Սուքիասյանների՞ն պատկանող մեքենայի վրա են կրակել

Սուքիասյանների՞ն պատկանող մեքենայի վրա են կրակել

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արաբկիր 39 փողոցում, բարձրահարկ շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել։ Մեր տեղեկություններով՝ կրակել են ԱԺ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին պատկանող ավտոմեքենայի վրա։ Մեքենայում եղել է միայն Սուքիասյանի վարորդը, զոհեր, տուժածներ չկան։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով․ «Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Պարեկները դեպքի վայրը սահմանազատել են, և այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Արմեն Զոհրաբյանը, Արմեն Ոսկանյանը, Տիգրան Սահակյանն ու Էդգար Այվազյանը։ Տեղում աշխատում են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։Դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված-կրակված պարկուճ և Maybach մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի երկու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունն ու հանցագործության գործիք՝ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վիրավոր քաղաքացի տեղափոխվե՞լ է, թե՞ ոչ»։

Տեղեկությունը, որ մեքենան պատկանում է Սուքիասյաններին, փորձեցինք ճշտել նրանց մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից, նա ասաց, որ նման բան գոյություն չունի, նույնը կրկնեց նաեւ Ռ․Սուքիասյանի փաստաբանը։ Ոստիկանությունից էլ փոխանցեցին, որ իրենք անուններ չեն կարող հայտնել: 

Այժմ համադրենք մեր ստացած տեղեկությունները․ մեքենան, որի վրա կրակել են, Mercedes Viano-ի լյուքսային՝ Maybach տարբերակն է, որի պետհամարանիշն է 01 PZ 015։ Բացի այն, որ մեր աղբյուրները վկայեցին, որ սա Սուքիասյաններին պատկանող մեքենա է, մեքենայի համարանիշները՝ 01 - 015 կամ 015 - 01, պատկանում են Սուքիասյանների ընտանիքին։ Նրանք «բրոնյա» են արել այս սերիայով բոլոր համարները և գրեթե բոլոր տառային կոմբինացիաներով պետհամարանիշները «զարդարում են» իրենց թանկարժեք մեքենաները։ Օրինակ՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարան է գալիս 015 XX 01 համարանիշով Medrcedes S-Class-ով, նրա ավտոպարկում առկա տարբեր մոդելների Rolls Royce-երի վրա էլ են այսպիսի համարներ փակցված։ Օրինակ՝ նրան պատկանող Rolls Royce Cullinan-ի վրա էլ փակցրած է 01 AA 015 պետհամարանիշ։ 

Ուստի, առնվազն տարօրինակ է, որ Սուքիասյանի խոսնակը հերքում է, որ մեքենան իրենց հետ կապ ունի, եթե ամբողջ քաղաքը գիտի, որ սրանք Սուքիասյաններինն են։ Ի դեպ, այս դեպքի՝ Սուքիասյանների հետ կապ ունենալը «փաստում է» նաև լուրը առաջինը հրապարակած կայքի՝ Shamshyan.com-ի տարօրինակ լռությունը։ Շամշյանը, որն ամեն ինչ գիտի և դեպքից վայրկյաններ անց ամենայն մանրամասնություններով նկարագրում է, թե որ մեքենան ում է պատկանում, ով է դրա տերը, արդյոք մեքենան իր իսկական համարներով է, թե կեղծ, կամ, ասենք, ԱՊՊԱ ունի՞, թե՞ ոչ, այս անգամ ոչ մի բառ չի գրել մեքենայի տիրոջ, մեքենայում եղած անձանց կամ կրակոցների հետևում կանգնած անձանց ու դեպքի շարժառիթների մասին։ Ի դեպ, մենք պարզեցինք, որ նշված մեքենան ԱՊՊԱ անցած չէ։ 

Հիշեցնենք, որ տարեսկզբին Ռոբերտ Սուքիասյանը հայտնվել էր իրավապահների թիրախում․ նա մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ՝ Ամիրյան փողոցում կրակել էր ԱՄՆ քաղաքացի հանդիսացող մի տղամարդու ոտքերին։ Նա օրեր առաջ 55 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումը։