Մեկքայլանի «կոմբինացիայի» վարպետը

Մեկքայլանի «կոմբինացիայի» վարպետը

ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի կարծիքով, Ռուսաստանի հետ կապեր խզելու գործընթացը չի սահմանափակվելու «Զվարթնոցով»։ Հաջորդը լինելու է Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայության հարցը: ՌԴ-ում հայկական շահերն առաջ տանող պարոն Զատուլինի նկատմամբ հարգանքով հանդերձ ասեմ, որ ռուսական քաղաքական էլիտայում չեն կարողանում ճիշտ գնահատել հայկական իրականությունը: Գյումրիի հարցն առաջ քաշելու համար անհրաժեշտ կլիներ գոնե երկքայլանի մտածողության կարողություն: Հայոց քաղաքական երկնակամարում առաջնորդվում են պահի ազդեցությամբ եւ ոչ թե ռազմավարական մտածողությամբ: Ինչը նշանակում է, որ հաջորդ քայլը կարող է լինել ոչ թե Գյումրիում ռուսական ռազմաբազան դուրս բերելու, այլ, ասենք, «Էրեբունի» օդանավակայանը դատարկելու հարցը: Չէ, ասվածը չի նշանակում, որ լինելու է հենց «Էրեբունին»: Ուղղակի երկնքում աստղերը կարող են այնպես դասավորվել, որ պահի տակ ինչ-որ հարց լուծելու նպատակով անհրաժեշտ լինի ռուսական ներկայությունից ազատել «Էրեբունին»: Բայց նույն հավանականությամբ կարող է չլինել «Էրեբունին» եւ լինել ՀՀ-Թուրքիա սահմանային գիծը:

Ի վերջո, ինչի՞ց առաջացավ «Զվարթնոցի» խնդիրը: Հիշեցնեմ․ Մյունխենում գտնվող Փաշինյանին արեւմտյան երկրների ղեկավարությունը կամ եվրաչինովնիկներից ոմանք հանձնարարել են Երեւան հրավիրել Ուկրաինայի նախագահին: Քանի որ հոգով ու մարմնով դեպի Արեւմուտք ձգտող Նիկոլը չէր կարող դեմ գնալ այդ հրահանգին՝ որոշել է կատարել այն: Ուղղակի իր կողմից ավելացրել է, որ լավ կլիներ, եթե Զելենսկին այցելեր ոչ միայն Երեւան, այլեւ՝ Բաքու: Բաքվում, սակայն, հրաժարվել են Զելենսկուն ընդունելուց՝ ինչո՞ւ իզուր հարաբերությունները փչացնեն Մոսկվայի հետ: Դա խնդիր ստեղծեց ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձի համար: Ի՞նչ անել:

Բաքվի հրաժարումից հետո Զելենսկուն, այնուամենայնիվ, Երեւան հրավիրելը Մոսկվայում կընկալվեր որպես հատուկ ընդգծված թշնամական քայլ: Նիկոլի շրջապատում քննարկում են հարցը եւ գտնում դրա «օպտիմալ» լուծում: Որոշում են Զելենսկուն չընդունելու «մեղքը» գցել «Զվարթնոցի» ռուս սահմանապահների վրա: Իբրեւ թե Նիկոլը վախեցավ, որ դրանք կարող են ձերբակալել Զելենսկուն, իսկ հետո էլ Էրեբունու ռազմական օդանավակայանով հասցնել Մոսկվա: Ու տարածել, նախ, հերթական հակառուսական միտքը, ապա հակառուսականության վրա կրկին միավոր հավաքել երկրի ներսում:

Ասեմ, որ այդ տարբերակն այնքան բնական հնչեց, որ նույնիսկ ես մի պահ տարվեցի դրանով: Նույնիսկ չմտածեցի, որ Զելենսկին ռուսներին բացարձակ պետք չէ: Ընդհակառակը, որքան երկար պաշտոնավարի, այնքան կնպաստի ռուսական շահերի կյանքի կոչմանը: Որ դա հենց այդպես է՝ վկայում է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում նրա նկատմամբ որսի իսպառ բացակայությունը: Ի տարբերություն, օրինակ, ռուսական ռազմական ղեկավարության նկատմամբ որսի, որ 2022-ին մի քանի անգամ կազմակերպվեց ուկրաինական ռազմական հետախուզության կողմից: Այս բացահայտումը տեղի ունեցավ Օդեսայի հերթական հրթիռակոծությունից հետո, որի թիրախը ոչ թե Զելենսկին էր՝ Հունաստանի վարչապետի հետ միասին, այլ նավահանգստի անօդաչու ռազմական մոտորանավակները: Եվ մի փաստարկ էլ՝ ՌԴ նախագահը Զելենսկի չէ, որպեսզի Հունաստանի վարչապետին հարվածելով՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծեր Ռուսաստանի համար: