Արցախի եւ Հայաստանի փրկության ելքը

Արցախի եւ Հայաստանի փրկության ելքը

Արցախն ու Հայաստանն այնպիսի կատաստրոֆիկ վիճակում են հայտնվել, որ րոպե առաջ պետք է լուծում գտնել, հակառակ պարագայում ամեն ինչ կկորցնենք՝ պետականություն, պետություն, երկիր, հայրենիք։ Իսկ մինչ այժմ մեր քայլերը եղել են չհամակարգված, ցաքուցրիվ, իմիջիայլոց, ոչ նպատակասլաց, ոչ լիովին ճշգրիտ, այդ պատճառով էլ կոնկրետ դրական արդյունքներ չեն արձանագրվել: Այդ ընթացքում լիովին համոզվել ենք նաեւ, որ մենք միայնակ ենք մնացել աշխարհում եւ մեր հարցերի լուծման համար մեր հույսը պետք է դնենք միմիայն մեզ վրա։ 

Չկա գեթ մեկ երկիր, որ կկանգնի մեր կողքին եւ կօգնի մեզ՝ դուրս գալ այս աղետալի վիճակից: Հետեւաբար, եթե կա գեթ մեկ ելք, ապա այն մենք պետք է գտնենք եւ փորձենք դուրս գալ այս իրավիճակից: Շատ փորձեր ենք արել՝ դիմել տարբեր երկրների ու կառույցների, սակայն չի ստացվել, նրանք ոչ թե գործնական, կոնկրետ օգնություն են առաջարկել, այլ լոկ բառերով խաղաղության անորոշ առաջարկություններ են հղել երկու կողմերին։

Կարծում եմ, ստեղծված իրավիճակում հարցի լուծման միակ ռեալ ելքն այն է, որ աշխարհի ողջ հայությունը ձեւավորի մի մարմին՝ կազմված ճանաչված հայ ազգային գործիչներից, ում մեր ազգը հարգում եւ գնահատում է։ Եվ գիտակցի, որ հարցի լուծման ձգձգումը փաստացի կբերի հայոց նոր եղեռնի իրագործման։ Եվ պետք է միասնական փաստաթուղթ՝ հռչակագիր կազմվի՝ ուղղված աշխարհին, մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ. հայ ժողովրդի ուժերն անբավարար են՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իր նկատմամբ իրականացվող ոճրագործություններին հակազդելու համար։ Թշնամին իր պատմական տարածքում բնակվող հայերի էթնիկ զտման, նրա զբաղեցրած տարածքները զավթելու հստակ ծրագիր է իրականացնում։ Եթե ձեզ համար ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունն իրականում գերագույն արժեք են, ապա մի կողմ թողեք այդ տանդեմին ուղղված զուտ խաղաղասիրական խորհուրդները, քանզի բազմիցս համոզվել եք, որ դրանք բնավ չեն աշխատում, եւ փորձեք զուտ ուժային միջամտությամբ՝ պատժամիջոցներով լուծել այդ առանցքային հարցը, որն առաջին հերթին կփրկի հայ ժողովրդին, իսկ երկրորդ հերթին՝ այդ տանդեմին։ Նաեւ կզգոնացնի նման անբարո քաղաքականություն վարող երկրներին եւ ետ կպահի զավթումից ու ագրեսիայից։ Այլապես ակնհայտ կդառնա, որ դեմոկրատիա ասվածը լոկ քող է, աշխարհում չկա մարդու իրավունքների պաշտպանության չնչին ցանկություն, եւ ամեն ինչում կարեւորը զուտ շահն է ու ոչինչ ավելին: Այլ խոսքով՝ ձեր խաղաղասիրական խորհուրդները լոկ դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների պաշտպանության իմիտացիա են։ 

Եթե արձագանք չհետեւի, կնշանակի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հրեշավոր մտադրությունը նաեւ ձեր նպատակն է, որը թաքուն իրականացնում եք՝ խրախուսելով ագրեսորներին։ 

Եթե սրանից հետո էլ աշխարհի առաջադեմ երկրները կոնկրետ քայլեր չձեռնարկեն, ապա մենք պետք է հասկանանք, որ մենք իսկապես մենակ ենք եւ պետք է մեր հույսը կապենք միայն ինքներս մեզ հետ։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ