Իմ տուն եկել էր 6 ոստիկան, մի քանի հարյուր ոստիկան այդ պրոցեսին մասնակցել է

Իմ տուն եկել էր 6 ոստիկան, մի քանի հարյուր ոստիկան այդ պրոցեսին մասնակցել է

Մարտի 29-ին Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Ազգային ժողովորդավարական բևեռի անդամների բնակարանաններում և Բևեռի գրասենյակներում: Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ այս խուզարկությամբ իշխանությունները ցանկանում են տապալել բևեռականների մամուլի ասուլիսը, որը տեղի էր ունենալու խուզարկության օրը: 

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը մեզ հետ զրույցում ասում է, որ իր բնակարանը նույնպես խուզարկել են, սակայն չեն գտել ոչ մի անօրինական բան: Պապյանի պնդմամբ` օրվա իշխանությունները երկրի հազար ու մի կարևոր խնդիրները թողած, ահռելի ռեսուրսներ են վատնում ընդդիմադիր ուժերին լռեցնելու, այդպիսով իրենց վախերը հաղթահարելու համար. «Հաշվի առնելով, որ վերջին զինված միջադեպի մասնակցիները ԱԺԲ-ի աջակցիներից էին, հավանաբար, իրավապահները նպատակ ունեին ինչ-որ կերպ տեղի ունեցածը կապել մեզ հետ: Տեղի է ունեցել 40-ից ավելի խուզարկություն, բայց որևէ արտառոց բան չեն գտել... որսորդական հրացաններ, գազի ատրճանակ, կամուֆլյաժով համազգեստ և այլն: Բայց այն, ինչ եղել է, եղել է օրինական: Ինձ մոտից վերցրել են իմ հեռախոսը և օրինական գազի ատրճանակը: Ի դեպ մինչ օրս հեռախոսս չեն վերադարձրել, ընթացքի մասին ոչինչ չեն տեղեկացնում, անգամ որևէ մեկին հարցաքննության չեն հրավիրում ու որևէ բան չեն ասում: Փաստորեն մեր երկրում այս բազում խնդիրները թողած, իրավապահները զբաղված են 40-ից ավելի խուզարկությամբ: Իմ տուն եկել էր 6 ոստիկան, եթե միջին հաշվարկ անենք, ապա մի քանի հարյուր ոստիկան այդ օրը ներգրավված է եղել այդ պրոցեսին:

Հսկայական ռեսուրսներ, փողեր ու ժամանակ են վատնում: Վստահ եմ, նման խուզարկությունների համար արտաժամյա գումար են ստանում: Տեղի ունեցածը քաղաքական պրոցես էր: Չեմ հասկանում, թե արգելված բաներն ինչո՞ւ պետք է մեր տներում կամ գրասենյակներում պահեինք: Սրանք մի նպատակ ունեն` վարկաբեկել ԱԺԲ-ն: Կա մի ցուցանիշ, որ այս իշխանությունն անգամ իր ստվերից վախեցած է: Ամեն մի անհատի գործունեությունից սարսափում են, ամեն ինչի մեջ հեղաշրջման փորձեր են տեսնում, մտածում են միայն իշխանությունը պահելու մասին: Էլ չեմ ասում, որ սրանց համար գոյություն չունի անմեղության կանխավարկած ասվածը, միանգամից ամեն ինչին գնահատական են տալիս, անմիջապես մարդկանց ահաբեկիչ են անվանում, բայց նման հայտարարություններ անելու համար պետք է դատարանը վճռի, չի կարելի այդպես, անգամ տուժող կողմ չի եղել, ի՞նչ ահաբեկչություն», - եզրափակում է Պապյանը: