Հիմա ոչ թե օրենքի դիկտատուրա է, այլ՝ մուրճի դիկտատուրա

Հիմա ոչ թե օրենքի դիկտատուրա է, այլ՝ մուրճի դիկտատուրա

«Հրապարակի» հարցազրույցը նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի հետ

- Պարոն Օհանյան, Դուք 2008-ին ՍԴ-ում վիճարկել եք նախագահական ընտրությունները, հետեւաբար, կարող եք զուգահեռներ անցկացնել․ 6 օր տեւած, մինչեւ ուշ գիշեր ընթացող քննությունից հետո ՍԴ-ն գնացել է խորհրդակցական սենյակ՝ մինչ այդ մերժելով դիմողների գրեթե բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ Վահե Գրիգորյանին հայտնված ինքնաբացարկը, ինչից «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը եզրակացրեց՝  այդ մերժումներից պարզ է, թե ՍԴ-ն ինչ վճիռ է հրապարակելու։

- Դե, երեւի փորձը կա, էլի։ Դավիթ Հարությունյանն էլ 2008-ի փորձն ունի, չէ՞․ էն ժամանակ ինքը հակառակ աթոռին էր։ Այսինքն՝ պարզ է, էլի, որ այդքան համարձակություն չի լինի՝ օբյեկտիվ համարելու, առավել եւս՝ էդպես շեշտակի որոշումներ կայացնելու։ Դրա համար էլ ասում են։ Ի՞նչ ասեմ, իրոք պարզ է․ էդ պետք է առյուծի սի՞րտ ուտեն, որ ընտրություններն անվավեր ճանաչեն։ Ո՞վ չի հասկանում, որ ինչքան էլ հիմնավոր ապացույցներ լինեն, հիմնավորվածությունը միշտ էլ ռեզինի պես է․ կարաս ձգես այս կողմ, կարաս ձգես էն կողմ, ինչ-որ մի կետ չկա, էլի, որ էս կողմում լինի, ասես՝ հիմնավորված է, էն կողմում՝ չհիմնավորված։ Պարզ է, ու էդ է։

- Հասարակությունն անթաքույց ուրախանում է դատախազության պատասխան-մեկնաբանությունների վրա։ Օրինակ՝ Օձունի ծեծված գյուղապետի մասով, որ ինչո՞ւ նրա գործով չկա մեղադրյալ, չէ՞ որ նրա գլխին քար չի ընկել։ Կամ՝ որ մուրճն ընդամենը օրենքի դիկտատուրայի խորհրդանիշ է։

- Նախ՝ պիտի խոստովանեմ, որ ինձ համար հերոսներ են էդ մարդիկ, ովքեր գնացել են ընտրություններին որպես պարտք կատարելու՝ հույսով եւ հավատով։ Ու, ճիշտն ասած, էդ մանրամասները չգիտեմ, բայց որ զավեշտը շատ-շատ է… Ցավալի զավեշտը, քանի որ զավեշտը վատ բան չէ, բայց էս դեպքում գործ ունենք օրենքի նկատմամբ բացահայտ արհամարհանքի հետ, հատկապես՝ մայր օրենքի, բայց, ինչպես ասում են, սա ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը։ Ու արդեն ժողովուրդն էլ է ասում, նաեւ մենք՝ իրավաբաններս, որ ինչքան էլ այս պահին մեր համակրանքն այս կամ այն կողմը լինի, ակնհայտ է, որ լավ էլ ասում է պարոն վարչապետը՝ «դիկտատուրա»։

- Այսինքն՝ պետք է ուղի՞ղ հասկանալ դիկտատուրան, ոչ թե փոխաբերական իմաստով՝ օրենքի դիկտատուրա։

- Ինչ խոսք, եթե իսկական դիկտատուրա, ապա օրենքի դիկտատուրան ողջունելի է։ Բայց մենք լավ ենք, չէ՞, հասկանում, որ այստեղ ոչ թե օրենքի դիկտատուրա է, այլ մուրճի դիկտատուրա է։ Ես կարծում եմ՝ սա պետք է արվեր, ինչպես, ասենք, ՄԻԵԴ դիմելուց առաջ բոլոր դատական ատյանները պիտի դիմես։ Էն, ինչ պիտի անես, պիտի անես։ Թե սրանից հետո ոնց կլինի, ժողովուրդը կընդվզի՞, թե՞ համբերությամբ կզինվի… եսիմ։ Ամեն դեպքում, ժողովուրդը լավին է սպասում, քաղաքական ուժերն էլ, դե, սովոր են զինվել համբերությամբ եւ աշխատել։ Մինչեւ որ Աստծու ողորմությամբ ինչ-որ մի լույս կբացվի էս անտեր երկրի վրա։

- Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը եւս մերժվեց։ Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ նախագահին զերծ պահեցին ՍԴ գալուց։ Արմեն Սարգսյանն ի՞նչ պետք է ասեր, որ խանգարեր հօգուտ իշխանությունների վճիռ կայացնելուն, թե՞ ուղղակի խնայեցին, խղճացին։

- Կդժվարանամ պատասխանել։ Երեւի համերաշխության դրսեւորում էր, որ, դե, նախագահն է՝ չի ուզում գալ։ Ես ենթադրում եմ, որ ի՛նքը չի ուզել գալ։ Եթե ուզեր, կգար։ Էնպես, ինչպես էն ժամանակ ուզեց գալ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ես միջնորդեցի, որ հրավիրեն։ Հիմա Սարգսյանն էլ չի ուզել, դատարանն էլ չի ուզել դեմ գնա նրա ցանկությանը։ Մի խոսքով, ունենք այն, ինչ ունենք։ Եթե սիրում ենք իշխանությանը, ուրեմն՝ սիրաշահել։ Ինչքան էլ ընդունենք-չընդունենք, մենք շատ իշխանասեր ազգ ենք ե՛ւ լավ իմաստով, ե՛ւ, որոշ դեպքերում, ինչպես հիմա՝ վատ։ Էնպես որ, էդ է։

- Պարոն Օհանյան, Դուք հավատքի մարդ եք, կխնդրեի մեկնաբանել նաեւ  կրոնական տեսանկյունից, օրինակ՝ Ձեր ձեւակերպումները, որ «մենք սիրում ենք այս իշխանությանը, մենք շատ իշխանասեր ենք»։ Ինչո՞ւ ենք մենք (մի ստվար հատված) սիրում իշխանությանը եւ ինչո՞ւ այսպիսի իշխանություն ունենք։ Այլ խոսքով՝ ինչո՞ւ է Աստված մեզ այսպիսի իշխանություն տվել։

- Հարցի առաջին մասով․ ժողովուրդը, էդ մասին ես էլի եմ խոսել, ասենք՝ մենք, որովհետեւ մենք էլ ենք ժողովրդի մաս, ժողովուրդը բոլշեւիկյան հոգեբանություն ունեցել է միշտ։ Դարերով աղքատները հարուստներին չեն սիրել եւ միշտ առիթը բաց չեն թողել հարուստներին գցելու՝ ե՛ւ պաշտոններից, ե՛ւ հարստությունից, իրենց բիզնեսից։ Գահընկեց անեն։ Եվ մենք գիտենք, որ բոլոր հեղափոխություններն էլ արել են աղքատները՝ սկսած Ֆրանսիական հայտնի հեղափոխությունից ու Բաստիլի գրավումից, որը Ֆրանսիան նշում է, որը, եթե անկեղծ, արվել է կյանքից դժգոհ, աղքատ ժողովրդի կողմից պետական ու քաղաքական պաշտոններ ունեցող եւ նյութական ռեսուրսներ ունեցող արիստոկրատիայի նկատմամբ։ Հիմա նույնն է՝ ժողովուրդն էս իշխանությանը համարում է իրենը։  Իրականում այդպես է, թե ոչ, Աստված գիտի, բայց ժողովուրդն այս իշխանությանն ընտրում է դրա համար։ Համարում է նրան իր ծոցից դուրս եկած, իր նման աղքատ։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ ինչո՞ւ է Աստված մեզ նման իշխանություն տվել։ Ըստ իս, ես, իհարկե, հոգեւորական չեմ, բայց կարծում եմ, որ պատասխանն առաջին հարցի մեջ է՝ որ Աստված տալիս է այն, ինչ ուզում ենք։ Մեծ հաշվով, մենք ենք, չէ՞, ուզում։ Աստված մեզ շատ սիրելով տալիս է այն, ինչ ուզում ենք, իսկ էն մյուս մասին, որ չի ուզում, տալիս է ապաշխարելու հնարավորություն, իրենց նախկին սխալները հասկանալու, դրանց համար զղջալու հնարավորություն, որպեսզի, ի վերջո, ողորմա մեզ։