Հայկական նոր օդանավ են գնել, որը Քաղավիացիայի կոմիտեն դեռ պետք է գրանցի

Հայկական նոր օդանավ են գնել, որը Քաղավիացիայի կոմիտեն դեռ պետք է գրանցի

Քաղավիացիայի կոմիտեն վերջապես մամուլի խոսնակ ունի։ Մեր գործընկեր Արմինե Ուդումյանը պատերազմի ընթացքում՝ «կամավորության հիմունքներով» իրականացնելու է կոմիտեի հանրային կապերի պատասխանատուի աշխատանքը։ 2 տարի շարունակ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող այս կառույցում չկար մեկը, որ պատասխաներ լրագրողների հարցերին։ Կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը կա՛մ երկրում չէր, կա՛մ էլ՝ երբ զանգում էինք, «տանը մարդ չկար»։ Կային ինչ-որ օգնականներ, որոնք էլ իրավասու չէին մեր հարցերին հստակ պատասխաններ տալ։ Իսկ երբ կոմիտեի մասին որեւէ բան էր գրվում, որը Քաղավիացիայի տիրուհու սրտով չէր լինում, անմիջապես սկսում էին մեղադրանքներ հնչեցնել լրագրողների հասցեին։ Թերեւս սա էլ է խոսում Տաթեւիկ Ռեւազյանի ղեկավարած կառույցի՝ մամուլի ու հանրության հանդեպ վերաբերմունքի եւ պատասխանատվության մասին։

Նոր խոսնակը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ Թուրքիան հրաժարվում է տրամադրել իր օդային տարածքը՝ դեպի Հայաստան հումանիտար բեռների տեղափոխման համար։ Ասված էր, որ հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության՝ դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երեւան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել: Հումանիտար բեռն ամերիկահայ համայնքն է ուղարկել՝ պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար:

Մենք մի քանի լրացուցիչ հարց ուղղեցինք այս թեմայով՝ հասկանալու, թե պատերազմական այս օրերին ինչ խնդիրներ ունենք օդային հաղորդակցության առումով։ Մենք տեղեկություն ունեինք, որ օրերս մի քաղաքացի իր միջոցներով օդանավ է գնել, որ դրանով այլ երկրներից Հայաստան պատերազմի համար անհրաժեշտ բեռներ տեղափոխի, բայց ՔԱԿ-ը, չգիտես ինչու, մինչ օրս չի գրանցել օդանավը։ Այս հարցը եւս ուղղեցինք կոմիտեին, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ նման հարցով, այո, իրենց դիմել են։

- Վերջին օրերին որեւէ մեկը դիմե՞լ է Քաղավիացիայի կոմիտե՝ օդանավ գրանցելու պահանջով։ Եթե այո, ապա գրանցվե՞լ է այն, թե՞ ոչ, եթե ոչ՝ ինչո՞ւ։

- Այո, սեպտեմբերի 28-ին: Հայտին ընթացք է տրվել ռեկորդային կարճ ժամանակում: Գործընթացի մեջ է, որի համար պահանջվում է մինչեւ 90 օր ժամկետ, սակայն արդեն վերջնական փուլ է անցել: Մինչ այդ օդանավն իրենց համաձայնությամբ շահագործվում է տեղական այլ ավիաընկերության կողմից` հումանիտար առաքելությամբ:

- Բացի Թուրքիայից, ուրիշ ո՞ր երկրներն են այս պահին խնդիրներ առաջացնում՝ իրենց օդային տարածքով դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու հարցում եւ ի՞նչ պատճառաբանությամբ։

- Եթե չհաշվենք Ադրբեջանը եւ Թուրքիան, մնացած երկրները խոչընդոտներ չեն առաջացնում հումանիտար եւ քաղաքացիական ավիափոխադրումների համար:

- Վրաստանն այս օրերին իրեն ինչպե՞ս է դրսեւորում, մենք կարողանո՞ւմ ենք ազատ թռիչքներ իրականացնել Վրաստանի օդային տարածքով, այդ թվում՝ հումանիտար բեռներ փոխադրել։

- Մինչեւ այսօր Վրաստանի տարածքով հումանիտար կամ քաղաքացիական բեռների ավիափոխադրումների խնդիր չի ունեցել Հայաստանը:

- Մենք ի՞նչ այլընտրանք ունենք Վրաստանի եւ Թուրքիայի օդային տարածքներին եւ հնարավո՞ր է այլընտրանքային ճանապարհով իրականացնենք մեր թռիչքները։

- Հայաստանը մտադրություն չունի շրջանցել Վրաստանի տարածքը:

- Պատերազմի սկսման պահից ի վեր քանի՞ ավիաընկերություն է դադարեցրել թռիչքները դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ։

- Համավարակի հետեւանքով ամբողջ աշխարհում եւ Հայաստանում արդեն զգալիորեն կրճատվել էին ավիաթռիչքները: Պաշտոնապես պատերազմի պատճառին որեւէ ավիաընկերություն հղում չի արել: Սակայն պատերազմի օրերին թռիչքները չեղարկել են «SkyUp Airlines», «Ukraine International Airlines» եւ «Austrian Airlines» ավիաընկերությունները:

- Ելնելով պատերազմական իրավիճակից՝ այս պահին որքանո՞վ է անվտանգ Հայաստանի օդային տարածքով թռիչքներ իրականացնելը։ Կա՞ արդյոք որեւէ ռիսկ։

- Հայաստանը մշտապես կարեւորում է ավիացիոն-թռիչքային անվտանգությունը եւ վտանգի դեպքում անմիջապես քայլեր է ձեռնարկում, ինչը շարունակական բնույթ ունի: Պատերազմից հետո Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն ռիսկերի գնահատում է իրականացրել, ինչից հետո EASA-Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն իր վստահությունն է հայտնել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ձեռնարկված, պարտավորությունների կատարման եւ անվտանգության ապահովման քայլերի վերաբերյալ: