Դե՜ եկ, Գեղարքունիք ու դիմացիր․․․
Մեղրիում տեղի ունեցած վթարի զոհերի ծննդավայրն եմ նայում ու սարսափում՝ զոհերը բոլորն էլ սահմանամերձ շրջաններից են։ Էլ ավելի եմ զարհուրում, երբ տեղեկանում եմ, որ զոհերից երկու ժամկետային զինծառայողներ Գեղարքունիքի մարզից են։ Ինքս իմ մեջ ժողովրդական խոսքն եմ հիշում՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Բայց սա կարկու՞տ է, բնության արհավի՞րք, թե՞ վատ կառավարման հետևանք, որ անընդհատ նման դեպքեր են տեղի ունենում։
Մեր 15 այրված տղաներին եմ հիշում, ու սարսափում՝ մի՞թե պատահականություններն այդքան հաճախակիացել են։ Ինչևէ, այսօր Գեղարքունիկը, ողջ Հայաստանը կանգնած է կենաց մահու կռվի առաջ ու Գեղարքունիքից՝ երկու զոհ։ Դե՜ եկ, Գեղարքունիք ու դիմացիր․․․ Դե եկ Լոռի ու դիմացիր։ Դե եկ Արարատ ու դիմացիր։ Դե՜ եկ Հայաստան ու դիմացիր։ Դավիթ Հակոբյանի մասին որոշակի տեղեկություն իմացա։ Հինգ երեխա են, երկուսը՝ անչափահաս։ Երեք եղբայր ու մի քույր ուներ։ Բազմանդամ ընտանիք, հայրը տեսողական լուրջ խնդիրներ ունի, չի աշխատում։ Խոհարարարական բաժինն է ավարտել, որ իր բազմանդամ ընտանիքի համար լավ ճաշեր եփի։ Իսկ Արեգ Քերոբյանը Ռուսաստանից հատուկ եկել էր, որ իր ծառայողական պարտքը կատարի։
Անհնարին է չմտածել՝ զինվորը նվիրված իր պարտքը կատարում է, իսկ պետությունը կատարու՞մ է զինվորի հանդեպ իր պարտքը։ Ողբերգական, անհասկանալի դեպքերի մեջ իր մեղքը չի ընդունում, բայց գոնե պատասխանատվությունն ընդունու՞մ է։
Կարծիքներ