«Գոհ ու շնորհակալ» ժողովուրդ
Հասկանալի էր, որ, ի տարբերություն 2018 թվականի, Նիկոլն այս անգամ չէր կրելու ավագանու ընտրության քարոզարշավի բեռը, այն էլ՝ մայրաքաղաքում: Եվ այն, բնականաբար, ընկնելու էր Երեւանի փոխքաղաքապետ Ավինյան Տիգրանի ուսերին: Բայց հասկանալի չէր, թե ինչու է հենց այս օրերին Նիկոլը շրջագայում մարզերով: Հատկապես որ մի քանի օր առաջ այցելել էր ամենահարավային մարզը, իսկ այս օրերին ամենահյուսիսայինում էր: Ի՞նչ էր ուզում դրանով ասել ՀՀ շարքային քաղաքացիներին: Կարծում եմ, որ հարցի պատասխանը թաքնված է Լոռվա մարզի երկու տարբեր գյուղի երկու տարբեր մարդկանց արտասանած մեկական նախադասությունում: «Ամբողջ հայ ժողովրդի 80 տոկոսն իմ ու քո կողմից է… (շարունակությունն էական չէ)». սրա հեղինակը տարեց տղամարդ էր: «Ջուր չունենք, բայց ասֆալտ ունենք։ Աստծու չափ շնորհակալ ենք Ձեզ, պրն Փաշինյան». սրա հեղինակն էլ կին էր: Այսինքն՝ երեւանցի ընտրողը պետք է տեսներ, որ Լոռու մարզի ժողովրդի մեծամասնությունը գոհ ու շնորհակալ է Փաշինյանից ու կանգնած է նրա թիկունքին: Ու նրա համար նշանակություն չունի կենցաղային այս կամ այն անհարմարությունը: Իսկ եթե դրան էլ ավելացնենք Սյունիքում կնոջ կազմակերպած շուրջպարը, ապա կստացվի, որ այդ ընտանիքը վայելում է ողջ Հայաստանի բնակչության առնվազն համակրանքը:
Սակայն երեւանցին, որպես մայրաքաղաքի բնակիչ, տեսականորեն պետք է որ ավելի պահանջկոտ լինի: Ինչը եւ դրսեւորվեց Ավինյանին՝ հաշմանդամի աթոռին գամված աջափնյակցի տարիքով տիկնոջ պահանջի տեսքով: Նա ստանում է 40 հազար դրամ թոշակ, որից 25 հազարը գնում է դեղերին: Բայց պահանջն ընդամենը 10 հազար դրամի ավելացումն էր: Որպես թոշակառու՝ ասեմ, որ այդ չափի թոշակի դեպքում նույնիսկ 4-5 հազար (մեր «հարազատ» կառավարության կողմից տրամադրվող 10 տոկոս «քեշբեկը կամ հետվերադարձը) դրամի ավելացումն ինչ-որ հարցեր է լուծում: Չնայած ապրել, այն էլ՝ ոչ այնքան նորմալ, կարողանալուն հաստատ չի նպաստում ո՛չ 10 տոկոսի չափով հետվերադարձը եւ ո՛չ էլ, ասենք, 10 հազար դրամի ավելացումը: Սա՝ իմիջիայլոց՝ բարձրաստիճան նիկոլական պաշտոնյաների աննորմալ բարձր աշխատավարձերի ու պարգեւավճարների համատեքստում: Ինչ մնում է Նիկոլի, օ՜հ, կներեք, Տիգրանի գալու «պատվին» (դա ի՞նչ պատիվ է) աղբը հավաքելուն, ապա այն ձեռ էին առնում նույնիսկ խորհրդային տարիներին: Փաստորեն, ոչ թե Անկախության հռչակագիրն է մեզ գամել Խորհրդային Միությանը, ինչպես Նիկոլն էր ասում անցյալ շաբաթ, այլ «ժողովրդավարական Հայաստանում» խորհրդային կառավարման ավանդույթներին հարազատ մնալը:
Տխուր է, իհարկե, որ մեր ժողովուրդն այսպես «գոհ է ու շնորհակալ» թեկուզ արտաքնապես, երբ հանդիպում է Նիկոլին կամ նրա ենթականերից որեւէ մեկին: Տխուր է հատկապես 21-րդ դարում մեր պետության լինել-չլինելու ֆոնին: Բայց դրա մեղավորը մենք ենք, այն զանգվածը, որն իրեն խելացի ու գրագետ է համարում: Որ անկախության առաջին տարիներին չկարողացավ կողմնորոշվել, թե ինչպիսի պետություն է պետք կառուցել: Որ չկարողացավ ձեւավորել այնպիսի էլիտա, որի համար կարեւոր լիներ ոչ թե ՀՀՇ-ից լինելը («թեկուզ պոլի փետ լիներ»), այլ մասնագետ ու արժանապատիվ լինելը: Եվ ձեւավորեր այնպիսի իշխանություն՝ սկսած անկախության առաջին օրվանից, որը կառաջնորդվեր կառավարման իսրայելական, այլ ոչ թե ադրբեջանական մտածողությամբ՝ չունենալով դրա համար անհրաժեշտ բնական պաշարները: Այն է՝ նավթն ու գազը:
Կարծիքներ