Մայր Հայաստանը քո հոր տունը չի, Նիկոլ

Մայր Հայաստանը քո հոր տունը չի,  Նիկոլ

Նիկոլը հիմա կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է։ Սփյուռքի հայությունը միշտ եղել է այն ճյուղը, որի վրա մայր Հայաստանը հենվել է։ Միանգամայն վստահ եմ, որ Փաշինյանին շատ քայլ չի մնացել անելու։ Երբ մարդը սղոցը վերցնում և կտրում է ճյուղը, որի վրա նստած է, ուրիշ էլ որտե՞ղ կհայտնվի, եթե ոչ գետնին։ Մայր Հայաստանը ուժեղ է եղել Արցախով ու Սփյուռքով։ Արցախի ճյուղը կտրեց ու հիմա անցել է Սփյուռքին։ Հայաստանին կտրում է իր հենարաններից։ Ի դեպ նույնը անում է նաև ներսում։ Սև ու սպիտակի պառակտումը կազմաքանդել է ազգը։ Անգամ չեմ ուզում անդրադառնալ, որ աղջնակը, որին որպես անցանկալի անձ արգելվել է մուտք գործել Հայաստան, ՀՅԴ անդամ է։ Նա հայ է։ Եվ, ի դեպ, հիշեցնեմ, որ Սփյուռքում ՀՅԴ-ն ինչ հզոր կառույց է և հայության գերակշիռ մասը նրա շուրջն է համախմբված։ Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ թե իր սուբյեկտիվ ցանկություններով առաջնորդվի, այլ պետական շահով։ Եվ պետք է սառը դատողությամբ մոտենա, որ ինքը մեր ծաղկուն երկիրն է հանձնել թշնամուն, մեր ոսկե գենոֆոնդն է ամայացրել։ Ու այդքանից հետո եթե ինքը չի հեռացել, ողջ աշխարհը կծիծաղի մեզ վրա, եթե հայը իր ընդվզումը ցույց չտա։ Ինքը իր արածի չափը պիտի ընկալի։ Դա անչափելի ու անպատկերացնելի է։ Սփյուռքում և ողջ աշխարհում անցանկալի հայ չկա։ Մայր Հայաստանը հայի տունն է, Նիկոլ։ Մայր Հայաստանը քո հոր տունը չի։ Դու իրավունք չունես որպես մեկ անձ Հայաստանի անունից այդ դուռը փակել հայի առաջ։ Քո սեփական ցանկությունները կարող ես միայն քո տանն արտահայտել։ Հայաստանին կտրեցիր Արցախից, հիմա փորձում ես կտրել Սփյուռքից, ո՞րն է գերնպատակդ։ Բարձրաձայնել պետք չէ, բոլորն էլ հասկանում են առաջնորդածդ այն ճանապարհը, որն անդունդ է տանում։ Արցախի երակը փրթեցիր, հիմա Սփյուռքի երա՞կն ես փրթում։ Հայաստան աշխարհը առանց Արցախի ու Սփյուռքի արյունաքա՞մ ես ուզում անել։