Աղետի «համասեփականատերերը»՝ Փաշինյան, Խաչատուրյան, «ՔՊ» խմբակցություն

Աղետի «համասեփականատերերը»՝ Փաշինյան, Խաչատուրյան, «ՔՊ» խմբակցություն

Փաշինյանի եւ յուր վարչախմբի համար բրյուսելյան վերջին եռակողմ հանդիպումը, առաջիկայում սպասվող մյուս բանակցությունները ոչ թե Արցախի, Հայաստանի եւ հայության ճակատագրի մասին են, այլ բացառապես՝ սեփական իշխանությունը պահելու դիմաց նոր զիջումների գնալու։ Այդ է պատճառը, որ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից չի զլանում անգամ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին «սխալ հանել»՝ հերթական անգամ փորձելով փրկել սեփական դեմքը։ Բնականաբար, նա չի արձագանքում նաեւ Ալիեւի՝ Էրդողանին ուղղված այն հավաստիացումներին, որոնք վերաբերում են «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ սկզբունքային պայմանավորվածություններ ձեռք բերելուն։ Թերեւս վաղուց ապացուցման կարիք չունի, որ Փաշինյանը զուրկ է ոչ միայն սեփական ժողովրդին եւ երկիրը ներկայացնելու մանդատից, այլեւ տարրական դիվանագիտական էթիկայից եւ զսպվածությունից։

Որքան ավելի է դանդաղում կամ լճանում փողոցային շարժումը, այնքան նա ավելի սանձարձակ ու լկտի բառամթերք է բանեցնում։ Խորհրդարանական վերջին հարցուպատասխանում գերիների, ավելի վաղ՝ զոհերի եւ անհետ կորածների հստակ թվի մասին նա խոսում է այնպիսի անհոգությամբ, ասես դա մի երրորդ ուժի կամ երկրի վերաբերող չեզոք տեղեկանք է, չոր վիճակագրություն։ Ժամանակին «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը թմբկահարողը, ինչն էլ Ադրբեջանին հիմք տվեց հարձակում ծրագրելու Արցախի դեմ, այսօր վախենում է անգամ «Լեռնային Ղարաբաղ» պատմաաշխարհագրական անվան հիշատակումից։ Հավանաբար շուտով ՔՊ-ական պատգամավորները եւս Շառլ Միշելի եւ Ադրբեջանի պես կսկսեն գործածել «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներ» թշնամական ձեւակերպումը։

Եթե նույնիսկ համարենք, որ 44-օրյա պատերազմը դավաճանության կամ դավադրության արդյունք չէր, ապա ինչպե՞ս բացատրել հետպատերազմյան մեկուկես տարում Արցախից աստիճանական հրաժարումը եւ «նշաձողի իջեցումը» այն Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով տեսնելու սանդղակի։ Չէ՞ որ մեկ տարի առաջ Փաշինյանի վարչախումբը ոչ միայն եղածը պահելու, այլեւ անգամ Շուշիի եւ Հադրութի ապազավթման անհրաժեշտության մասին էր խոսում, հետո պիտի պարզվեր՝ նախընտրական նպատակով։ Դե հո չէ՞ր խոստովանելու, որ Արցախի օտարման եւ այն Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով թողնելու դեպքում դա լինելու է Առաջին հանրապետության անկումից ի վեր՝ վերջին հարյուրամյակում, մեր մեծագույն հայրենազրկումը։

Պատասխանատուների շարքում, իհարկե, իր ուրույն տեղն ունի նաեւ նախագահ անվանյալ կամակատարը՝ Վահագն Խաչատուրյանը, որն Արմեն Սարգսյանին կրկնօրինակում է «չեզոք դիտորդի» իր կարգավիճակով՝ փաստացի լռելյայն աջակցելով պետական դավաճանության եւ հայրենահանձնման հերթական արարին։ Չորրորդ նախագահի պես՝ նա եւս ենթադրաբար կարծում է, թե օտարերկրյա անհոգ շրջագայությունները, ազդեցիկ անձանց հետ ոտքի վրա արված լուսանկարները, Դավոսի համաժողովին մասնակցությունն ու հակառուսական ժեստը ստվերում են իր անընդունելի անտարբերությունն Արցախի հանձնմանը։ Եթե Արմեն Սարգսյանի ճակատին դաջվեց սահմանադրական ձեռնածությունների եւ ԶՈՒ ԳՇ պետին ազատելու հրամանագրի հարցով ՍԴ չդիմելու խարանը, այս մեկն անձնական պատասխանատվություն է կրելու երկրորդ կապիտուլյացիայի համար։

Իշխանության մյուս բարձրաստիճան ներկայացուցիչների պես՝ Վահագն Խաչատուրյանը չունի հանրային աջակցություն, ավելին՝ նա անգամ բավականաչափ հայտնի չէ ժողովրդին, այն դեպքում, երբ Մայր օրենքի ուժով՝ պետության գլուխն է եւ Սահմանադրության պահպանման երաշխավորը, այսինքն՝ բացառիկ մանդատի տեր պետական ինստիտուտ։ Մինչդեռ փաստացի՝ Վահագն Խաչատուրյանը Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես համասեփականատերն է Արցախի վերջնական օտարման, Հայաստանի մասնատման եւ թշնամական օրակարգի սպասարկման, հետեւաբար՝ պետք է լինի աղետի պատասխանատուների առաջին շարքում։

Դավիթ Սարգսյան