Ինչու է նվազել հուշարձան այցելող մարդկանց թիվը, ինչն էր ստիպում առաջ բարձրանալ Ծիծեռնակաբերդ 

Ինչու է նվազել հուշարձան այցելող մարդկանց թիվը, ինչն էր ստիպում առաջ բարձրանալ Ծիծեռնակաբերդ 

Մարդիկ առավոտից նկատում են, որ Եղեռնի հուշահամալիր այցելողների քանակն այս տարի շատ նվազ է եւ եթե առաջ հերթեր էին գոյանում եւ համալիր հասնելու համար մոտ 2 ժամ էր պահանջվում, ապա հիմա 20 րոպեում անցնում են փողոցից հուշահամալիր ընկած տարածքը։ Եւ դա բացատրում են ՀՀ իշխանությունների թրքամետ քաղաքականությամբ ու ցեղասպանության թեման մոռացության տալու համառ ջանքերով։ Իհարկե, հանրային գիտակցության վրա մեծ ազդեցություն է ունենում Նիկոլ Փաշինյանի եւ իր ուսապարկերի խոսույթը, որով նրանք փորձում են ներշնչել, որ Թուրքիան ավելի վատ հարեւան չէ, քան Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիայի հետ սահմանների բացումն ու փոխադարձ այցելություններն ավելի կարեւոր են, քան Արցախը, քան ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից։ Եւ այս պրոթուրքական քարոզչությունն իր ազդեցությունն անշուշտ ունենում է։ Սակայն ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր այցելողների նոսր շարքերը մեկ այլ՝ ավելի պարզ բացատրություն էլ ունեն։

Անցյալում ապրիլի 24-ին հուշահամալիր այցելելը մտնում էր պետական քաղաքականության մեջ եւ պետությունն ինքն էր կազմակերպում, որ ինչքան հնարավոր է շատ մարդ այցելի Ծիծեռնակաբերդ, ինչքան հնարավոր է շատ ծաղիկ դրվի, ինչքան հնարավոր է դա հանդիսավոր եւ գեղեցիկ արվի՝ ի նշանավորումն նրա, որ մենք չենք մոռացել մեր անմեղ նահատակներին, խնկարկում ենք նրանց հիշատակը՝ աշխարհին ցույց տալով, որ մենք պատմություն եւ հիշողություն ունեցող ազգ ենք։ Հիմա, քանի որ որոշել են մեր հիշողությունից ջնջել մեր պատմությունը եւ մոռացության տալ այդ պատմության ողբերգական էջերն ու ամենակարեւորը՝ թշնամիներից բարեկամներ կերտել, պետական քաղաքականությունը կտրուկ փոխվել է։ 

Առաջ բոլոր պետական հիմնարկներում նախապես կազմակերպվում էր ապրիլի 24-ի այցելությունը Ծիծեռնակաբերդ՝ ամբողջ կոլեկտիվին, կամ դրա մի մասին վերեւից հրահանգվում էր այսինչ ժամին լինել Մարզահամերգայինի աստիճանների մոտ, որ միասին, կազմակերպված բարձրանան եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեն զոհվածների հիշատակին։ 

Նախապես ծաղկեպսակներ էին պատվիրում, ցուցակներ կազմում, համատեղ այցելությամբ նաեւ տվյալ կոլեկտիվի միասնականությունն էր ի ցույց դրվում։ Երկրում տիրող ընդհանուր մթնոլորտը պարտադրում էր, որ բոլորը, նաեւ ուսանողները, բարձր դասարանների աշակերտներն՝ իրենց ուսուցիչների հետ, անգամ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ դատավորներ, դատախազներ, կառավարման համակարգի բոլոր օղակները կազմակերպված այցելեին Հուշահամալիր՝ իրենց բաժին ծաղիկները դնեին ու հեռանային։ 

Անցյալում անհարմար էր Ծիծեռնակաբերդ չայցելելը։ Հիմա մթնոլորտն ու հրահանգը փոխվել է՝ հիմա ցեղասպանության հուշահամալիր այցելելը պետականորեն չի խրախուսվում։ Իրենք՝ պետության առաջին դեմքերն էլ այցելում են պարզապես գալոչկա դնելու եւ որոշ շերտերի կողմից չքննադատվելու համար, ուղերձներն էլ հրապարակում են, որովհետեւ այդպես է ընդունված, բայց անգամ սգո եւ հիշատակի ուղերձներում է երեւում ցեղասպանության խնդրից հրաժարվելու հստակ որոշումը։