեց մեր պարտությունների շղթան՝ նոր զոհեր, նոր տարածքային կորուստներ, ուրացավ Արցախը, սկսեց չվիրավորվել իրեն «թուրք» անվանողներից, չվախենալ «դավաճան» բառից: Մի խոսքով՝ լկտիացավ:

Եվ ահա, 2021թ. խայտառակ ընտրություններից մոտ երկու տարի անց, Նիկոլը, որ սովոր էր իր հասցեին ամենանվաստացուցիչ որակումներին, հանկարծ խորհրդարանական ընդդիմության շարքերից լսեց «պարոն վարչապետ» արտահայտությունը: Դա իսկական հայտնություն էր նրա համար, ավելին ասեմ՝ հաղթանակ, տրիումֆ: Եվ նա չկարողացավ իր զարմանքը թաքցնել Պրահայում՝ թե բա մենք ընդդիմության հետ խոսում ենք, խորը-խորը քննարկումներ ունենում: Կարելի է, իհարկե, Նիկոլին «պարոն Փաշինյան»-ով դիմելը ընդդիմության երրորդ «սխալը» համարել, բայց դա շատ մակերեսային մոտեցում կլինի, եթե հաշվի առնենք Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների տրամաբանությունն ու հնարավոր հետևանքները մեր անտեր մնացած երկրի ու ժողովրդի վրա: