Որքա՞ն աշխատավարձ է ստացել ֆոնդի տնօրենը 2 տարի ոչինչ չանելու համար

Որքա՞ն աշխատավարձ է ստացել ֆոնդի տնօրենը 2 տարի ոչինչ չանելու համար

Երեկ կառավարությունը քննարկեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության (ANIF) ներկայացրած հաշվետվությունը։ Ֆոնդը ստեղծվել է 2 տարի առաջ, եւ դրա անվանումը ոչինչ չի ասում լայն հանրությանը։ Սակայն դատելով հաշվետվությունից՝ այս կառույցը, որի առաքելությունը խոշոր ներդրումային ծրագրերի ներգրավումն էր, մեծ առաքելություն ուներ։

Մինչդեռ 2 տարում ընդամենը 1 ծրագրի մասին են խոսում՝ «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի հիմնման, որին մասնակցում է «Մասդար» ընկերությունը, եւ արժե 174 մլն դոլար: ANIF-ի կայքում կարդում ենք, որ 200 ՄՎտ հզորությամբ արեւային կայանը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին եւ Դաշտադեմ համայնքներում, ծրագիրը բաղկացած է լինելու մի քանի փուլից՝  նախագծում, ֆինանսավորում, կառուցում եւ շահագործում, որ «Մասդար» ընկերությանը եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (այսուհետ՝ ԱՆԻՖ) պատկանելու են համատեղ ընկերության բաժնեմասերի համապատասխանաբար 85%-ը եւ 15%-ը։ Արդեն երկու տարի է, ինչ ֆոնդը գոյություն ունի, բայց այս ծրագիրը, ինչպես տեսնում ենք, դեռ չի էլ սկսվել։ 

2 տարում ընդամենը մրցույթն են խելքի բերել։  Ֆոնդի ղեկավարը նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին է՝ Դավիթ Փափազյանը, ով նաեւ Արմեն Սարգսյանի սանիկն է։ Նա կառավարությունում ելույթի ժամանակ որպես արված գործ է ներկայացրել նաեւ «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ 2 օր առաջ կնքված բյուջետային ավիափոխադրող հիմնելու գործարքը: «Նախատեսվում է, որ ավիաընկերությունն ավիաչվերթեր կիրականացնի դեպի Ռուսաստանի Դաշնություն, Արեւելյան Եվրոպայի ու Միջին Արեւելքի երկրներ՝ քաղաքացիներին մատուցելով բարձրակարգ ծառայություններ՝ հնարավորինս ցածր սակագներով: Ծրագրվում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ավիաընկերությունը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կբազավորի 15 օդանավ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։ 

Նշվում է նաեւ, որ այլ ներդրումային գործարքներ էլ են կնքվել՝ վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության, առողջապահության, ծառայությունների մատուցման, զբոսաշրջության ոլորտներում, աշխատում են ջրի եւ թափոնների կառավարման ուղղությամբ։ Սակայն բոլոր այս «գործերն» ապագայի շեշտադրումով են։ Ո՛չ թափոնների կառավարում, ո՛չ գյուղատնտեսական կամ առողջապահական ծառայություններում «զիլ» առաջընթաց մենք չունենք։ Մի «զիբիլի» գործարան անգամ չենք կարողանում հիմնել։ Իսկ թե ինչ կլինի «Էյր Արաբիա»-ի հետ գործարքի ճակատագիրը, ոչ ոք չգիտի, նկատի ունենանք «Ռայն Էյր»-ի հետ կապված տխուր փորձը։

Այս ընկերության մասին էլ քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթեւիկ Ռեւազյանը ժամանակին նույնքան ամպագոռգոռ հավաստիացումներ էր անում, բայց  «Ռայն Էյր»-ը մի քանի ամիս միայն գործեց ու անհետացավ՝ օգտվելով քովիդի հետ կապված իրավիճակից։ «Էյր Արաբիա»-ի գրասենյակն էլ արդեն նշված է «Սփյուռում», սակայն չի գործում։ Առհասարակ, հասկանալի չէ՝ եթե ունենք քաղավիացիայի կոմիտե, որն իր գործը կատարում է, ինչո՞ւ է այդ նույն գործով զբաղվում Պետական հետաքրքրությունների ֆոնդը։ Մեր տեղեկություններով, այս երկու տարում Պետական հետաքրքրությունների այս «սուտի» ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանը միանգամայն ռեալ ու տպավորիչ աշխատավարձ է ստացել՝ որոշ տեղեկություններով՝ ամսական մեկուկես մլն դրամ, այլ աղբյուրների համաձայն՝ 5-7 անգամ ավելի։

Որքա՞ն է կազմում Պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենի աշխատավարձը։ Պաշտոնական պատասխան ստանալու հույսով զանգեցինք ֆոնդի կայքում նշված միակ հայկական հեռախոսահամարով, սակայն զանգերին պատասխանող չեղավ։ Դավիթ Փափազյանի համարի փնտրտուքով՝ նույնիսկ նրա հորը զանգահարեցինք՝ ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանին, որն ասաց, թե կարծում է, որ իր որդին հայկական հեռախոսահամարներ չունի։ Եվ սա այն ֆոնդն է, որն իր կայքէջում խոստանում է ՀՀ քաղաքացիներին․ «Մենք լիարժեքորեն հավատարիմ ենք թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքներին»:

Ի դեպ, այս «ենթագլուխը» կազմակերպության ոչինչ չասող կայքում ենթավերնագիր ունի՝ «Պատասխանատվություն»։ Պատասխանատու կառույցի պատասխանին կսպասենք։