Ինչ են նախընտրել ուտել ռուսական միապետները․ Մաս 2-րդ
Ռուսական միապետների ճաշկերույթների ժամանակ սովորաբար մի քանի ճաշատեսակներ են մատուցվել։ 16-րդ դարից սկսած առաջին ճաշատեսակը եղել է տապակած ամբողջական կարապը։ Կարապներին բուծել են Կրեմլի Վոդովզվոդնու աշտարակի մոտ գտնվող հատուկ լճում։ Ընդ որում, նախ տապակած կարապը ցույց են տվել միապետին եւ միայն վերջինիս հավանությունը ստանալուց հետո կտրատել են եւ բաժանել հյուրերին։ 17-րդ դարում Ռուսիայում առանձնահատուկ պատվի արժանանալու նշան էր, երբ միապետը այն ափսեն, որից կերել է, կերածի մնացորդներով փոխանցել է հյուրերից ինչոր մեկին։ Այսօր այդ ամենը կարող է տարօրինակ թվալ, սակայն այն ժամանակ մարդիկ դա կերել են ու երջանիկ համարել իրենց։ Ռոմանովների ժամանակ այդ պրակտիկան անհետացել է եւ վերածվել արարողության։ Հայտնի է, որ 1667 թվականին ցար Ալեքսեյ Միխայլովիչը ի նշան դրական վերաբերմունքի, իր ափսեից արարողակարգային ձեւով մի կտոր համտեսել է եւ այն փոխանցել լեհական դեսպանին։
Արքայական ճաշկերույթներին կարող էին մատուցել նույնիսկ մի քանի հարյուր տեսակի ուտեստ։ Կարեւոր էր այստեղ միապետի անձնական նախընտրությունները։ Առավել հայտնի են եղել տապակած կամ խորոված թռչնամիսը՝ կարապներ, սագեր, հավեր եւ այլն։ Նույնիսկ՝ տապակած լուսանի միս է մատուցվել, ինչը հիմա կարող է զարմանք եւ տարակուսանք առաջացնել։ Բոլոր ուտեստները կարելի է բաժանել հետեւյալ դասակարգերի՝ սառը ուտեստներ, ապուրներ, տապակած ուտելիքներ, թխվածքներ եւ աղանդերներ։
Որպես աղանդեր մատուցել են շաքարացված մրգեր, կամ էլ գլազուրապատ կարկանդակներ, որոնցում եղել են մրգային միջուկներ։ 1660 թվականին ուկրաինական Չուգուեւ քաղաքում ռուսաց ցարի համար հատուկ սկսել են ձմերուկ մշակել։ Նաեւ քաղցր սեխեր են մատուցել։
Ռուս միապետները ավանդաբար խմել են մեղր։ Սովորաբար այն եղել է տարբեր թնդության, պարունակել ամենատարբեր մրգային եւ այլ հավելումներ։ Օղին, ի հեճուկս բոլոր կարծրատիպերի, ցարական ճաշկերույթների սեղաններին հայտնվել է 16-րդ դարի վերջից։ Ընդ որում, դա եղել է ոչ թե տեղական օղի, այլ իտալական։ 17-րդ դարում արդեն Ռոմանովները սկսել են օտագործել անդրծովյան գինիներ։
Արամ Յանին
Կարծիքներ