Կվաճառեն Երևանի քաղաքապետարանին և խոշոր չափերի գումար կհանեն բյուջեից

Կվաճառեն Երևանի քաղաքապետարանին և խոշոր չափերի գումար կհանեն բյուջեից

Օրերս բլոգեր Արթուր Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացնում էր, որ ինչ-որ տարածքում գտնվում են մեծ քանակության տոմետներ։ Տարածքը նկարահանելու ժամանակ նրան էին մոտեցել երկու քաղաքացի՝ հայհոյանքներով դիմելով բլոգերին, թույլ չէին տալիս, որ տարածքը նկարահանի։ Հայհոյող քաղաքացին, որը, ենթադրվում է, այդ տարածքում աշխատող էր, ձեռքն էր առել կացին, որով սպառնում էր, որ կհարվածի, եթե Չախոյանը չհեռանա այդ վայրից։ Այս դեպքի մասին զրուցել ենք Արթուր Չախոյանի հետ։

-Օրերս Դուք տեսանյութ էիք հրապարակել, որտեղ ցուցադրել էիք, թե ինչպես են քանդում տոմետները` բրուսչատկան։ Ձեզ հաջողվե՞ց ճշտել, թե ինչ է արվում։ 

-Այն, ինչ ցուցադրվել է իմ հրապարակած տեսանյութում, ցույց է տալիս, թե ինչպես են որակյալ տոմետները քանդում փողոցներից՝ փոխարինում իբրև նորերով, որոնց որակական նկարագիրը շատ վատն է։ Այս դեպքի մասով, իմ ահազանգով ոստիկանությունում գործ է հարուցվել, բայց չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ հետաքննություն կլինի, քանի որ դեպքերը բազմաթիվ են, երբ դիմել ենք՝ գործ են հարուցել, բայց սայլը տեղից չի շարժվել։ 

-Տարածքը, որտեղ գտնվում էին այդ տոմետները, ու՞մ է պատկանում։ 

-Տարածքը գտնվում է «գյոլ» հատվածում՝ Խարբերդից դեպի Սովետաշեն տանող ճանապարհին ընկած հատվածում։ Ըստ պտտվող լուրերի, պատկանում է Տիգրան Ավինյանի մտերիմներից մեկին։

 -Ի՞նչ ծավալի տոմետների մասին է խոսքը։ 

-Այդտեղ գտնվող տոմետները միայն Սայաթ-Նովայի մայթի տոմետները չեն, որ իրենք են ասում։ Այնտեղ հավաքված տոմետների քանակից կարելի է ենթադրել, որ քաղաքի այլ մայթերից բերված տոմետներ են, որոնք ավելի լավ վիճակում են գտնվում և ենթակա չէին փոխվելու, և ինչպես իմ տեսանյութից էր երևում, այնտեղ այդ տոմետները խնամքով դասավորում էին, որը ենթադրում եմ` կփորձեն վաճառել Երևանի քաղաքապետարանի վրա և խոշոր չափերի գումար կհանեն բյուջեից։ Ի դեպ, եթե այդ տոմետները չհանեին մայթերից, դրանք ավելի երկար կծառայեին քաղաքին, քան իրենց նոր տոմետները, որոնց կրկին անդրադարձել եմ իմ բլոգում։ Քաղաքապետարանի կողմից վերջին տարիներին իրականացված մայթերի տոմետապատումները մի ամիս էլ չեն ծառայում քաղաքացիներին, և ամեն քայլափոխի՝ անզեն աչքով էլ կարող են քաղաքացիները տեսնել, որ դրանք ծռմռված են, փշրվում են։ 

Այս տեսանյութին ի պատասխան Երևանի ավագանու ՔՊ-իր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Ֆեյսբուքում ակտիվ շրջանառվող տեսանյութը, որում երևում է, որ փոխարինված բետոնե սալիկները շինարարի կողմից տեղափոխվել են մայրաքաղաքից դուրս, ընդամենը պայմանագրային թերի ձևակերպման արդյունք է, քանի որ պայմանագրով նախատեսված է, որ փոխարինված բետոնե սալիկները համարվում են շինաղբ և կապալառուն պետք է այն 13 կմ հեռու տեղափոխի: Սա իհարկե խնդրահարույց է, քանի որ փաստացի աղբ չհանդիսացող գույքը, որպես աղբ մասնավոր ընկերության կողմից տեղափոխվում է, Երևանի տարածքից դուրս: Այս պահին Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից կազմակերպվում է այսօր և վաղը բետոնե սալիկների տեղափոխումը Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքներ, իսկ համանման պայմանագրերում այսուհետ շտկումներ կիրականացվեն և շինաղբ կհամարվեն միայն այն դեպքում, երբ դրանք իրականում իրենցից այլևս օգտագործման ոչ ենթակա ապրանք կներկայացնեն: Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ դատապարտելի է, թե բռնությունը, թե առանց համապատասխան ճշգրտումներ կատարելու կամ կատարելուց հետո միտումնավոր կերպով քաղաքային իշխանություններին անհարկի կոռուպցիայի մեջ մեղադրելու փորձերը»: 

ՀԳ Հիշեցնենք, որ Արթուր Չախոյանը բազմաթիվ անգամներ անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից թույլ տրված չարաշահումներին՝ բացահայտել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքներում թույլ տրված կոպիտ սխալները, գնումները, որոնք չեն համապատասխանում պահանջվող ստանդարտներին, բայց մինչ այսօր իրավապահ մարմինները աչք են փակել այս չարաշահումների, բացահայտված առերեւույթ հանցագործությունների վրա։