Քաղաքականություն

Գնա, թե չգնա, միևնույնն է, գնալու է

Գնա, թե չգնա, միևնույնն է, գնալու է

Կարծում եմ, որ սրբազանը մի փոքր շտապեց՝ սառեցնելով հոգևոր իր գործունեությունը: Դա մի փոքր իջեցնելու է իր հեղինակությունն իշխանական միջավայրում և ըստ այդմ՝ պաշտպանված լինելը: Սառեցման մասին կարող էր հայտարարվել մի փոքր ավելի ուշ՝ երբ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնած լինեին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը: Իշխանական ճամբարից դրա անդրադարձի՝ առաջին ծիծեռնակն էլ նախկին ղուշ բռնած տիկինն էր, որը սրբազանի առումով օգտագործել էր, բռնվե՛ք աթոռից, «նախկին կուսակրոն արքեպիսկոպոս» արտահայտությունը: Երևի այդ առումով այլ դրսևորումներ էլ են եղել, որոնց ես ծանոթ չեմ: Բայց հենց նման դեպքերի առումով է կատարվել, ճիշտ տեղին և ժամանակին արված, ՀԱԵ հայտարարությունը

Ինչ մնում է քպական տիկնոջ գրությանը, ապա, կարծում եմ, սառեցման գործընթացի իմաստին հասու չի եղել տիկնոջ ուղեղը՝ էլ չասած «նախկին կուսակրոն» արտահայտության մասին: Այնուամենայնիվ, տիկնոջը որտեղի՞ց է հայտնի այդ հանգամանքը՝ եթե, իհարկե, այն համապատասխանում է իրականությանը: Ենթադրում եմ, որ չի համապատասխանում, այլապես վաղուց դա կվերածվեր «թավշյա զրույցների» թեմայի: Ինչևէ, ցտեսություն հայտնենք տիկնոջը՝ իշխանափոխությունից հետո «հանդիպելու» ակնկալիքով, և անդրադառնանք «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանի» ծանր հրետանուն՝ ոստիկանական բռնություններին: Ծանր ասելով նկատի ունեմ հենց ֆիզիկական քաշը՝ երբ մի քանի տասնյակ համազգոստավոր վրա է տալիս մեկ անձի:

Ի դեպ, դա այն դեպքը չէ, որ քանակը վերածվում է որակի, այլ ճիշտ հակառակը: Որովհետև համազգեստավորների խումբը տվյալ պարագայում վերածվում է խառնամբոխի: Իսկ այդ երևույթի դեպքում որակի մասին խոսելն ուղղակի անհնար է. եթե այն առկա է եղել մինչև այդ փոխակերպումը, ապա դրանից հետո ձեռք է բերել բացասական նշան: Այդպիսին է եղել, օրինակ, վեց տասնյակից ավելի ոստիկանների փորձը ներխուժել դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոն: Հիշե՛նք. 2018-ի ապրիլին երբեմնի «դուխով» Նիկոլը Ռադիոտան դուռ էր ջարդում ոստիկաննների լուռ հայացքների ներքո: Եվ, բնականաբար, նրա հիմնադրած «ժողովրդավարության բաստիոնի» ոստիկաններն էլ պետք է փորձեն անօրինական ձևով մուտք գործել այնտեղ, որտեղ նրանց չեն սպասում:

Չեմ կարող չանադրադառնալ նաեւ Նիկոլի հետ զրուցելու սրբազանի ակնկալիքին: Վերջինս երևի տեղյակ չէ, որ «մեծարգո վարչապետի» բազմաթիվ վախերից մեկն էլ նախկինում տեղի ունեցած իրադարձությունները չկրկնելու վախն է: Ու նշանակություն չունի այն հանգամանքը, որ նախկինում նման իրադրության «տերն» ինքն է եղել: Նույնիսկ ավելին՝ եթե հյուրանոցում Սերժի հետ հանդիպման ժամանակ առաջատար դերն իրենն էր, ապա այս անգամ այն կարող է փոխանցվել սրբազանին: Իսկ ով առաջատար լինի դեմ առ դեմ հանդիպման ընթացքում՝ նրանն էլ վերջնարդյունքում կլինի հաղթանակը: Այդ կանոնն ինքը լավ գիտի ու այդ պատճառով էլ խուսափում է հանդիպումից՝ թեկուզ հեղինակության կորստի հաշվին:

Ես Նիկոլը չեմ, որ ասեմ. եթե այդպես չլինի՝ կկտրեմ ձեռքս: Որովհետև գիտակցում եմ, որ ասվածն ընդամենը վարկած է, որ կարող է կյանքի կոչվել, սակայն կարող է լինել նաև հակառակը: Բայց բազմաթիվ հոդվածներում վերլուծելով Նիկոլի այս կամ այն արարքը կամ խոսքը, ենթադրում եմ, որ իմ առաջադրած վարկածի հավանականությունը բավական բարձր է: Բայց ինչ էլ պատահի կամ չպատահի, այսինքն՝ Նիկոլը չընդունի սրբազանի հետ հանդիպելու հրավերը, ինքը, միևնույն է, գնալու է: Որովհետև իր դիմաց կանգնած է ո՛չ նախկինը և ո՛չ էլ ներկան, ո՛չ սևը և ո՛չ էլ սպիտակը, ո՛չ արևմտամետը և ո՛չ էլ ռուսամետը և այլն, և այլն: Այլ հոգևոր անձնավորությունը, այն կառույցի սպասավորը, որ միշտ կանգնած է եղել հայապահպանության առաջատար դիրքում:

Հ. Գ. Այնքան ժամանակ, որքան ծանոթ եմ եղել թալեբյան «սև կարապի» երևույթին, հավատացած եմ եղել, որ այն վաղ թե ուշ տեղի է ունենալու մեր հայրենիքում: Եվ այսօր վստահ եմ, որ այդ երևույթն ընդունել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտնության կերպարանքը: Ինչը նշանակում է Նիկոլի անձնիշխանության վերացում. Գնա, թե չգնա նա այդ հանդիպմանը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image