Ինչպես են հավաքագրվել արտասահմանյան առաջին խորհրդային հետախույզները

Ինչպես են հավաքագրվել արտասահմանյան առաջին խորհրդային հետախույզները

1920-ական թվականներին, երբ միջազգային ասպարեզում հայտնվեց Խորհրդային Ռուսաստանը, եվրոպական մայրաքաղաքներում շատերն ապշահար եղան։ Պարզվեց, որ չնայած մինչ այդ խորհրդային երկրի միջազգային մեկուսացմանը, Մոսկվան բավական լավ է կարողանում կողմնորոշվել մեծ քաղաքականության նենգ սարդոստայնում։

Ընդ որում, դատելով սովետա-ռուսական դիվանագիտական գործողություններից, շատերն հասկացան, որ Կրեմլին հասանելի են օտար բազմաթիվ երկրների արտաքին քաղաքական գաղտնիքները։ Եզրակացությունը մեկն էր՝ Խորհրդային Ռուսաստանը, ապա նաեւ՝ ԽՍՀՄ-ն իր ձեւավորման առաջին իսկ օրվանից կարեւոր էր համարել հետախուզություն ունենալը։

Պատմագիտության մեջ ընդունված է խորհրդային հետախուզության հիմնադրման թվականը համարել 1920 թվականի դեկտեմբերի 20-ը, երբ այն ժամանակվա Համառուսաստանյան հատուկ հանձնաժողովի (ВЧК) ղեկավար Ֆելիքս Ձերժինսկին ստորագրեց թիվ 169 հրամանը, որով Օտարերկրյա բաժինը ձեւավորվեց որպես առանձին հետախուզական ստորաբաժանում։ Ստորաբաժանումն ուներ ըստ էության հատուկ կարգավիճակ, քանի որ այդ հրամանով արտասահման որեւէ գործակալի գործուղումը հնարավոր է դառնում միայն Օտարերկրյա բաժնի միջոցով։ 

Պարզից էլ պարզ էր, որ արտաքին հետախուզական ծառայության ստեղծումն ու այն ստվերում պահելը, հատկապես երբ նախնական հիմքի համար բազա կարելի է ասել, որ չկար, այնքան էլ դյուրին գործ չէր։ դրա համար տարիների աշխատանք էր պահանջվում։ Փարիզում եւ Լոնդոնում, հեռավոր այդ ժամանակներում, նորաստեղծ խորհրդային պետությունը նոր-նոր էր լիազոր ներկայացուցչություններ բացել։ Եվրոպական բազմաթիվ մայրաքաղաքներում առհասարակ խորհրդյաին երկիրը ներկայացված չէր։ Սակայն այնուհանդերձ, ինչպես ընդունված էր ասել, Մոսկվայում կարճ ժամանակում ամեն ինչ իմանում էին։ Մեխանիզմը շատ պարզ էր։ Խորհրդային իշխանությունները, իրենց գոյության առաջին իսկ օրերից արտաքին աշխարհում տեղի ունեցող շատ իրադարձությունների մասին իմանում էին ոչ այնքան Արտաքին գործերի ժողկոմատից (նախարարությունից) որքան ВЧК-ից, որի խնդիրն էր պայքարել ներքին եւ արտաքին հակահեղափոխականության դեմ։ Հենց այս մարմնին էր պատկանում արտաքին գործակալական ցանցը, որի ստեղծման, կայացման ու զարգացման գործում վճռական էր անձամբ Ձերժինսկու դերը։

Սակայն նաեւ ասել, որ խորհրդային հետախուզությունը դատարկ տեղում պետք է ստեղծվեր բացարձակ իմաստով, այնքան էլ ճիշտ չէր։ Բանն այն է, որ նախահեղափոխական Ռուսաստանն էլ ուներ իր արտաքին հետախուզական գործակալական ցանցը, եւ այդ ցանցի մասին փաստաթղթերը հասել էին որպես «ժառանգություն» խորհրդային ղեկավարներին։ Այդ փաստաթղթերն ուսումնասիրում է Ձերժինսկու տեղակալ Յակոբ Պետերսը։ Նա հասկանում է, թե ինչ «թանկարժեք ժառանգություն» է մնացել խորհրդային իշխանավորներին եւ միջնորդում է Լենինին, որպեսզի կարգադրություն ստորագրի այդ փաստաթղթերը նախկին կառավարական գույքն ու փաստաթղթերը առգրավելիս,  անխաթար պահպանելու համար։ Այսպես Ձերժինսկու հիմնարկի տրամադրության տակ հայտնվում են հազարավոր էջեր գաղտնի փաստաթղթեր, անձնական տվյալներ, գործակալների հետ կապված այլ տեղեկատվություն։  Ձերժինսկին լավ էր հասկանում, որ գործակալների հավաքագրումը բարդ գործ է, դրա համար էլ, չնայած այն մտայնությանը, թե «ցարական սպասարկուների մասին պետք է մոռանալ», որոշում է այլ ճանապարհով գնալ։ Մի քանի ամիս տեւած ուսումնասիրություններից հետո «սառույցը տեղից շարժվում է»։ Մոսկվա են հասնում մի քանի գրություններ նախկին գործակալներից, որով խնդրվում է հստակեցնել, որ եթե իրենց ծառայություններով ներկա իշխանությունը հետաքրքրված չէ, ապա թող ազատեն իրենց նախկին պարտականություններից։ Իհարկե կար նաեւ այն կանխավարկածը, որ շատ գործակալներ, որոնք աշխատել են ցարական կարգերի օրոք եւ ներկա իշխանություններին չեն ընդունում, կարող են վնասարար գործունեությամբ զբաղվել։ Սա էլ հավելյալ զգուշավորության համար հիմք էր ծառայում։ Իսկ եթե կա հետաքրքրվածություն իրենց ծառայություններով, ապա թող վերջին մեկ տարվա ունեցած ֆինանսական պարտավորությունը մարեն եւ Շվեյցարիայի ներկայացուցչին պատվիրակեն եւ ապահովեն գործակալների անվտանգությունը։ Ըստ պատմաբանների, հենց այս խնդիրների հետ կապված կայացված որոշումն իրականացնելու համար էլ Ձերժինսկին 1918 թվականին քողարկված կերպով այցելում է Շվեյցարիա՝ իբրեւ թե կնոջն ու որդուն տեսակցելու, եւ այսպես  առաջին գործակալների ներգրավումն է սկսվում խորհրդային ապագա արտաքին հետախուզական մարմնում։ 

Մարկոս Աբիսինով