Թաղումն արած՝ պրծած ա, Կիրանցում ցանկապատ են սարքում

Թաղումն արած՝ պրծած ա, Կիրանցում ցանկապատ են սարքում

«Ոսկեպարում սենց վիճակ ա՝ ցանկապատը քաշած, երկրի սահմանը հստակ, անվտանգությունն ապահովված, ո՛չ կով կանցնի, ո՛չ մարդ կանցնի, գիշերները մարդիկ հանգիստ կքնեն», Նիկոլ Փաշինյանն այս խոսքերով հուսադրում էր Ադրբեջանի հետ սահմանակից Սյունիքի Ներքին Հանդի բնակիչներին, կարծես Տավուշում բոլոր հարցերը լուծել՝ գցել է տեղը, հերթը հասել է Սյունիքին։ 

Իսկ ի՞նչ իրավիճակ է «սահմանազատվող« Կիրանցում, ապահո՞վ է գյուղի ժողովուրդը, վարչապետի խոստումների ո՞ր մասն է կատարվել։ «Հրապարակի»-ի հետ զրույցում Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը ընկճված ու զայրացած պատմում է․ «Սահմանազատում են արել, ինչ են արել՝ չգիտեմ, թաղումն արած՝ պրծած ա, մտածում ենք՝ ոնց ապրենք, ապրելակերպի մասին ենք մտածում»։ Կիրանցում  ցանկապատ են քաշում, ինչի մասին Փաշինյանը խոսել էր Ներքին հանդում։ Հավանաբար՝ որոշեցին ծառ տնկելու փոխարեն ցանկապատ կառուցեն։  

Անվտանգ կլինի՞, հարցրեցինք վարչական ղեկավարին, ասաց՝ սահմանապահից է կախված, ինքը չի հողը պահողը, չգիտի։ Ինչո՞ւ եք ասում՝ թաղումն արեցին, բացատրում է․

«Թաղում չի՞, որ սահմանազատումն արին՝ պրծան»։ Բայց չէ՞ որ վարչապետն ասում է՝ լավ բան է սահմանազատումը, առաջընթաց է, լեգիտիմություն է, ինչո՞ւ եք դժգոհում, հարցից Շահինյանը զայրանում է․ «էս վիճակիս էդ բաները մի ասի։ Սահմանազատումը լավ բան կլիներ, եթե մեր հողատարածքները մեզ մնար»։

Շահինյանն էլ է շիվարել, ասում է՝ ժողովրդի հետ չարչարվում են՝ հասկանան՝ ո՞նց են այսուհետ ապրելու, գոյատեւելու իրենց գյուղում։ «Բավականին լուրջ իրավիճակի առաջ ենք կանգնած»,-նշեց նա։

Հիշեցրի Շահինյանին, որ մայիսի 7-ին խոսելով սահմանազատման գործընթացից ասել էր՝ «Այս պահին ոչ մի սեփականաշնորհած հող էլ չի անցնում ադրբեջանցիներին, մինչև էս պահը ինչ եղել է, ես գոհ եմ։ Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ»։ Նորից զայրացավ, թե ինքը նման բան չի ասել։ «Շահինյանը նման արտահայտություն բա արել ա՞։ Բացեք իմ բոլոր խոսքերը լսեք։ Ես որ ասել եմ՝ շատ շնորհակալ եմ սահմանազատման հանձնաժողովից, նկատի եմ ունեցել, որ մեր Խաչիլար կոչվող հանդամասից իջեցրել են մի քանի մետր։ Բա խի՞ չեք ասում, որ ասել եմ՝ ամենավտանգավորն առջեւում է։ Մեր ամենամեծ խնդիրը 12, 13, 14 կետերում էր, որը դեռ սահմանազատված չէր։ Ամսի 15-ին ստորագրեցին՝ տվեցին»։

Հետաքրքրվեցինք, թե Կիրանցում քանի՞ հոգի է տան փոխհատուցում ստացել, կամ ստանալու, ասաց՝ ինքը չի ստացել, ոչ մեկին չի հարցրել՝ ինչ է անելու․ «Դա ամեն մարդու անձնական գործն ա, ինձ չի էլ հետաքրքրում՝ կստանա, թե ոչ։ Ես հիմա շատ վատ վիճակում եմ»։

Շահինյանը նշեց, որ բացի ցանկապատելուց նաեւ պատ են շարում սահմանի այն հատվածում, որը գյուղի միջով է անցնում։ «Պատ են շարում, որ փակեն։ Մոտավորապես 60 սանտիմետր հաստություն է լինելու, բարձրությունը՝ 3 մետր։ Նոր եմ ծանոթացել պլաններին։ Նոր կամրջով ու գյուղի սահմանային հատվածով է անցնելու պատը, այն հատվածով, որը գյուղի բնակիչներին եւ դպրոցին մոտ է»,-ասաց նա։