Արցախցուն զրկում են իր ինքնությունից, թե ինչ է՝ թոշա՞կ պիտի տան  

Արցախցուն զրկում են իր ինքնությունից, թե ինչ է՝ թոշա՞կ պիտի տան  

Երբ դեռ Արցախը կար, ՀՀ իշխանությունը քարոզչություն էր անում՝ իր տանկայինների ու գրոհայինների  միջոցով, որ Արցախը պիտի ինտեգրվի Ադրբեջանին։ Արցախցիներն ինն ամիս պաշարման մեջ մնացին, սովին ու բոլոր դժվարություններին դիմացան, դրանով իսկ հասկացնելով, որ չեն ինտեգրվի Ադրբեջանին։ Իրենք ունեն իրենց պետությունը, բանակը, պետական կառույցները, հայ են և չեն ուզում մերվել, միախառնվել ադրբեջանցիներին։ ՀՀ իշխանության անդուլ ջանքերի շնորհիվ հիմա Արցախը չկա։ Չկա Արցախի պետություն, բանակ, պետական կառույցներ։ Կատարվել է բառիս բուն իմաստով ցեղասպանություն։ Արցախ չկա, բայց արցախցիներ կան։ Ամբողջ Արցախը տեղահանվել է Հայաստան։

Տեղահանության պատճառ են համարում Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարել է, որ Արցախ չկա, Արցախը Ադրբեջան է։ Արցախը եկել ու ասում է՝ դե եթե Արցախը Ադրբեջան է, մենք ՀՀ քաղաքակացու անձնագիր ունենք ու հայ ենք, տեր կանգնիր մեզ։ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ ասում է, որ Արցախը պիտի ինտեգրվի Հայաստանին։ Եթե առաջ Ադրբեջանին պիտի ինտեգրվեր, հիմա էլ ասում է, որ Հայաստանին պիտի ինտեգրվի։ Այսինքն նրանք անձնագիր պիտի ստանան, որտեղ չի լինի, որ իրենք Արցախի ծնունդ են։ Հայաստանին ինտեգրվելու ծրագիրն առաջին հերթին անվնաս բան է թվում, բայց երբ խորանում ես, տեսնում ես, որ դրա մեջ այլ ծրագիր կա։ Արցախը միանգամից թաղում են։ Այսինքն նրանք հետագայում չեն կարողանալու իրենց ունեցվածքի, տան պահանջատերը լինելու։ Նրանց անձնագրում չի նշվելու ծննդյան վայրը, դա հիմք է տալու Ադրբեջանին, որ ասի՝ ի՞նչ Արցախի, ի՞նչ տեղահանվածի մասին է խոսքը։ Արցախցիները ոչ միայն Արցախի, այլ իրենց տան, ունեցվածքի նկատմամբ ոչ մի պահանջ չեն կարող ներկայացնել՝ ոչ Հայաստանի իշխանությանը, ոչ Ադրբեջանի իշխանությանը։ Հայաստանին ինտեգրվել պահանջում են սոցիալական լծակով՝ թոշակներ ստանալ։ Այսինքն մազապուրծ փախած մարդկանց զրկում են անգամ թոշակ ստանալու իրավունքից, եթե նրանք չեն հրաժարվում ՀՀ քաղաքացու իրենց հին անձնագրից։ Սա ի՞նչ է նշանակում։ Իշխանությունն առաջին դեմքով կարո՞ղ է բացատրել։ Արցախցուն զրկում են իր ինքնությունից, կենսագրությունից, պատմությունից թե ինչ է՝ թոշա՞կ պիտի տան։