Արմեն Սարգսյանն ի՞նչ գնահատական ունի երկրում տիրող բռնաճնշումների վերաբերյալ

Արմեն Սարգսյանն ի՞նչ գնահատական ունի երկրում տիրող բռնաճնշումների վերաբերյալ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, բնականաբար, հետեւում է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մասնավորապես՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ հանդիսացող տարբեր անձանց, այդ թվում՝ Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, ձերբակալություններին։ Նախօրեին էլ իրավապահները ներխուժել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որը երկրի թիվ մեկ հարկատուն է, կանգնեցրել էին կոմբինատի աշխատանքը՝ մեծ վնասներ պատճառելով կոմբինատին եւ պետական բյուջեին, ձերբակալել մի շարք անձանց։ Խոսվում է այն մասին, որ իշխանությունները ցանկանում են տերերի ձեռքից խլել կոմբինատը։

Այս ամենին զուգահեռ, քանի օր է՝ Երասխում դարձյալ կրակոցներ են հնչում, զոհ ունենք, երկու հոգի նորից գերի է ընկել։ Մենք փորձեցինք հետաքրքրվել նախագահի աշխատակազմից, թե այս ամենի մասին ինչ է մտածում հանրապետության նախագահը, ինչ կարծիք եւ դիրքորոշում ունի, որքանով են մտահոգում նրան այս իրադարձությունները, նա՞ էլ է համարում, որ գործադիր իշխանության կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում ընդդիմադիր գործիչների նկատմամբ, եւ արդյոք պատրաստվո՞ւմ է որեւէ քայլ ձեռնարկել այս ուղղությամբ՝ հանդես գալ կոչով, հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, իր գործառույթների շրջանակներում անել հնարավոր ամեն բան՝ կանխելու քաղաքական վենդետաներն ու բռնաճնշումները ընդդիմության նկատմամբ։
Նախագահականից մեզ ուղարկեցին հետեւյալ պատասխանը.

«Նախեւառաջ, հանրապետության նախագահն իր ցավակցություններն է հայտնում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում իրականացված սադրանքի հետեւանքով զոհված ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանի ընտանիքին ու հարազատներին: Նախագահը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքների փաստով, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ ուղղակի ոտնձգություններ են եւ հանգեցնում են նաեւ մարդկային զոհերի: Նախագահը խիստ դատապարտելի է համարում Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտում հանդիսացող այս գործողությունները, որոնք պետք է արժանանան համապատասխան ամենախիստ արձագանքի»։

Ինչ վերաբերում է մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում են ընդդիմության նկատմամբ իրականացվող ճնշումներին, ապա նախագահականից հայտնում են, որ հանրապետության նախագահը, անշուշտ, իր գնահատականներն ու դիտարկումներն ունի, բայց, ինչպես հասկացանք պատասխանից, դրանք ընդհանրական են, զգուշավոր եւ անատամ։ 

«Երկրում իրավիճակի վերաբերյալ նախագահն իր մտահոգությունները, տեսակետները եւ դիրքորոշումները բազմիցս հայտնել է եւ հայտնում է թե՛ հանրային ելույթների ու կոչերի, թե՛ տարբեր հանդիպումների ընթացքում: Միեւնույն ժամանակ, ՀՀ նախագահի լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, եւ նա գործում է այդ լիազորությունների շրջանակում: Հանրապետության նախագահը բազմիցս ընդգծել է օրենքի իրավաչափ կիրառման, երկրում իրավունքի գերակայության ապահովման կարեւորությունը՝ այդ համատեքստում առաջնային դիտարկելով մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,- ասված է նախագահականի պատասխանում։

Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ Արմեն Սարգսյանը դիվանագիտորեն շրջանցել է ամենակարեւոր հարցերը եւ հրաժարվել կարծիք հայտնելուց, թե գործադիր իշխանության կողմից արդյո՞ք քաղաքական հետապնդում է իրականացվում ընդդիմադիր սյունեցիների նկատմամբ։ Նկատենք, որ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանից այս տարիներին այդպես էլ որեւէ հստակ գնահատական, դիրքորոշում, դիտողություն չենք լսել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին ու նրա կատարած ավերիչ գործողություններին։ Մի դեպք եղավ միայն՝ երբ պատերազմից հետո նրա հրաժարականի պահանջ առաջ քաշեց, որի համար, ըստ ամենայնի, արդեն իսկ փոշմանել է։

Եվ պահանջն էլ ավելի շատ կարծիք հայտնելու տեսքով էր, որ պետք է տեղի ունենա կառավարության փոփոխություն, որը մենք մեկնաբանեցինք որպես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ։ Այսօր նա համակերպվել է Փաշինյանի գոյության ու գործունեության հետ, հաշտվել է մեր սահմաններին տիրող իրավիճակի հետ, լռում է մարդկանց իրավունքների ոտնահարումների առումով, խուսափում է որեւէ հստակ գնահատական հնչեցնել՝ ի վերջո, սա քաղաքական վենդետա՞ է, թե՞ ոչ։ 

Վստահաբար, Արմեն Սարգսյանը նույնկերպ դիվանագիտորեն կլռի, երբ Նիկոլ Փաշինյանը վաղը որոշի հանձնել Սյունիքը, Տավուշից որոշ գյուղեր տալ թշնամուն, Քյարքին, էլի ուրիշ հատվածներ։ Իսկ եթե որեւէ փաստաթուղթ ստորագրի Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահը կվավերացնի նաեւ դա՝ առանց վիճարկելու դրա հակահայկական կամ հայրենադավ լինելը։ Մինչդեռ երկրի գլուխը հենց ինքն է եւ ինքն է ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորը։ Վերջապես՝ ՀՀ քաղաքացի է, որն իրավունք ունի կարծիք հայտնելու, բայց հրաժարվում է անգամ այդ տարրական իրավունքներից, չնայած շարունակ խոսում է իր լիազորությունների սահմանափակ լինելու մասին։