Happy End Ռայֆի համար

Happy End Ռայֆի համար

Այս մաքրացեղ գերմանական կուրցխարին պահել, պահել են ու դուրս նետել։ Նրան հյուծված վիճակում, ողերը տնկված նկարել էին Գավառի մոտակա գյուղերից մեկում՝ Գանձակում, նկարն էլ կախել կենդանասերների խմբում։ Այսպես սկսվեց երջանիկ պատահականություններով լի, գրեթե անհավանական այս պատմությունը։

Վարդենիսի քաղաքապետարանում ընկերներ գտա, նրանք էլ ահազանգեցին Գանձակի դպրոցի տնօրենին։ Նա կանչեց երեխաներին ու հանձնարարեց գտնել շանը, թե չէ՝ կսատկի։ Այստեղ պարզվեց, որ երեխաներից մեկն արդեն մի քանի օր պահել էր կուրցխարին, կերակրել, բայց գերակտիվ որձը փախել էր։ Նրան տեսել էին դաշտերում ու եկեղեցու մոտ։

Երեխաներն ասեցին։ Վազվզեցին գյուղով մեկ, որոնեցին ու չգտան։ Վերջ, կսատկի սովից, կամ կատաղած շները կգզեն։ Հանկարծ զանգ կենդանասեր Զառա Ասատրյանից։ Գնում է Գավառ, խոստանում է գտնել կուրցին, եթե ճանապարհածախսը կազմակերպենք։ Էդ ընթացքում մեկ այլ սրտացավ շնասեր՝ Սոնան գտավ տիկին Գեղեցիկ Սիմոնյանին՝ Կոտայքից, Ակունք գյուղից, 40 տարվա մանկավարժի, որը պահել է այս շնից, բայց գողացել, տարել են։ Զառան հասավ Գավառ, Գանձակ գյուղ։ Գտավ շանը դպրոցականների ասած տեղից։ Տաքսով տարավ Ակունք։

Պարզվեց՝ Զառայի գյուղն է Ակունքը ու տիկին Գեղեցիկին էլ լավ ճանաչում է։ Գեղեցիկը շանը սիրեց, անունն էլ դրեց Ռայֆ , իր կորած շան անունից։ Թափառող շների կյանքում էլ է երբեմն լինում «Հեփի էնդ»։