Շուտով Ռազմական ոստիկանությունը պետ կունենա

Շուտով Ռազմական ոստիկանությունը պետ կունենա

Մեր տեղեկություններով, Ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնում շուտով նշանակում է արվելու։ Այդ պաշտոնը թափուր էր Արթուր Բաղդասարյանի պաշտոնազրկումից հետո։ Մոտ օրերս այն կզբաղեցնի ՀԱԿ տարածքային կառույցի նախկին ղեկավար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը, որը տասը տարի շարունակ՝ 1993-ից 2003 թվականներին զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, ապա 2008 թվականին պաշտպանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը եւ ձերբակալվեց, դատապարտվել 2 տարի ազատազրկման, հետո ազատ արձակվել։ 

Նա Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավարի պաշտոնից հրաժարվել է 2012 թվականին՝ ՀԱԿ-ի հետ ունեցած տարաձայնությունների եւ մասնավորապես այն պատճառով, որ ՀԱԿ-ը սկսեց համագործակցել ԲՀԿ-ի հետ։ Թեեւ այն ժամանակ արդեն լուրեր էին շրջանառվում, որ նրան պաշտոն է առաջարկվել՝ ՀԱԿ-ից դուրս գալու դիմաց։ 2012 թվականին նա հայտարարություն տարածեց, որտեղ «շնորհակալություն հայտնեց» ՀԱԿ համակիրներին՝ 4 տարիների համատեղ պայքարի համար և Հայ Ազգային կոնգրեսին մաղթեց «արդյունավետ աշխատանք ՀՀ Ազգային Ժողովում»:

Իսկ 2015 թվականին կրկին վերադարձավ ռազմական ոստիկանություն՝ նշանակվելով Սիսիանի կառուցյի ղեկավար։ 2018-ին նա աջակցել է Հեղափոխությանը, ակտիվ մասնակցել Նիկոլ Փաշինյանի պայքարին։ Նա շատ մտերիմ է եղել գեներալ Մանվելի, եւ այժմ էլ մտերիմ է Սասուն Միքայելյանի հետ։