Քիչ մնաց, Նիկոլ

Քիչ մնաց, Նիկոլ

Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն Ալիեւին ու Էրդողանին, այլեւ Նիկոլ Փաշինյանին հասկացրին, որ Արցախն Ադրբեջան չէ ու երբեք չի եղել Ադրբեջան: Մեզ համար կարեւորը, իհարկե, Նիկոլի հասկանալն է, բայց մենք էլ մի դժվարություն ունենք այդ առումով՝ Նիկոլն իրեն տվել է պեչենու բաղերն ու ձեւ է անում, թե Վանաձորի Խորենացու փողոցի ասֆալտապատման հարցերով է զբաղված: Ցույց է տալիս, թե առանձնապես ոչինչ տեղի չի ունեցել, իսկ առջեւում էլ Երեւանի ընտրություններն են ու Դոգի համերգը: 

Մինչդեռ տեղի է ունենում շատ մեծ բան: Նրա տխրահռչակ կառավարման ժամկետն է լրանում, իսկ իշխանափոխությունը, որքան էլ դա տարօրինակ հնչի, գալիս է Արցախից: Մերժելով Արայիկ Հարությունյանին՝ Արցախը մերժում է ոչ այնքան Ալիեւին ու Էրդողանին, որքան Նիկոլին: Ասել, որ Նիկոլը կապ չունի Արայիկ Հարությունյանի ու նրա աթոռի հետ, նշանակում է՝ ոչինչ չասել: Արայիկ Հարությունյանի հրաժարականի երկրորդ-երրորդ օրը չի լինի նաեւ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը տապալել է արեւմտյան շատ լուրջ մի ծրագիր, ըստ որի՝ Արցախը պետք է վերացվեր ադրբեջանական էներգակիրների ճանապարհից, իսկ Սյունիքը դադարեր պատնեշի դեր կատարել Թուրքիայի աշխարհակալական նկրտումների դեմ: Նիկոլին չի հաջողվել անել թե՛ մեկը եւ թե՛ մյուսը: Նա շատ մեծ ներդրում ունի այս հակահայկական գործում՝ պայմանավորված պատերազմ, հազարավոր զոհեր, ամոթալի կապիտուլյացիա, ԱՀ եւ ՀՀ սուվերեն տարածքների հանձնում Ադրբեջանին, ռուս խաղաղապահներին տարածաշրջանից հեռացնելու համար պայմանների ստեղծում եւ այլն, եւ այլն:

Բայց դա շատ քիչ էր, որպեսզի նա կարողանար արեւմտյան դավադրությունը հասցնել իր տրամաբանական ավարտին: Ըստ էության, պարզվեց, որ «Նիկոլ անպետք մուզիկանտ», որի «օրկեստր» ոչ ոք չսիրել: Արեւմուտքն այդպիսիներին չի հանդուրժում եւ, որպես կանոն, հեռացնում է ասպարեզից՝ փորձելով նրան փոխարինել մեկ այլ դրածոյով: Պորոշենկոն ծանրամարմին ու դանդաղաշարժ էր՝ փոխարինեցին Զելենսկիով: Սա էլ ճստպստան է, բայց լրիվ՝ լակոտ: Այսօր Արեւմուտքում նաեւ Զելենսկուն փոխարինողի հարցն են քննարկում, որ հանկարծ Վրաստանի պատմությունը չկրկնվի, եւ Ուկրաինան նորմալ ղեկավար չունենա:

Եվ հիմա, եթե մենք ուզում ենք, որ Հայաստանում Ուկրաինայի պատմությունը չկրկնվի, եւ Նիկոլին չփոխարինի Նիկոլ-2 դրածոն, ապա Արեւմուտքին պետք է զրկել Արցախի հարցին միջամտելու հետագա հնարավորությունից: Հենց դա է, որ տեղի է ունենում Արցախում: Արցախը ոտքի է կանգնել, Արցախին պարտվել չկա, Արցախի հետ է ողջ հայությունը, Արցախի կողքին են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը: Արցախի եւ Սյունիքի խնդիրն աշխարհաքաղաքական իմաստով շատ ավելի խորքային է, քան մենք ենք պատկերացնում, քան Նիկոլն էր պատկերացնում, երբ համաձայնում էր դառնալ ՀՀ վարչապետ եւ հարցը լուծել Արեւմուտքի եւ Թուրքիայի օգտին:
Շատ է խոսվել այն մասին, որ Նիկոլին հովանավորում են Թուրքիան եւ Ադրբեջանը, որ այդ երկրների ղեկավարներն ուղղակի սարսափում են Նիկոլի տապալման մտքից: Դրա մեջ մեծ ճշմարտություն կա, իհարկե, բայցեւայնպես, Ալիեւն ու Էրդողանն էլ այնքան հիմար չեն, որ ամեն ինչ դնեն Նիկոլի կոնին: Ցանկացած խփված խաղաթուղթ վերջիվերջո նետվում է խաղից դուրս եկած խաղաթղթերի կապուկի մեջ: Եվ, ահա, անխուսափելիորեն մոտենում է պահը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նույնպես համակերպվեն Նիկոլին փոխարինելու մտքի հետ եւ սպասեն Արեւմուտքի նոր առաջարկին: Թերեւս արդեն սպասում են:

Զուտ էթիկայի կանոններից ելնելով՝ կարելի է նաեւ Նիկոլին հարցնել՝ դու ուզո՞ւմ ես հեռանալ, թե՞ ոչ: Ինքը կստի, կասի՝ ոչ, բայց ամենաշատը հենց ինքն է ուզում հեռանալ եւ նույնիսկ չի փորձի դիմադրել: Մի բան է պաշտոն ձեռք գցելն ու հարստանալը, մեկ այլ բան՝ այդ հարստությունը վայելելը: Արեւմուտքը գուցե նրան նաեւ այդ երաշխիքը տա, բայց դա դեռ փաստ չէ, որ Նիկոլը կընդունի Արեւմուտքի առաջարկը: Նիկոլի դեմ եղած կոմպրոմատների այն հսկա ծավալը, որ այսօր պահվում է Մոսկվայում եւ կարող է հրապարակվել Արեւմուտքի վարած կործանարար քաղաքականությունն աշխարհին ի ցույց դնելու նպատակով, մեղմ ասած, ուղղակի անհաղթահարելի է Նիկոլի համար: Հայաստան այցելած Միշուստինի հանդեպ Նիկոլի անբռնազբոսիկ շողոքորթությունը եւ այն սերը, որ նա հեռավար կերպով տածում է Լադիմիր Լադիմիրովիչի նկատմամբ, արդեն իսկ հուշում են, որ Նիկոլ Փաշինյանի վերջին կանգառը Ռուսաստանում է՝ Արեւմուտքի պատանդի կարգավիճակով: Սա ճիշտ որսորդ Համոյի պատմությունն է: 

Էս Համոն, ուրեմն, հայտնի որսորդ է լինում: Մի անգամ գյուղում հայտարարում է, որ գնում է արջ խփելու, եւ ցանկացողները կարող են միանալ իրեն ու տեսնել, թե ինչպիսին պետք է լինի իսկական որսորդը: Բայց Համոյի գործերն այդ օրը թարս են գնում: Այնպես է ստացվում, որ արջը գաղտագողի մոտենում ու հետեւից ամուր գրկում է նրան: Համոն սկսում է գոռալ, քացի-քացի անել, հրացանն էլ ձեռքից ընկնում է: Գյուղացիք որ դա տեսնում են, մտածում են՝ Համոն ուզում է արջին մերկ ձեռքերով խեղդել: Շունչները պահած՝ միառժամանակ հետեւում են արջի ու մարդու մենամարտին, բայց զգում են, որ Համոյի վիճակն այնքան էլ լավ չէ: Ա, Համո՝ ձեն են տալիս գյուղացիք, ա, էդ հայվանին բրախի, թող գնա, մեղք ա… Արջը սրանց ձայնի վրա ավելի է սեղմում Համոյին: Մեկ էլ Համոն արջի գրկից գոռում է՝ ա, ես բրախըմ եմ, է, ինքը չի բրախըմ…

ՀԳ. Մի խոսքով, հենց Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, խնդրում եմ տեղեկացնել ինձ, որ Նիկոլի օրերը հաշվեմ: