Եթե ՄԽ համանախագահները դեռ ցանկություն ունեն վերադառնալ

Եթե ՄԽ համանախագահները դեռ ցանկություն ունեն վերադառնալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ըստ էության, չգիտեն ինչ անել, ինչպես վերսկսել Արցախի խնդրի կարգավորման գործընթացը: Բոլորը խոսում են այն մասին, որ այն պետք է սկսել, ավելին՝ հնարավորինս շուտ կազմակերպել միջնորդների հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, բայց ինչպե՞ս, ինչպիսի՞ քայլերով՝ ոչ ոք չգիտի: Նկատենք, որ եթե 90-ականների սկզբին երկուստեք շահագրգռություններ կային խնդրի կարգավորման հարցում, ապա այժմ դրանում շահագրգռված է միայն հայկական կողմը:

Ադրբեջանի նախագահն աննահանջ պնդում է, որ Ղարաբաղի հարց այլեւս գոյություն չունի, այն լուծված է, իսկ ՄԽ համանախագահները համարում են, որ այդ հարցը կլուծվի Արցախի կարգավիճակի որոշմամբ միայն: Կարեւոր էր, իհարկե, որ ՄԽ համանախագահ երկրների դիվանագետները մերժեցին Շուշի այցելելու Ալիեւի հրավերը, բայց դա հազիվ թե դառնա բանակցությունների վերսկսման խթան, որովհետեւ Ադրբեջանում ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանատներից այդ բոյկոտի բավականին երկչոտ պարզաբանումներ են լսվում: Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն իսկապես շահագրգռված են հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմամբ, ապա առնվազն պետք է տարակուսանք հայտնեին Արցախի Շուշի քաղաքում դեսպանահավաք կազմակերպելու այդ գերքաղաքականացված միջոցառման առնչությամբ:

Մեր կարծիքով՝ որպես բանակցությունների վերսկսման առաջին քայլ, ՄԽ համանախագահները պարտավոր են հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որտեղ պետք է տեղ գտնի նաեւ 2020թ. 44-օրյա պատերազմի քաղաքական գնահատականը, այն պետք է գնահատվի որպես խաղաղ գործընթացի տապալում եւ Ադրբեջանի կողմից հարցը զենքի ուժով լուծելու տարբերակ, ինչը երբեք չի քննարկվել բանակցային սեղանների շուրջ:

Հստակ պետք է նշվի, որ Ադրբեջանը, սկսելով այդ պատերազմը, միակողմանիորեն դուրս է եկել հարցի խաղաղ կարգավորման ձեւաչափից, ինչի հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, ավերվել են հարյուրավոր բնակավայրեր եւ կենսական նշանակության կոմունիկացիաներ, հազարավոր ընտանիքներ դարձել են փախստական: Ակնհայտ է, որ առանց Շուշիի եւ Հադրութի օկուպացիաների մասին հիշատակումների, ՄԽ եռանախագահների այդ հայտարարությունը կդիտվի որպես խնդիրը լղոզող հերթական փաստաթուղթ եւ որեւէ ներգործություն չի ունենա Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա: Մինչդեռ Արցախի տարածքի օկուպացիան նորահայտ կոմպոնենտ է 30 տարի ձգված բանակցություններում, եւ խաղաղ բանակցությունները չեն կարող վերսկսվել ընդհատված կետից, եթե չհաջողվի Ադրբեջանին ստիպել՝ հեռանալ այդ տարածքներից:

Ալիեւը շատ լավ է հասկանում, որ վերադարձ բանակցային սեղանի շուրջ՝ նշանակում է հրաժարվել այն ամենից, ինչ «ձեռք է բերել» պատերազմի շնորհիվ: Իսկ նա շատ բան է ձեռք բերել՝ բարձր վարկանիշ թրքախոս աշխարհում, էլ ավելի ժամանակակից զենքով հագեցած զինված ուժեր, գրեթե Ալլահին հավասար կարգավիճակ Ադրբեջանի ժողովրդի աչքում: Բայց այս ամենը մի կողմ՝ շարունակում են գործել նաեւ այն ուժերը, որոնք Ալիեւին պարզապես չեն թողնի ներքաշվել բանակցային նոր պրոցեսի մեջ, որ հղի է հեռուն գնացող իրենց ծրագրերի տապալման վտանգով:

Այդ ուժերի նպատակն ամենեւին էլ Հայաստանի տարածքով միջանցք կամ ճանապարհ ստանալը չէ, ինչպես ներկայացվում է պաշտոնապես՝ «կոմունիկացիաների ապաշրջափակում» անվան տակ: Նրանց համար խնդիրն Արցախի եւ Հայաստանի հարցը փակելն է, Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելն ու վերջնահաշվում միջինասիական հարստություններին տիրանալը: Եվ դա է պատճառը, որ Ալիեւը չի բավարարվում ձեռք բերածով: Իհարկե, նա կարող էր հույս ունենալ, որ ռուս խաղաղապահների մանդատի ժամկետն ավարտվելուց հետո կուլ կտա Արցախը, բայց ի՞նչ անել Հայաստանի հետ, որ գլխավոր խոչընդոտն է բազմամիլիարդանոց ծրագրերի իրագործման ճանապարհին: 

ԵԱՀԿ Մինսկի խումբը դանդաղ, բայց կարծես փորձում է շարժվել: Դա այն ձեւաչափն է, որ ի զորու է վերջնականապես հօդս ցնդեցնել Թուրքիայի, Ադրբեջանի եւ նրանց հովանավորող ուժերի մեծթուրանական ծրագրերը, որոնց իրագործմանը զուգահեռ արդեն սկսել են նոր կոնֆլիկտներ (Աֆղանստան) հասունանալ տարածաշրջանում: Ամենաթույլ օղակն այս շղթայում Ադրբեջանն է, որի մեկուսացումով հնարավոր է կանգնեցնել արդեն մոտ ապագայում սպասվող կործանարար պատերազմը: Իսկ դրա համար պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները թույլ չտան, որ թուրքական մորեխը Հայաստանի եւ Ադրբեջանի վրայով իր համար ճանապարհ հարթի դեպի Միջին Ասիա՝ ընդհուպ մինչեւ Ռուսաստանի խորքերը:

Հայաստանի արեւելյան եւ Նախիջեւանի հետ սահմաններին վերջին շրջանում մեծացող լարվածությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելն այլեւս հրամայական է: 30 տարի շարունակ այդ հարցը կարգավորել են Հայոց բանակը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը: 2018 թվականին, սակայն, Հայաստանում թուրքական կապիտալով իրականացված հեղաշրջումը վերջ դրեց հավասարակշռությանը եւ պահպանվող ստատուս քվոյին: ՀՀ նոր իշխանությունների թեթեւ ձեռքով ոչ միայն չեզոքացվեց Հայոց բանակը, ոչ միայն խարխլվեց Հայաստանի հավաքական անվտանգության համակարգը, այլեւ առկախվեցին ՄԽ շրջանակներում 30 տարի ձգվող բանակցությունները՝ դրանք ինչ-որ մեկի սեփական կետից սկսելու անհիմն ակնկալիքով:

Այսօր ՄԽ համանախագահ երկրներին հարկավոր է նաեւ ուժ՝ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու համար: Արցախում եւ Հայաստանում տեղակայված ռուսական փոքրաթիվ կոնտինգենտը, մենք դրանում համոզվում ենք ամեն օր, ի զորու չէ միայնակ պայքարելու եւ կոշտ միջոցներով կասեցնելու Ադրբեջանի ղեկավարության զավթողական նկրտումները: Ռուսաստանին եւ Հայոց բանակի մնացորդներին այս հարցում անհրաժեշտ են ՄԽ մյուս համանախագահ երկրների համաձայնությունն ու աջակցությունը: