Your excellency, ambassador of the US… 

Your excellency, ambassador of the US… 

Հայաստանում ԱՄՆ դեսպան մեծարգո Քրիստինա Քվինը Արցախում տեղի ունեցողը այս պահին ցեղասպանություն որակել չի կարող: Նա իրավացի է՝ տվյալների և տեղեկատվության, բայց ոչ գիտելիքի վրա հիմնվելու դեպքում: 

Տվյալներ: 1915 թվականին «ինչ-որ» ջարդեր են եղել (19-րդ դարավերջի աբդուլհամիդյան ջարդերը՝ մի կողմ), որոնց ժամանակ զոհվել են միլիոնավոր հայեր, հույներ, քրդեր, «հատկապես»՝ թուրքեր: Բաքվի՝ 1920 և 1990 թվականների, Շուշիի 1919 թ. ջարդերի ժամանակ, հասկանալի է, պահպանվել է գենդերային, կներեք, ազգային հավասա­րությունը. ջարդվել են ինչպես հայեր, այնպես էլ՝ թուրքեր: Այստեղ խնդիր չկա: Տվյալներ են, ըստ սահմանման, 2020 թ. Արցախի հանրապետության նկատմամբ ազերա-թուրքա-նատօական ագրեսիայից զոհվածները, ավելի ստույգ՝ հազարավոր ցեղասպանվածները, մինչ օրս զոհվողները:

Տեղեկատվություն: Այդ ամենը հիմնականում տեղի է ունեցել հայերի պատմական հա­յրենիքում և հիմնական շարժառիթը եղել է էթնիկական գործոնը: Սա է համատեքստը, ինչը տվյալները վերածում է տեղեկատվության: Կարելի է շարունակել, բայց անիմաստ է:

Գիտելիք: Թուրքերն արդեն 100 տարուց ավելի է՝ փորձում են իրենց պատմական տարածքներից դուրս մղել հայերին, ինչը հնարավոր է բացառապես նրանց ֆիզիկական բնաջնջման կամ բռնի տեղահանման միջոցով:  Դա էլ հնարավոր է բացառապես «համաշխարհային հանրության» աջակցությամբ:

Հետևաբար, Արցախում և նրա շուրջ ստեղծված իրավիճակն արդեն հարյուր տարի ձգվող ողբերգությունների շղթայի սոսկ մեկ օղակն է, բայց որոշիչ օղակը, որի վերացմամբ՝ իրականություն կդառնան մեծ թուրանի, ու չգիտես, թե էլ ինչ աշխարհաքաղաքական գաղափարներ:

Ցավալիորեն՝ «համաշխարհային հանրության» և Ստալինի դիրքորոշումները համահունչ են եղել նախկինում, կան ներկայում և կլինեն ապագայում: 

Ձերդ գերազանցության և ԱՄՆ ժողովրդի հանդեպ մեծագույն հարգանքով՝ 
Գագիկ Վարդանյան