Կիրանցի բնակիչները քշել են չափագրում կատարողներին․ Բաղանիսցիները պահանջում են մինչև Իրանի սահման փաթեթային սահմանազատման եղանակ

Կիրանցի բնակիչները քշել են չափագրում կատարողներին․ Բաղանիսցիները պահանջում են մինչև Իրանի սահման փաթեթային սահմանազատման եղանակ

«Մինչև առավոտյան ժամը հինգը ճանապարհը փակել ենք, հետո բացել ենք»,- «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Տավուշի մարզի Բաղանիս գյուղի նախկին վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը։ Նա նշեց, որ ոստիկանների կողմից ուժ չի կիրառվել, վերաբերմունքը բնակիչների հանդեպ հարգալից է եղել։ Հարցին, արդյոք ոստիկանները մարզային ոստիկաններն են եղել, ասաց՝ այո։ 

«Հիմա Կիրանցի հատվածում են հավաքված, սկսել են չափագրողները չափումներ անել՝ գյուղացիները քշել են, չեն թողել շարունակեն»,-ասաց Սահակյանը:

Կիրանց գյուղի հատվածում կիրանցիներն են հավաքվել, իսկ բաղանիսցնիներն իրենց քայլերի մասին կտեղեկացնեն ավելի ուշ՝ ամենայն հավանականությամբ երեկոյան: Բաղանիսցիներին այցելության եկել է միայն մարզպետը. «Ասեց՝ լավ է լինելու, մեր համար՝ բաղանիսցիների համար լավ է լինելու. չգիտեմ, անորոշ վիճակ է»:

Փաշինյանի տեսլականը, այն է, որ հիսուն մետր հեռավորության վրա Արդբեջանի լինելը պետք է լավ լինի հայերի համար՝ Սահակյանն ասաց, իհարկե լավ չի լինելու:

«Այս պայմաններով սահմանազատումը մեզ համար անընդունելի է, ամեն ինչ պիտի լինի փաթեթային ճանապարհով: Մենք առաջարկում ենք Վրաստանի, Ադրբեջանի սահմանակետից, որ մինչև Սյունիք՝ Իրանի սահման քարտեզներով աշխատեն՝ դա կլինի երեք տարի, հինգ տարի, երկու տարի։ Իրենք փաթեթով չեն անում՝ կտոր-կտոր են անում»,-ասաց Բաղանիսի նախկին վարչական ղեկավարը։

Հարցին, իսկ տեղեկացրե՞լ են, թե որ թվականի քարտեզով են աշխատում, ասաց, որ իրենց ասել են 1972 թվականի քարտեզով են անում սահմանազատումը:

«Մեզ համար նշանակություն չունի, թե որ թվականի քարտեզով են անում սահմանազատումը, կարևորը, որ մեր գյուղերը չտուժեն։ Եթե Փաշինյանի առաջարկած լուծումներն ընդունելի լինեին մարդկանց համար՝ չէին հավաքվի»,-եզրափակեց Նարեկ Սահակյանը: