«Հենրի Ֆորդի ուղերձը հայ ժողովրդին»

«Հենրի Ֆորդի ուղերձը հայ ժողովրդին»

Հենրի Ֆորդի հայտնի միտքը` «Անկախ նրանից, թե դուք մտածում եք, որ կարող եք կամ մտածում եք, որ չեք կարող, իրավացի եք», ընդգծում է, թե որքանով է վերաբերմունքը որոշում հաջողությունը կամ ձախողումը: 
Հենրի Ֆորդին են պատկանում նաև բազմաթիվ այլ հանճարեղ մտքեր և, թվում է, թե նա Հայաստանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ հայ ժողովրդին կուղղեր հետևյալ ուղերձը.

«Շատերը կարծում են, թե հաջողության են հասնում միայն մեծ ժողովուրդները: Դա այդպես չէ: Ուղղակի այնտեղ, որտեղ սովորական ժողովուրդը, ունենալով երկու անհաջողություն, սկսում է զբաղվել ինչ-որ այլ բանով, մեծ ժողովուրդը յոթ անհաջողությունից հետո ձեռնարկում է ութերորդ փորձը և հասնում հաջողության:
Հարգելի հայ ժողովուրդ, 

Հայաստանի առաջին հանրապետության գոյության դադարեցումը եղել է Ձեր առաջին անհաջողությունը, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գոյության դադարեցումը՝ երկրորդը: Երրորդ Հանրապետությունը նույնպես անհաջողության մատնվելու ճանապարհին է: Չպետք է հուսալքվել, կարող են մի քանի անհաջողություններ էլ լինել: Չնայած դրան՝ դուք կրկին ու կրկին պետք է փորձեք, մինչև մեծ ժողովուրդ դառնաք, ինչի համար ունեք պահանջվող որակներ՝ ի դեմս ձեր պատմական և մշակութային հարուստ ժառանգության, մտավոր մեծ ներուժի, որը պահպանելու եւ մեծացնելու ձեր ձգտումը ձեզ կդարձնի մեծ ժողովուրդ: 

Չինացիների, արաբների, հնդիկների և աշխարհի մեծաթիվ մյուս ժողովուրդների մեծությունը չի չափվում նրանց թվաքանակով, այլ ազգային արժեքների, ազգային ինքնության պահպանման նրանց հաստատակամությամբ: Բազմաթիվ են թվաքանակով փոքր, բայց այս չափումներով՝ մեծ ժողովուրդների օրինակները: Եղեք հաստատակամ, և հաջողությունն իրեն սպասեցնել չի տա: Աստված պահապան Հայաստանին ու հայ ժողովրդին»:
Եկեք խորհենք այս խոսքերի շուրջ և թող որ 2023 թվականի ապրիլի 24-ը լինի ազգային արժեքների, ազգային ինքնության պահպանման համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակը վառ պահելու, նրանց անհանգիստ հոգիները մխիթարելու, մեր ազնիվ, արդարացի ու վեհ ձգտումներում հաջողության հասնելու համազգային շարժման մեկնարկի օրը:

Գագիկ Վարդանյան