Այդ էյֆորիայի մեջ հազիվ լսելի լինի, որ ինչ-որ հայեր հերթական անգամ ցեղասպանության են ենթարկվել

Այդ էյֆորիայի մեջ հազիվ լսելի լինի, որ ինչ-որ հայեր հերթական անգամ ցեղասպանության են ենթարկվել

Ասում են` Հայաստանը վեկտոր է փոխում։ Ռուսաստանին հեռացնում է ու դաշնակից դարձնում Արեւմուտքին։ Դե, իհարկե, կեցցե Հայաստանը, որ այդպես խիզախորեն «մատ է անում» Մոսկվային, երբ ԱՄՆ-ն, Կանադան, գրեթե ողջ Եվրոպան ու Նահանգների փողքերից կախված այլ երկրների հետ միասին Ուկրաինայում իրենց զենքերով եւ ուկրաինացի զինվորներով կռվում են ռուսների դեմ ու արդեն իրենք էլ են խոստովանում, որ Ուկրաինան չի կարողանալու հաղթել Ռուսաստանին։ Իսկ, ահա, հետամնաց, տնտեսապես ու ռազմական տեսակետից զրո Հայաստանի «հզոր վարչապետը»` իր պրոթուրքական իշխանությամբ, առյուծի պես ոչ միայն ռուսներին է քշում, այլեւ պարսիկների առաջարկած օգնություններից է հրաժարվել ու հասկացրել, որ մենք ինքնիշխան երկիր ենք` մենք ենք լուծում մեր խնդիրները։

Սա խնդրի կոմիկական մեկնաբանությունն է` Հայաստանի իշխանական աթոռներին թառած արկածախնդիրների, գործակալների աչքերով, ինչպես նաեւ նրանց կուրորեն հավատացող բնակչության պատկերացումներով։
Բայց, ցավոք, կա խնդրի ոչ կոմիկական, տրագիկոմիկական ու դրամատիկ վերջաբան ենթադրող մեկնաբանություն, որը, ի տարբերություն առաջինի, իրական է։

Ռուսաստանը եթե հեռանա Հայաստանից, ապա հաստատ հենց այնպես, հրաժեշտի գրկախառնությամբ եւ «պաչ ու պռոշտի»-ով չի հեռանալու։ Ինչպես հարեւան Իրանը, հասկանալով, թե, ի դեմս Հայաստանի ղեկավարի ու նրա կառավարության, ում հետ գործ ունի, արդեն Ադրբեջանի հետ է համագործակցության ծրագրեր քննարկում, ռուսներն ավելի վաղ են սկսել նույնն անել, ու բարեկամաբար տրամադրվածից, թեկուզ ոչ իդեալական դաշնակցից թշնամի դարձածից կարելի է սպասել ամեն ինչ։ Նախ` եթե Հայաստանից հեռանան, մազաչափ չեն խանգարելու, երբ ադրբեջանցիները կամ նրանց երիցս ուժեղ ազգակիցները մտնեն Հայաստան։ Ավելին` հասկացնելու են, որ դեմ չեն, որ աշխարհի քարտեզից վերանա անուղեղ եւ աննամուս մի բռաչափ երկիր։

Աչքի առաջ ունենալով ռուս-ուկրաինական պատերազմն ու ուկրաինացիների դաշնակիցների պահվածքը եւ դրանից դասեր չքաղելը ոչ միայն տգիտություն է, այլեւ սեփական երկիրը միտումնավոր վերացնելու ու դժոխք սարքելու բացահայտ ցանկություն։ Բազմամիլիոն Ուկրաինային միայն զենքով օգնելն ու բազմիցս հայտարարելը, որ իրենք «կռվելու են մինչեւ վերջին ուկրաինացին», պետք է բոլորին դաս լիներ, որ ո՛չ ամերիկացին, ո՛չ եվրոպացիները երբեք զինվոր չեն ուղարկելու, այլ ժողովուրդների փոխարեն չեն կռվելու։ Հատկապես երբ թույլ ու ողորմելի Հայաստանի պարագայում այդ երկրի դեմ կանգնած է ՆԱՏՕ-ական իրենց դաշնակից Թուրքիան ու նրա ազգակից Ադրբեջանը, որը նավթ ու վառելիք ունի...

Մոտ երկու միլիոնանոց Հայաստանին եթե անգամ նրանք ամենաժամանակակից ռազմական ինքնաթիռներ ու հրթիռներ տան, ապա Հայաստանը մի շաբաթ անգամ չի կարող դիմադրել, քանի որ պարզապես բանակ չունի, իսկ գեներալների դիվիզիան ընդամենն իրենից ներկայացնում է սպայի պատվի մասին պատկերացումից մղոններով հեռու, բարձր աշխատավարձ ստացող ուսադիրավորների մի հավաքածու։

Շարունակենք։ Ռուսաստանը, ենթադրում եմ, անպայման անջատելու է գազը, փակելու է օդային ճանապարհներն ու Լարսը։ Հայաստանը չորս կողմից մնալու է շրջափակված` առանց որեւէ իրական դաշնակցի։ Լավագույն դեպքում Արեւմուտքից, ֆրանսիաներից հերթապահ հայտարարություններ կանեն, որը մազաչափ չի ազդելու Հայաստանի կապիտուլյացիայի եւ թշնամու անարգել առաջ շարժվելու վրա։ 

Բայց հաստատ մեծ շուքով Արեւմուտքը տոնելու է Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանից քշելու իրենց վաղեմի երազանքի իրականացումը, եւ այդ էյֆորիայի մեջ հազիվ լսելի լինեն կամ հազիվ ուշադրության արժանացնեն, որ ինչ-որ հայեր հերթական անգամ հայտնվել են ցեղասպանության յաթաղանի տակ։ Գազայում կատարվողն ակնհայտ ցույց է տալիս, որ անգամ հազարավոր երեխաների սպանդը չի ազդում քաղաքակրթության ու ժողովրդավարության դրոշակակիր Եվրոպայի վրա...

Մոտավորապես սա է այն ապագան, որ խոստացել էր համալսարանից դուրս մնացած ու խաբեությամբ իշխանության բարձր աթոռին հայտնված արարածը, որը մինչ այդ Հայաստանը ներքաշել էր պայմանավորված պատերազմների մեջ, հազարավոր ջահել-ջիվան երիտասարդների արեւ խավարեցրել, Արցախն ու հայկական այլ տարածքներ նվիրել Ադրբեջանին։ 

Ուրախ կլինեմ, որ հեքիաթասաց քաղաքագետ-վերլուծաբաններից մեկը փաստերով ժխտի ներկայացրածս եւ դարձյալ փաստարկված ներկայացնի սպասվելիք գորշ ու մռայլ ապագայի իր լուսավոր տեսլականը։

Գարեգին Վարդանյան