Երիտասարդ, ծիծաղելի ես. Թուրալ Գյանջալիեւին

Երիտասարդ, ծիծաղելի ես. Թուրալ Գյանջալիեւին

Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Թուրալ Գյանջալիեւը, որ Ադրբեջանի ԱԳՆ աշխատակից է, հանդես է եկել հերթական աբսուրդային հայտարարությամբ, որտեղ պնդում է, թե ԵԱՀԽ նախարարական համաժողովի 1992թ. մարտի 24-ի որոշմամբ ԼՂ հակամարտության կողմ են ճանաչվել Հայաստանը եւ Ադրբեջանը, շահագրգիռ՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքները»:

Պատմական փաստերի եւ իրողությունների նենգափոխումն ադրբեջանական կողմի ավանդույթն է: Եւ ինչքան «առաջադիմում» են, այնքան նրանք դառնում են ծիծաղելի: Որովհետեւ նշված որոշմամբ շահագրգիռ կողմեր են ճանաչված «Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները»: Այսինքն, ԵԱՀԽ նախարարական խորհրդաժողովը փաստացի ընդունել է Արցախում 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացված Գերագույն խորհրդի ընտրությունների եւ դրանց արդյունքում ձեւավորված՝ իշխանության մարմինների օրինականությունը: Դա է հասկացվում «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ» ձեւակերպումից:

Իսկ թե ինչ կամ ում է նկատի ունեցել «այլ ներկայացուցիչներ» ասելով՝ վիճելի է, որովհետեւ ասվածը կարող է հասկացվել այնպես, որ Լեռնային Ղարաբաղն ունի նաեւ ոչ ընտրված, նշանակված ներկայացուցիչներ: Գործնականում այդպես էլ եղել է, 1993թ.-ից բանակցություններում Արցախը ներկայացրել է արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, որ ոչ թե ընտրված, այլ նշանակված պաշտոնյա էր: Գյանջալիեւը նաեւ այն միտքն է զարգացրել, որ Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական եւ հայկական համայնքներն իրավահավասար են»: Պետք է երիտասարդ դիվանագետին խորհուրդ տալ, որ կարդա Ինքնավար Լեռնային Ղարաբաղի կազմավորման մասին Ադրբեջանի Կենտգործկոմի որոշումը, որտեղ սեւով սպիտակին գրված է, որ մարզը ձեւավորվում է «Լեռնային Ղարաբաղի հայկական մասից»: Այսինքն, խորհրդային Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինը ճանաչել է Ինքնավար Լեռնային Ղարաբաղի ՀԱՅԱՊԱՏԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Նույն տեղում ԻԼՂՄ տարածքի հողը, անտառները, բնական մյուս հարստությունները ճանաչվում են «նրա տերերի սեփականություն»: Ավելին, եթե Գյանջալիեւն իրեն նեղություն տա եւ ուսումնասիրի ադրբեջանական արխիվները, ապա կհանդիպի պետական մարմինների որոշումների, որոնցից մեկով ԻԼՂՄ հետ հաղորդակցության լեզու է սահմանվում հայերենը, մյուսով տեղի ադրբեջանցիներն անվանվում են «ազգային փոքրամասնություն»:

Հասկացվում է, որ ԻԼՂՄ տիտղոսակիր ազգ է ճանաչվում հայ մեծամասնությունը: Հենց այդ սուբյեկտությունն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելուց հետո Արցախն անցկացնի հանրաքվե եւ հռչակի անկախություն: Եւ միայն այդ փաստի ճանաչումը կարող է հակամարտության կարգավորման ուղի հարթել: