Այո, պասիվացել եմ, վայելում եմ կյանքս

Այո, պասիվացել եմ, վայելում եմ կյանքս

Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը 2018 թվականին խորհրդարան անցած 3 կուսակցություններից մեկն էր՝ «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի հետ միասին, 17 մանդատ ուներ խորհրդարանում։ Բոլոր պատգամավորներին, իհարկե, քչերն էին ճանաչում, սակայն կորիզը հայտնի էր բոլորին՝ Գեւորգ Գորգիսյան (ազգային հերոս Մովսես Գորգիսյանի զարմիկը), Անի Սամսոնյան, Տարոն Սիմոնյան, Աննա Կոստանյան, Հրանտ Այվազյան, Սրբուհի Գրիգորյան եւ ուրիշներ, գումարած՝ Երեւանի ավագանու խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Այսօր այդ կորիզից քչերն են մնացել ԼՀԿ կազմում՝ Էդմոն Մարուքյանի կողքին։ Օրերս Մարուքյանի թիմը լքեց նաեւ նրա, թերեւս ամենահավատարիմ կուսակիցներից մեկը՝ Անի Սամսոնյանը։ Մարդիկ նաեւ նկատել են, որ երբեմնի թունդ արևմտամետ կուսակցությունը վերջին ամիսներին դարձել է համեմատաբար ավելի չեզոք, հաճախ ներկա է գտնում պրոռուսական միջոցառումներին, քննարկումներ ունենում տարբեր ուժերի հետ և ոչ մի կերպ չի կարողանում իր տեղը գտնել՝ ընդդիմությա՞ն հետ է, թե՞ իշխանությունների, եւրոպամետների թվո՞ւմ է, թե՞ ռուսամետների, քաղհասարակությո՞ւն է, թե՞ քաղաքական ուժ այլն: 

Չնայած այն բանին, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԼՀ կուսակցության կարգախոսն էր` «Կա այլընտրանք, քվեարկիր», այսօր, երբ ողջ ընդդիմադիր դաշտը համախմբվել է «Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժման շուրջ, Էդմոն Մարուքյանը չի ասում, թե որն է իր առաջարկած այլընտրանքը և ի վերջո իր օգտին քվեարկելով ինչ ստացավ քաղաքացին այս տարիների ընթացքում: Անի Սամսոնյանի հեռանալն էլ բացատրում են դրանով, որ նա չի կիսել այս «նի ռիբա, նի մյասո» դիրքորոշումը եւ առաջարկել է հստակ ընդդիմադիր դաշտում դիրքավորվել։ Եւ միայն Անի Սամսոնյանը չէ, ասպարեզից անհետացել են նաեւ Տարոն Սիմոնյանն ու Գեւորգ Գորգիսյանը։ Կուսակցության ակտիվ անդամները վերջին ամիսներին բավականին պասիվացել են, չեն երևում, ոչինչ չեն խոսում, անգամ տպավորություն է, թե նրանցից շատերը ծածուկ լքել են կուսակցության շարքերը, սակայն գաղտնի են պահում դա՝ այդ մասին հանրությանը չեն իրազեկում:

Օրինակ` Գևորգ Գորգիսյանը, որ բավականին ակտիվ պատգամավոր էր, քննադատում էր իշխանություններին, հարցազրույցներով էր հանդես գալիս, «Հրապարակի» հետ զրույցում համաձայնեց, որ ինքն այլևս ակտիվ չէ, ապա հավելեց, որ այժմ իր կյանքն է վայելում: Կարելի է կարծել քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարտարոսի տանջանքներն են եւ Գորգիսյանը՝ երբ մերթ Փաշինյանին էր քննադատում, մերթ՝ գովաբանում, իր կյանքը դժոխքի էր վերածել: Իսկ հիմա վայելում է կյանքը, ոչինչ, որ Տավուշից հող են հանձնվում Ադրբեջանին, ոչինչ որ հաջորդը Գեղարքունիքն է, իսկ հետո` Սյունիքը. «Վայելում եմ կյանքս, զբաղվում եմ իմ աշխատանքով, կուսակցությունից դուրս չեմ եկել, սակայն, այո, պասիվացել եմ, բայց պատճառներն ապաքաղաքական են: Մեր կուսակցությունում էլի շատ մարդիկ կան, որոնց չեն ճանաչում: Այլևս ոչինչ չեմ կարող ասել, չեմ ցանկանում ինտերվյու»- նշեց նախկին պատգամավորը:

Մենք նաև հարցրեցինք, թե ինչ է մտածում Գորգիսյանը «Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժման, իշխանությունների բիրտ գործողությունների մասին, նա կրկնեց, որ չի կարող խոսել: