Եկվոր ռուսներն ուզում են Գյումրիում երկար մնալ․ հյուրատներում տեղ չկա

Եկվոր ռուսներն  ուզում են Գյումրիում երկար մնալ․ հյուրատներում տեղ չկա

Հանրապետության երկրորդ քաղաքն այս տարի տուրիստական բում ապրեց: Hraparak.am-ի հետ զրույցում Գյումրի 2022թ-ի տուրիստական ոլորտն   է ամփոփում  «ՄարՄար» զբոսաշրջային ընկերության տնօրեն Լիզա Գասպարյանը:

«Հպարտությամբ կարող եմ ասել, որ «տարին հավեսով փակել»ու նստել ենք, թեպետ հունվար-փետրվար ամիսներն առավել պասիվ շրջան է, եւ անելիքներն այդ առումով ավելին են :Ես,  այնուամենայնիվ, ոչ թե գերազանց, այլ լավ եմ գնահատում մեր աշխատանքը, քանի որ այն, ինչ անում ենք դեռ բավարար չէ : Իհարկե, լավ էր, շարժ  կար : Այս տարի ներքին շուկային գումարվեց նաև ռուսական շուկան, հատկապես  ամռան վերջին, երբ ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարվեց, շռնդալից այց եղավ Գյումրի : Չնայած ռուսներն այդպես բնակության վայր փոխեցին, բայց դա նպաստեց  տուրիզմի զարգացմանը :Ինձ այս տարի ուրախացրեց նաև այն, որ ընդհանուր շարժի մեջ փոխվել է  քաղաքի բնակիչների  մտածողությունը :Այսօր գյումրեցիներն իրենք են փորձում ինչ-որ բան անել, ինքնակազմակերպվել, քայլեր են արվում  նոր բիզնես ստեղծելու, նույնիսկ երևանյան բիզնեսներ  տեղափոխվեցին Գյումրի, սա քաղաքի ինքնաբավ զարգացման համար շատ կարևոր է :Ես անդադար ասել եմ, որ միայն մայրաքաղաքը չէ, եւ հիմա արդեն ուրիշ է»,-ուրախությամբ նշեց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով նաև սպասարկման ոլորտին :
«Սպասարկման ոլորտում բավականին հետաքրքիր մշակույթ է ձևավորվել:Մարդիկ պատրաստ են հետադարձ կապ ստեղծել, սա գիտակցության փոփոխություն է:Երբ նոր ծառայություն է ստեղծվում, սպառողին հրավիրում են համտեսելու, օգտվելու, որպեսզի հետադարձ կապ ստեղծվի եւ հասկանան՝ ինչն է սխալ կամ ճիշտ իրենց գործում: Այսօր ինձ ուրախացնում է նաև փողոցների կենսունակությունը:Սրանից երկու տարի առաջ, օրինակ, Աբովյան փողոցը գեղեցիկ էր, բարեկարգ, բայց կենսունակ չէր, մի տեսակ այդ հատվածը մեռուկացված էր, բայց այսօր դարձել է բիզնես կենտրոն»,-ասաց  զբոսաշրջային ընկերության տնօրենը՝ նշելով նաև թերությունները, որոնք առկա են: «Քաղաքային իշխանությունը, հատկապես պատմական միջուկի  մասով, մեծ անելիքներ ունի :Պետք է ասեմ, որ Աբովյան փողոցը կարծես դարձրել են գնչուական առևտրի տեղ, ավելի շատ փող աշխատելու վայր է, քան  պահպանվում  են պատմամշակույթային  արժեքները :Համայնքային իշխանությունը պետք է առավել հետևողական լինի :

Գալիք տարի սպասում ենք, որ Գյումրու  պատմական հատվածների փողոցների մի մասի վերանորոգման աշխատանքները կսկսվեն, ինչը շատ ուրախալի է , որովհետև հիմա միայն մի հատվածում ՝ Ձորի թաղում է կենտրոնացած զբոսաշրջությունը : Լավ է, որ թանգարանների հոսքից եւ այլնից ենք խոսում, բայց մինչև այդ թանգարան հասնելը, հասկացեք՝ քաղաքը ենթակառուցվածքների հարցով բազմաթիվ խնդիրներ ունի:Ասել կուզեմ, որ քաղաքային իշխանությունը պետք է առավել ճկուն լինի, պետք է մի կողմ թողնել բոլոր ամբիցիաները եւ լսել ոլորտի մարդկանց, նրանց առաջարկությունները ևս հաշվի առնել :Եթե իսկապես ուզում ենք զարգացնել համայնքը, էլ ավելի գրավիչ դարձնել: Անելիքներ շատ կան: Մեր Արփի լիճը, Հառիճավանքը, Վահրամաբերդը, Ամասիայի ու  Աշոցքի համայնքները պետք է դարձնել բացահայտ երթուղի: 

Ես անհամբեր սպասում եմ Գյումրի-Երևան  ճանապարհի շինարարության վերջնական ավարտին»,-ընդգծեց Լիզա Գասպարյանը : Ի դեպ, այս տարի Ամանորին  Գյումրու հյուրատները գերհագեցած են, արդեն իսկ պահանջարկը գերազանցել է առաջարկին: «Հյուրատները գերհագեցած են , գումարվել են ռուսները, նրանցից ոմանք անգամ ուզում են Գյումրիում երկար մնալ, եւ սա հիանալի աշխույժություն է մտցրել քաղաքում: Տոնական օրերին հորդորում եմ քաղաքի բոլոր սպասարկման ոլորտների պատասխանատուներին՝ աշխատել շուրջօրյա աշխատանքային ռեժիմով, որպեսզի կարողանանք շուկային բավարարել,  եւ մեր հյուրերն էլ այստեղից հեռանան լուսավոր, պայծառ, տպավորված, ունենան վառ հիշողություններ, քանի որ անկախ ամեն ինչից, մենք վաճառում ենք էմոցիաներ․․․․»,-հավելեց «ՄարՄար» զբոսաշրջային ընկերության տնօրեն Լիզա Գասպարյանը: