Ռուսաստանը ծաղրանքին պատասխանում է ծաղրելով

Ռուսաստանը ծաղրանքին պատասխանում է ծաղրելով

Ռուսաստանի իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք Հայաստանին նվաստացնելու եւ ծաղրելու ավելի մեծ գործիքակազմի են տիրապետում, քան Հայաստանը՝ Ռուսաստանին: «Զվարթնոց» օդանավակայանից ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ նախորդ օրը Ռուսաստանից եւ Հայաստանից հնչեցին իրարամերժ հայտարարություններ: Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն այս հարցով հստակ դիրքորոշում ունի եւ այդ դիրքորոշումը նամակով հայտնել է Ռուսաստանի իշխանություններին՝ նկատի ունենալով, որ ռուս սահմանապահները պետք է դադարեցնեն ծառայություն իրականացնել օդանավակայանում: Մինչդեռ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ պաշտոնական խողովակներով որեւէ մեկն իրենց այդ հարցով չի դիմել, եւ իրենք չգիտեն՝ արդյոք Հայաստանի իշխանություններն ուզո՞ւմ են, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից: Սա սովորական եւ մանր հարց չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, սա Հայաստան պետության գոյության եւ ինքնիշխանության հարցն է, որովհետեւ եթե Հայաստանի իշխանությունը բարձրացրել է այս հարցը, ուրեմն պետք է լուծի, չլուծելը հղի է ինքնիշխանության կորստով, պետականության գոյությունը կասկածի տակ դնելով:

Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումների այս հակասությունը մի քանի բացատրություն եւ շարունակություն կարող է ունենալ: Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի նամակ էլ չեն գրել, եւ Արմեն Գրիգորյանն ընդամենը ստում է, ինչպես այս իշխանության ներկայացուցիչները՝ ցանկացած հարցի շուրջ․ այսօր մի բան են ասում, վաղը` մեկ ուրիշ բան, եւ չգիտես, թե դրանցից որն է ճիշտ, որը` կեղծ: Քանի որ «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության կազմակերպումն իրականացնում են հայ եւ ռուս սահմանապահները համատեղ, ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հեռացնելու մասին նամակով՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատարին կամ այդ ծառայության վերադաս հանդիսացող Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությանը, պետք է որ դիմած լիներ Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Չի բացառվում, որ ԱԱԾ-ն օրեր անց հանդես գա հայտարարությամբ եւ ասի, որ ոչ մի նամակ էլ իրենք չեն գրել Ռուսաստանի համապատասխան մարմիններին՝ հերքելով Արմեն Գրիգորյանին, ինչպես որ օրեր առաջ տեղի ունեցավ Ներքին Հանդ ԵՄ դիտորդների հասանելիության հարցի հետ կապված:

Հնարավոր է, որ Հայաստանի իշխանություններն իսկապես նամակ գրել են, բայց այն տեղ չի հասել, ճանապարհին կորել է, թշնամի ուժերը գողացել ու ոչնչացրել են, կամ ուղղակի փոստատարը զբաղվածության պատճառով նամակը դեռ չի հանձնել հասցեատիրոջը, եւ դժվար է ասել, թե երբ կհանձնի: Մինչդեռ ամենահավանական տարբերակն այն է, որ նամակը հասել է, բայց Ռուսաստանի իշխանություններն ուղղակի ծաղրում են Հայաստանի իշխանություններին` ասելով, որ ոչ մի նամակ էլ չեն ստացել: Հայաստանի իշխանությունները կարող են օրը մի քանի այդպիսի նամակ գրել Ռուսաստան, բայց Ռուսաստանի իշխանությունները հայտարարեն, որ իրենց ոչ մի նամակի կամ պաշտոնական դիրքորոշման մասին հայտնի չէ: Սա, ըստ էության, Ռուսաստանի պատասխանն է Փաշինյանին, ով հայտարարում է, որ սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Ռուսաստանն ասում է, որ հարցը հայտարարություններով չի լուծվում, կազմակերպության կանոնադրությամբ՝ ՀԱՊԿ անդամակցության սառեցում չի նախատեսվում, սպասում ենք Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը եւ հստակեցմանը` կա՛մ անդամ եք, կա՛մ դուրս եք գալիս կազմակերպությունից, բայց Հայաստանն այդպես էլ հարկ չի համարում պատասխանել: Ավելին, Փաշինյանը վերջերս բացահայտորեն ծաղրեց ՀԱՊԿ-ին եւ այդ կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին՝ ասելով, թե Հայաստանը չի միացել 2023 թվականին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ընդունված որոշումներին, իսկ ՀԱՊԿ կանոնադրությամբ՝ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով` ինչքան ուզում եք հավաքվեք, խոսեք, որոշումներ կայացրեք, միեւնույն է` դրանք առանց իմ ստորագրության առոչինչ են:

Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու հարցի հետ կապված: Ինչպես նշեցինք, հնարավոր է, որ Հայաստանը շարունակի նամակներով պահանջել, որ Ռուսաստանն իր սահմանապահներին դուրս բերի օդանավակայանից, իսկ Ռուսաստանը ձեւ անի, թե այդ նամակները չի ստանում, եւ սահմանապահները շարունակեն իրենց ծառայությունը: Հայաստանը համակերպվի ռուսների այս նվաստացմանը, եւ հարցը մոռացության մատնվի, արձանագրելով, որ ռուսները Հայաստանում ավելի մեծ իշխանություն ունեն, քան Հայաստանի իշխանությունները:

Հայաստանի իշխանությունները կարող են ինչ-որ պահի որոշում կայացնել եւ արգելել ռուս սահմանապահներին՝ մուտք գործել «Զվարթնոց» օդանավակայանի տարածք, արգելել՝ շարունակել իրենց ծառայությունն օդանավակայանի տարածքում: Բայց դա կարող է կոնֆլիկտային իրավիճակ առաջացնել ռուս սահմանապահների եւ Հայաստանի այն ուժային կառույցի ներկայացուցիչների միջեւ, ովքեր կփակեն ռուսների մուտքը «Զվարթնոց» կամ նրանց կպարտադրեն լքել օդանավակայանի տարածքը: Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանն այդ կոնֆլիկտին՝ որեւէ մեկը չի կարող ասել: Իսկ հնարավո՞ր է, որ այդ կոնֆլիկտին միջամտեն նաեւ 102-րդ ռազմաբազայի զինվորականները, եւ այդ կոնֆլիկտը վերաճի ավելի մեծ դիմակայության, գուցե՝ նաեւ զինված: Այդպիսի հնարավորությունը եւս պետք չէ բացառել: Իսկ գործող իշխանությունն իրեն եւ Հայաստանը նման ռազմական բախման մեջ ներքաշելու շռայլություն չի կարող թույլ տալ:

Փաստն այն է, որ Հայաստանի իշխանությունն իր չհաշվարկած քայլերով իրեն դրել է շատ հիմար վիճակի մեջ: Իշխանությունը որոշել է «Զվարթնոց» օդանավակայանից հանել ռուս սահմանապահներին եւ պետք է ամեն ինչ անի, որ իրագործի իր այդ որոշումը: Եթե նա այդ գործը տապալի, կպարզվի, որ Փաշինյանն իշխանություն չունի Հայաստանում, ավելի ճիշտ՝ ունի, բայց շատ սահմանափակ, ռուսները ցանկացած պահի կարող են վետո դնել նրա որոշումների վրա: Սա էլ ավելի կհեղինակազրկի գործող իշխանությանը եւ կասկածի տակ կդնի Հայաստանի ինքնիշխանությունը, որովհետեւ եթե հնարավոր չլինի ռուսներին հանել օդանավակայանից, Հայաստանի սահմաններից կամ Գյումրիից հանելու մասին անգամ խոսք լինել չի կարող: Դրա համար, ուզում ենք հույս հայտնել, որ իշխանությանը կհաջողվի ռուսներին դուրս հանել օդանավակայանից, եւ այս հարցը չի վերածվի Հայաստանի համար եւս մեկ խայտառակության` ինքնիշխանության բացակայության հերթական դրսեւորմամբ:

Ավետիս Բաբաջանյան