Երբ ստորացնողը ստորանում է ավելի․․․

Երբ ստորացնողը ստորանում է ավելի․․․

Կարդում եմ, որ Եռաբլուրում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, մարմնական վնասվածքներ պատճառելու համար ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի կայացվել։ Ազատ անցաթուղթ է տրվել՝ շարունակեք ծեծոց- ջարդոցին, մենք ձեզ տեր ենք։ Նորից նայեցի այն ստորացնող կադրերը, երբ ոստիկանները քարշ էին տալիս զոհվածների ծնողներին, որը ցանկացած մարդու մեջ զայրույթ կառաջացներ՝ ինչու՞ եք ստորացնում զոհվածների ծնողներին, ինչու՞ եք կոխկրտում մեր սուրբ- սրբոցը։ Նման ժամանակ կրծքավանդակիդ տակ ինչ որ բան ցավում է ու չես հասկանում՝ սի՞րտդ է, թե՞ ինչ որ անշոշափելի մի բան։ Ինչևէ, սկսեցի մտորել՝ միայն զոհվածների ծնողների ստորացու՞մն է այդպես մեծ ցավ պատճառում, թե՞ էլի ուրիշ բան կա։ Երբ խորացա, հասկացա, որ ստորացումը շղթայական ռեակցիա է։

Ստորացված վիճակում են առաջին հերթին ստորացնողները։ Ոստիկանը ստորացված չի՞ ավելի, քան զոհված զինվորի ծնողը, ում բարոյական ցավ է պատճառում։ Աչքիս առաջ հառնեց ՆԳ պետ Վահե Ղազարյանը։ Ինչու՞ է իշխանությունը մոռանում, որ երբ ենթակային ուղղորդում է որևէ խոցելի խմբի դեմ, առաջին հերթին ստորացնում, նսեմացնում է ենթակային։ Օրինակ, ազգային ժողովում, երբ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասաց․ «Երկար ժամանակ աշխատելով ոստիկանությունում՝ այս ամբիոնից պաշտոնապես ուզում եմ հայտարարեմ, որ նման գրագետ, համբերատար ձևով ոստիկանությունը չի ծառայել, ինչպիսին որ հիմա է ծառայում», ես մտածում էի, թե նա ո՞նց է ինքն իր հետ մնալու։ Ու մի հետաքրքիր բուրգ գծեցի մտովի։ Վերևում կա մի կետ, որ շղթայական ձևով նսեմացնում, ոչնչացնում է և՛ հերոսին, և՛ հերոսի ծնողին, և՛ զոհվածին, և՛ զոհվածի մորը, և՛ ոստիկանին, և, նրա պետին․․․

Բարձրացա ու հասա այդ կետին։ Այդ կետը ողջ շառավղով ուսումնասիրեցի և տեսա, որ բոլոր նսեմացվածների մեջ ամենանսեմացվածն այդ կետն է․․․Իրե՛ն էլ են ասում, ուղղորդում, նսեմացնում․․․ Իրե՛ն էլ են ստորացնում ավելի, քան ինքն է ստորացնում բոլորին․․․

Համատարած ողբերգության այս ֆոնին այնքան խղճալի են թվում շղթայի բոլոր կետերը, որ նա, ում իշխանությունը պատժում է, թվում է միակ ազատ ու մաքուր կետը, որտեղից կարելի է երկրի վերակենդանացման ստարտ վերցնել։